Քաղաքական

19.03.2017 14:00


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Երևանի վարչական շրջաններում էին (տեսանյութ, լրացված, լուսանկարներ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Երևանի վարչական շրջաններում էին (տեսանյութ, լրացված, լուսանկարներ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպումներ են ունենալու Երևանի Շենգավիթ, Մալաթիա–Սեբաստիա, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքների բնակիչների հետ։

Հիշեցնենք՝ նախօրեին էլ դաշինքի անդամներն այցելել էին Գեղարքունիքի մարզ։

***

Առաջին հանդիպումը կայացավ Շենգավիթ համայնքում։ Ընտրողներին ներկայացվեց դաշինքի նախընտրական ծրագիրը։

Հանդիպման մեկնարկին Արմեն Մարտիրոսյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակը։

***

Շենգավիթից դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, այցելել են Մալաթիա–Սեբաստիա, որտեղի բնակիչներին նույնպես ներկայացվել են դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ։

Ելույթ են ունեցել նաև դաշինքից տարածքային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվածները։

***

Դաշինքի անդամներն Աջափնյակ վարչական շրջանում են։

Արմեն Մարտիրոսյանն աջափնյակցիներին ուղղված խոսքում նշել է՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը ստեղծվել է արմատական փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Դրանցից առաջինը սահմանադրական բարեփոխումներ են. արմատական բարեփոխումներ հնարավոր է սկսել միայն Սահմանադրության փոփոխությունից հետո։

–Մեր հայրենակիցների մի մասն անընդհատ կեղծվող ընտրություններից հետո մտածում էր զենքի միջոցով փոփոխության հասնել,– «Սասնա ծռերի» գործողությունն է հիշեցրել Ա. Մարտիրոսյանը և նրանց Արթուր Սարգսյանի ցուցաբերած օգնությունը, որը բարոյական նշաձող սահմանեց։

Աջափնյակում էլ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են Հաց բերողի հիշատակը։

–Իշխանությունները գնում են երկիրը կործանելու ճանապարհով բառիս բուն իմաստով, որովհետև եթե երկրում չկա քաղաքացի, երկիրը գոյատևել չի կարող,–ընդգծել է Ա. Մարտիրոսյանը,– մեր երիտասարդները գնում են ուրիշ երկրներ են ծաղկեցնում։ Մենք պահպանելու շատ բան ունենք, և «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսը պատահական չէ, որ վերցրել ենք։ Ժառանգությունն այն է, ինչը մեր նախնիները թողել են մեզ, և որը մեր երեխաներին փոխանցելու պարտքն ունենք, համախմբում, որովհետև պիտի մի ամբողջ բռունցք դառնանք, հաղթանակը միայն պատերազմի դաշտում չէ. հաղթանակ է երեխա ունենալն ու մեծացնելը, երեխային ուսման տալը, տան հիմքեր գցելն ու կառուցելը, երբ ոստիկանը քաղաքացու կողքին կանգնած պաշտպանում է նրա արժանապատվությունը, երբ զինվորին հանգիստ ուղարկում ենք բանակ, երբ գիտենք, որ նորմալ սպառազինություն կա, հաղթանակ է, երբ երկրում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ է, երբ փայ չեն մտնում բիզնեսիդ։

Ելույթով է հանդես եկել դաշինքից պատգամավորի վարկանշային թեկնածու Ռշտուն Մարտիրոսյանը.

–«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը մի կարևոր ուղերձ ունի. դա համախմբումն է։ Մեր երկիրը գործող իշխանությունները հասցրել են այնպիսի վիճակի, երբ այլևս ոչ մի կուսակցություն չի կարող փոսից հանել, միակ ելքը ազգովի համախմբվելն է, համազգային համերաշխությունն է, որի կոչն է անում այս դաշինքը։ Ուղղե՛ք ձեր ողնաշարները, հա՛յ ժողովուրդ, դուք արժանի եք արժանապատիվ ապրելու, ոչ թե հանցագործ իշխանության ներքո։

Վարդան Օսկանյանն աջափնյակցիներին ուղղված իր խոսքում նշել է.

Ապրիլի 2-ին դուք հնարավորություն ունեք իշխանափոխություն անել Հայաստանում: Ես ուզում եմ, որ 2 բանի դուք հավատաք: Առաջին, որ ընտրություններով հնարավոր է դա անել, և երկրորդ՝ իշխանափոխության հասնելուց հետո քաղաքական օղակում ճիշտ քաղաքական ուժի հայտնվելու դեպքում հավատացեք, որ հնարավոր է երկրում իրավիճակ փոխել: Այսօրվա իրավիճակի գլխավոր պատճառն իշխանությունների անգործությունն է, տեսլականի պակասը. նրանք ուղղակի հետաքրքրված չեն ժողովրդի իրավիճակով, պատրաստ չեն համապատասխան բարեփոխումներ անել, զարգացնել երկիրը: Մենք մեր տնտեսաքաղաքականության փիլիսոփայությունն ենք փոխելու, մեր մտածողությունն է փոխվելու: Այսօր իշխանությունները ի՞նչ են անում: Դնում են բյուջե՝ հենվելով իրենց ունեցած ռեսուրսների վրա, որը նվազագույնն է, իսկ այդ բյուջեն հետո թելադրում է տնտեսական ծրագիր, սակայն հակառակը պետք է լինի: Մենք պետք է դնենք համարձակ տնտեսական ծրագիր, որը նպատակ կունենա տնտեսական աճ ապահովել մինչև 7,8, 10%, աշխատատեղեր ստեղծել, ժողովրդի կենսամակարդակը բարձրացնել: Միայն այդ ծրագիրը դնելուց հետո պետք է բյուջեն ձևավորել: Սա պետք է համարձակորեն անել, քանի որ երբ արդարությունը, ժողովրդավարությունն արդեն հաստատել ես, դու գիտես, որ արդեն վերաշահել ես ժողովրդի վստահությունը:

Սեյրան Օհանյանը, դիմելով աջափնյակցիներին, ասել է.

–Սահմանադրորեն մեզ վերապահված իրավունքի շրջանակներում մենք դաշինքով որոշել ենք ապրիլի 2-ին հայտ ներկայացնել այս երկիրը փոխելու համար, այս երկիրը առաջ տանելու համար: Մենք որոշել ենք կողքից չնայել այն ամենին, որը կոչվում է ընտրություններ, մենք որոշել ենք լինել ժողովրդի մեջ: Հերոսները պետք է բնութագրվեն այն միջավայրում, որտեղ նրանք հերոսանում են: Հերոսներին չափից ավելի անհատականացնել նշանակում է կողոպտել նրանց հանրային հատկանիշները: Նրանք պետք է բնութագրվեն հենց այն միջավայրում, որտեղ նրանք հերոսություն են կատարել: Հերոսություն է կատարել, ըստ էության, մեր ողջ ժողովուրդը: Մեր նորօրյա պատմության ընթացքում, մեր մտավորականների և կամավորականների համաձուլվածքով, մենք կարողացանք պայքար սկսել, և այդ պայքարը վերածվեց ազգային–ազտագրական շարժման, և նաև արտահայտվեց Արցախյան ազատամարտում տարած հաղթանակով: Մեր դաշինքը խոսք է տալիս, գտնվելով ժողովրդի մեջ, ստանձնելով ժողովրդի հետ միասին իշխանությունը, ընտրություններից հետո մեր պետական համակարգը, օժտելով ժամանակակից չափանիշներով, տալ ժողովրդին այդ իշխանությունը, քանի որ հերոս է այդ ժողովուրդը, և գտնվելով իշխանության ղեկին՝ մենք մեր համար գերագույն հրամանատար ենք ընտրելու հենց մեր ժողովրդին: Իրադրությունը գնահատելով, լսելով յուրաքանչյուր քաղաքացու միտքը՝ եկել ենք այն եզրակացության, որ փոփոխություններն անհրաժեշտություն են այսօր նաև նրա համար, որ մենք համաքայլ պետք է գնանք քաղաքակիրթ աշխարհի հետ: Եթե 25 տարիների ընթացքում մենք էապես չենք փոխել մեր երկիրը, ապա սա խոսում է այն մասին, որ անհրաժեշտ են նոր միտք, նոր գիտելիքներ, նոր ուժ, որը կարող է վստահություն ստանալ ժողովրդից և առաջնորդել մեր ժողովուրդը առաջիկա 5–10 տարիների ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը