Կարծիք

26.04.2017 16:47


Օլիգարխներն՝ ընդդեմ ժողովրդի, ժողովուրդն՝ ընդդեմ օլիգարխների

Օլիգարխներն՝ ընդդեմ ժողովրդի, ժողովուրդն՝ ընդդեմ օլիգարխների

Անցած շաբաթ մի հաղորդում էի նայում, որտեղ բանախոսը շատ հետաքրքիր միտք արտահայտեց. ասում է, թե ժողովրդին վախեցնում են օլիգարխներով, իսկ օլիգարխներին վախեցնում են ժողովրդով։ Եվ դա իրոք այդպես է, իսկ այդ «վախեցնողը» Սերժ Սարգսյանն է, ով զբաղեցրել է «արբիտրի» տեղը և որոշում է, թե այսօր ում հետ կապված ձայնագրություն հրապարակել, ում հետ՝ ոչ։ Նա որոշում է, թե որ օլիգարխի (կամ ավելի ճիշտ՝ գործարարի, որովհետև «օլիգարխ» տերմինը ներառում է նաև քաղաքական իշխանության առկայությունը, իսկ մեր երկրում այդ իշխանությունը, ցավոք սրտի, ունի ընդամենը մեկ մարդ) բարեգործական ակցիային լրագրողներ ուղարկի, և իրենք ծաղրեն թե՛ գործարարին՝ լավաշ բաժանելու համար, և թե՛ ժողովրդին՝ այդ լավաշը վերցնելու համար։

Այդ մարդուն իր իշխանության շնորհիվ հաջողվել է ստեղծել մի համակարգ, որտեղ ժողովուրդը և գործարարները/օլիգարխները ապրում են միմյանց հանդեպ վստահության մթնոլորտի բացակայության և, ինչու չէ, նաև ատելության մթնոլորտում՝ դիտարկելով միմյանց որպես դասակարգային թշնամիներ։ Եվ ահա, այս «բաժանիր, որ տիրես» մթնոլորտում էլ քաղաքական իշխանություն ունեցող անձը կարողանում է սեփականության վերաբաշխման և այդ վերաբաշխման արդյունքների օրինականացման խնդիր դնել և որոշ դեպքերում նաև հաջողությամբ ի կատար ածել։

Սրանում բայց ոչ միայն այդ մարդն է մեղավոր, այլ նաև գործարար/օլիգարխները, ովքեր ոչ միայն չունեն սոցիալական պատասխանատվության զգացում, այլ նաև տարրական բաների չեն տիրապետում՝ ԶԼՄ-ի և քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի կուլտուրային։ Դրա համար էլ այդ մեկ մարդը, ով ունի քաղաքական իշխանություն, իր ԶԼՄ-ի միջոցով շատ հեշտ կարողանում է մանիպուլյացիայի ենթարկել լրատվական ու հասարակական դաշտը՝ «քսի տալով» այն այս կամ այն գործարարի դեմ։ Եվ եթե մոտակա ժամանակներում քաղաքական դաշտում փոփոխություններ չլինեն, այդ գործարար/օլիգարխները հերթով «փուռն են գնալու»։ Բայց դրա մեղավորը հենց իրենք են լինելու. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը