Աշխարհ

27.03.2017 14:10


Արքեպիսկոպոս Բեկչյանը պատրաստվում է վերադառնալ Ստամբուլ և ստանձնել պատրիարքի տեղապահի պաշտոնը

Արքեպիսկոպոս Բեկչյանը պատրաստվում է վերադառնալ Ստամբուլ և ստանձնել պատրիարքի տեղապահի պաշտոնը

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը ստամբուլահայ համայնքին հայտնել է, որ շատ շուտով կվերադառնա Թուրքիա և «կավարտի» Պոլսո Հայոց պատրիարքարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ կապված «կիսատ գործերը»: «Ակօսի» փոխանցմամբ՝ այդ մասին նա տեղեկացրել է «Պոլսահայ մամուլի և հանրության ուշադրությանը» վերնագրով նամակում։

Հիշեցնենք՝ փետրվարին մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն, որում հաղթանակ տարավ Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, սակայն Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտեց ընտրություններին, որից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարեց, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

«Ակօս»-ում հրապարակված նամակը Բեկչյանը ստորագրել է որպես «Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ» և հիշեցրել, որ իր բացակայության ընթացքում պատրիարքի տեղապահի լիազորությունները վստահել է Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:

Բեկչյանը նաև շեշտել է, որ միևնույն ժամանակ շարունակում է Գերմանիայի թեմի հոգևոր առաջնորդը լինել։ Նա վստահեցրել է, որ չի լքել համայնքն ու Ստամբուլ վերադառնալուն պես կզբաղեցնի իր օրինական պաշտոնը՝ բնակություն հաստատելով Պոլսո Հայոց պատրիարքարանում:

Այս խորագրի վերջին նյութերը