Կարծիք

08.04.2017 21:54


Որտե՞ղ են մեզ «քցել»

Որտե՞ղ են մեզ «քցել»

Ընտրակեղծքիները և ընտախախտումները անկախ Հայաստանի պատմության անբաժան մասն են եղել, բայց վերջին ընտրախախտումները մի հատուկ «առաքելություն» ունեին և մի քիչ դենն են գնում: Այդ «առաքելությունն» է համոզել հայերին, որ «Օն տռուս, օն ռաբ, օն արմինին»: Հայոց «ծախված» լինելու թեզը շատ անհրաժեշտ է ռեժիմին՝ հանրությունն ավելի կառավարելի դարձնելու առումով, և այս գործին իրեն պետք էր նաև «ընդիմություն», որ կհաստատեր իշխանական թեզը հայոց «ընտրության» և «ծախվածության» մասին: Եվ այդ դերակատարությունը, որ այս անգամ վերցրեցին մեզ հայտնի ուժերը և «Ելք» դաշինքը, բազմաթիվ անգամ արգահատելի և վտանգավոր է այն բանից, ինչ արեց Արթուր Բաղդասարյանը 2008-ին: Երբ հասարակությանը «համոզում ես», որ նա «ծախված» է, ապա այդ հասարակությունն ընդունակ չի լինում ծնել հերոսներ, զինվորներ, մարզիկներ, գիտնականներ, արվեստագետներ, բիզնեսմեններ և, պարզապես, հասարակ ազնիվ մարդիկ: Երբ հասարակության «համոզում ես», որ ինքը «ծախված» է, այդ հասարակության մահը շատ չի ուշանում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առանց ընդիմության խորհրդարան չենք ունեցել, բայց ընդիմության առկայությունը խորհրդարանում հարց չի լուծել: Երբեմն փողոցը լուծել է, երբ բազմամարդ է եղել: Երբեմն այդ փողոցին խառնվել են նաև խորհրդարանի պատգամավորներ, երբեմն, չեն խառնվել, բայց, ի վերջո, իրենք հարց չեն լուծել :Ու ոչ թե այն պատճառով, որ այդ ընդիմադիր պատգամավորները վատն են եղել, այլ որովհետև իշխանության ուզուրպացիայի պայմաններում ընդիմադիր պատգամավորը խորհրդարանում հարց չի կարող լուծել: Կարող է ձև տալ, որ լուծում է, բայց չի կարող լուծել:
Ես այն կարծիքին չեմ, որ ազգս հայոց բաղկացած է բացառապես հրեշտակներից, բայց հիմա հարցերի հարցն է, թե «մեզ որտե՞ղ են քցել»: Թեև ընտրակաշառք բաժանելը արդեն իսկ «քցոցի» է, բայց հավատալ, որ արտագաղթի նման ցուցանիշ, քաղաքական ոչ շատ ակտիվություն ունեցող Հայաստանում 1,5 միլիոն մարդ մասնակցել է ընտրության, նույն է․ թե հավատալ, որ 2X2=5: Վաղ թե ուշ սա էլ կպարզվի, բայց ես չեմ ուզում, որ դա շատ ուշ լինի, մինչև այս «խելոքները» հայերին չեն համոզել, որ մեր հասարակությունը «ծախված» է և արել է իր «ընտրությունը»:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը