Աշխարհ

05.05.2017 16:56


Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է Ս-400-ի դիվիզիոնի համար վճարել 400 մլն ԱՄՆ դոլար. РБК

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է Ս-400-ի դիվիզիոնի համար վճարել 400 մլն ԱՄՆ դոլար. РБК

Ռուսաստանյան РБК լրատվակայքը, փոխանցելով Կրեմլում և ՌԴ պաշտպանության նախարարությունում սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունը, մայիսի 5-ին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Ս-400 ՀՕՊ համակարգեր՝ յուրաքանչյուր դիվիզիոնը 400 մլն ԱՄՆ դոլարով: razm.info-ն գրում է, որ հոդվածում նշվում է, որ իրենց այդ տեղեկությունը տրամադրել է Կրեմլում սեփական աղբյուրը և հաստատել՝ ՊՆ-ում մեկ այլ աղբյուր:

Ըստ նույն աղբյուրների՝ ներկայում քննարկվում է Թուրքիային 4 դիվիզիոն Ս-400 ՀՕՊ համակարգ վաճառելու հարցը: Սակայն Թուրքիան դեռևս համաձայնության չի եկել, քանի որ այդքան միջոց չունի նշված թվով համակարգեր գնելու համար: Իսկ եթե թուրքական կողմը վարկ վերցնի Ռուսաստանից, ապա կհայտնվի հավելյալ կախվածությամ մեջ:

Ս-400 ՀՕՊ համակարգի մեկ դիվիզիոնում կա 8 արձակման կայան: Եթե Թուրքիան գնի նշված քանակով Ս-400, ապա կունենա ընդհանուր 32 արձակման կայան՝ վճարելով 2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ավելի վաղ «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնել էր, որ բանակցությունները ձգձգվում են, քանի որ Թուրքիան պահանջում է տրամադրել նաև Ս-400-ի արտադրական տեխնոլոգիաների մի մասը և համատեղ արտադրություն սկսել: Համատեղ արտադրության շուրջ քննարկումների մասին տեղեկությունները մայիսի 3-ին հաստատել էր նաև Ռոսօբորոնէքսպորտի ներկայացուցիչը: Ավելի վաղ այդ մասին նշել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Թուրքիան մի քանի տարի է, ինչ քննարկում է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու տարբեր հնարավոր տարբերակներ: 2013 թ. հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն: Սակայն հետագայում ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայամանագիրը չեղարկվեց: Հետագայում Թուրքիան հայտարարում էր, որ սեփական համակարգեր կարտադրի, սակայն դա ևս չստացվեց:

2016 թ. դեկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ս-400 համակարգեր ստանալու շուրջ: Սակայն այս դեպքում ևս Թուրքիան բավականին լուրջ խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև, հենց սեփական անվտանգության: Այդ իսկ պատճառով, առայժմ Թուրքիայի՝ Ս-400-ներ գնելու հարցը խնդրահարույց է և հարցականի տակ:

Այս խորագրի վերջին նյութերը