Աշխարհ

14.04.2017 11:52


Վրաստանում պահանջում են քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

Վրաստանում պահանջում են քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, նախագահին և Վարչապետին՝ պահանջելով, որ Վրաստանում սկսվի 1915-1923թ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկում: Այս մասին հայտնում են Վրաստանի Հայ Համայնքի մամուլի դիվանից։

Հայտարարության մեջ ասվում է.

«1915-1923թթ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ:

Դեռեւս 1915թ.ի մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի տակ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաեւ 1919թ.ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը հետաքննող դատական ատյան: Դատական ատյանի աշխատանքների արդյունքում 1919թ.ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել եւ մահապատժի դատապարտվել:

Արեւմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920թ.ի Սեւրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղ կոնֆերանսի արդյունքների մի մասը: 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը հիմք դարձավ հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի 1943թ մշակած եւ 1948թ. ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձեւի համար, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու եւ պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ.ին հոկտեմբերին 11-ին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան:

Այսօր 1915-23թթ. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան եւ այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաեւ ԱՄՆ-ի 50 նահանգներից 47-ը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաեւ Եվրոպական Խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը եւ այլն:

Մենք՝ Վրաստանում գործող հայկական պետական եւ հասարակական ներքոստորագրյալ կազմակերպություններս, հանուն արդարության եւ ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը եւ Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը»:

Այս խորագրի վերջին նյութերը