Աշխարհ

18.04.2017 15:15


«Բռնապետին չենք հանձնվի». Թուրքիայի բոլոր շրջաններում բողոքի ցույցերը շարունակվում են

«Բռնապետին չենք հանձնվի». Թուրքիայի բոլոր շրջաններում բողոքի ցույցերը շարունակվում են

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «այո»-ի հաղթանակից հետո երկրի ողջ տարածքում սկսված բողոքի ցույցերը շարունակվում են։

Ինրպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sözcü»–ին հղումով, այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, քաղաքացիների մի հոծ զանգված բողոքում է հանրաքվեի շրջանակներում տեղի ունեցած խախտումների դեմ: Որոշ տեղերում ցույցերը ճնշվել են ոստիկանական ուժերի կողմից, բազմաթիվ ցուցարարներ ձերբակալվել են: Ցույցերին մասնակցել են նաև մեծ թվով ուսանողներ:

Ցուցարարաները, մասնավորապես, դժգոհ են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումից, որով վավեր են ճանաչվել կնիք չպարունակող քվեաթերթիկները:


Անկարայի Դիքմեն, Բաթըքենթ, Քեչիյորեն շրջաններում կազմակերպվել են բազմամարդ ցույցեր ու երթեր: Ցուցարարները վանկարկել են «Բռնապետին չենք հանձնվի», «Ո՛չ, դեռ չի վերջացել, դեռ նոր է սկսվում» և այլ կարգախոսներ:

Ստամբուլի Քադըքյոյ, Բեշիքթաշ, Բաքըրքյոյ շրջաններում ևս հարյուրավոր քաղաքացիների մասնակցության ցույցեր ու երթեր են կազմակերպվել: Ցուցարարները «Քեզ նախագահ չենք դարձնի», «Ո՛չ, մենք հաղթել են», «Ո՛չ մենիշխանությանը» և նմանատիպ այլ բովանդակությամբ կարգախոսներ են վանկարկել, իսկ տների պատշգամբներից նրանց են միացել բնակիչները՝ աջակցելով ցուցարարներին տարբեր ամանեղենով աղմուկ ստեղծելով:


Իզմիրի Բոռնովա շրջանում ևս «ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչները բողոքի ցույցեր են կազմակերպել հանրաքվեում թույլ տրված օրինախախտումների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշման դեմ: Այստեղ քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել ցույցի 10 մասնակցի:

Էսքիշեհիր նահանգում ոստիկանները ձերբակալել են 10 ցուցարարի, որոնց թվում նաև՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության տարածքային ղեկավար Էմինե Քայային: Անթալիայում ոստիկանությունն արցունաքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: 14 քաղաքացի ձերբակալվել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը