Աշխարհ

24.04.2017 12:20


Փայլանը մեջլիսից պահանջում է ուսումնասիրել 1915թ տեղահանության մասին օրենքի հետևանքները

Փայլանը մեջլիսից պահանջում է ուսումնասիրել 1915թ տեղահանության մասին օրենքի հետևանքները

Թուրքիայի մեջլիսի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանն Օսմանյան Կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու դիմում է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը: Այս մասին հայտնում է «Ակօս»–ը։

«Ժամանակավոր տեղահանության օրենքն» ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին «Takvim-i Vekâyi» պաշտոնաթերթում տպագրվելուց հետո:

Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակարշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների մինչև օրս շարունակվող ազդեցությունը:

Փայլանը դիմումի մեջ ընդգծել է, որ «Ժամանակավոր տեղահանության օրենքի» ընդունումից հետո Օսմանյան Կայսրությունում բնակվող հայ բնակչությունը ենթարկվել է տեղահանման, բացի այդ այն հայերի, ասորիների, քաղդեացիների, եզդիների և հույների կոտորածի պատճառ է դարձել:

«Այդ որոշման հետևանքները 102 տարի անց էլ դեռ չեն ուսումնասիրվել։ Այդ որոշման իրականացման մեջ մեծ թվով մարդկային կյանքեր ենք կորցրել, ինչպես նաեւ հայերին պատկանող մասնավոր ու մշակույթային հազարավոր գույք է յուրացվել պետության կամ այլ քաղաքացիների կողմից»,–նշել է Փայլանը։

Հայ պատգամավորն ընդգծել է՝ Թուրքիայի խորհրդարանը պետք է ուսումնասիրություն սկսի՝ համաձայն Սահմանադրության 98-րդ, ներքին կանոնադրության 104-րդ և 105-րդ հոդածների՝ այդ օրենքի հարցում որևէ շահարկում կանխելու, «ճշմարտության» բացահայտմանը նպաստելու, ապագա սերունդների՝ Թուրքիայում ազատության և խաղաղության մեջ համատեղ ապրելու հնարավությունն ապահովելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը