Աշխարհ

29.04.2017 13:40


Թուրքիան արգելափակել է «Wikipedia»-ն

Թուրքիան արգելափակել է «Wikipedia»-ն

Թուրքիայում առավոտվանից արգելափակվել է աշխարհում ամենահայտնի ինտերնետային ազատ հնարագիտարանի՝ «Wikipedia»-ի մուքը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hurriyet»–ին հղումով։

Նշվում է, որ արգելափակման վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ «E-Devlet» պետական պորտալից հայտնել են, որ այս պահի դրությամբ՝ դատարանի որոշմամբ սահմանված արգելափակում չկա:

Այնուհետև հարցում է արվել Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհրդին (BTK), որտեղից էլ պարզաբանում են տվել, որ հիմք ունենալով իրենց կանոնադրությունը՝ տեխնիկական և իրավական նկատառումներով կիրառել են վարչական միջոցներ:

«Փաստորեն, առանց դատարանի որոշման BTK-ն կիրառում է վարչական միջոցներ»,- եզրակացնում է «Hurriyet»-ը:

Ըստ նույն աղբյուրի՝ հայտնի է դարձել, որ տևական ժամանակ թուրքական կողմը գրագրության մեջ է եղել «Wikipedia»-ի հետ և առարկություններ հայտնել մի շարք հոդվածների բովանդակության վերաբերյալ: Մասնավորապես, դժգոհություն է եղել այն մասով, որ Թուրքիան ներկայացվել է որպես ահաբեկչությանը աջակցող և ահաբեկիչների հետ համագործակցող երկիր: Բայց «Wikipedia»-ն չի հետևել Թուրքիայի նախազգուշացումներին և չի հեռացրել վերոնշյալ բնույթի նյութերը:

Աղբյուրը հիշեցնում է՝ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո «Wikipedia»-ի օգտատերերը նախագահ Էրդողանի անվան տակ փոփոխություն էին կատարել և գրել «բռնապետ»:

Այս խորագրի վերջին նյութերը