Խմբագրական

09.05.2017 14:30


Ինչպես է հանձնվում Շուշին, և ինչպես այն ազատագրել

Ինչպես է հանձնվում Շուշին, և ինչպես այն ազատագրել

Այսօր Շուշիի ազատագրման 25-ամյակն է:

Խորհրդանշական է, որ այդ բերդաքաղաքի ազատագրման գլխավոր դերակատարներից մեկը՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը (նա հանդիսացել է Շուշիի ազատագրման օպերատիվ պլանում առկա չորս ուղղություններից գլխավորի՝ Հարավային ուղղության հրամանատարը), ազատագրումից տարիներ անց շինծու մեղադրանքով հայտնվեց Շուշիի բերդում, իսկ հիմա էլ «Իգլայի» ոչ պակաս շինծու մեղադրանքով գտնվում է ԱԱԾ մեկուսարանում (Շուշիի ազատագրման հետ կապված միֆական ու իրական փաստերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ):

Սա նշանակում է, որ մենք ռազմի դաշտում հաջողության ենք հասել, բայց տանուլ ենք տալիս թիկունքում: Իսկ դա պարտություն է:

Պատերազմից հետո, ի դեպ, մենք պարբերաբար պարտություններ ենք արձանագրում և հանձնում ոչ միայն Շուշին, այլ նաև Հայաստանն ու ազատագրված տարածքները:

Հայ ժողովուրդը սկսեց պարտվել,

երբ ընտրակեղծիքները դարձան խաղի կանոն,

երբ տնտեսական հարաբերությունները ձևով շուկայական, բայց բովանդակությամբ նեոբոլշևիկյան դարձան,

երբ քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը սկսեց առանձնապես չտարբերվել փողոցում կանգնող մարմնավաճառից,

երբ ընտրակաշառք վերցնելը դարձավ «շնից մազ պոկելու» շուստրի վարքագիծ,

երբ չգիտակցվեց անկախությունն, ու չհասկացվեց ղարաբաղյան պատերազմի իմաստը,

երբ մարտնչող գորշությունը հայտնվեց «վերևում»,

երբ «մուտիլովկաները» դարձան պետական կառավարման հիմնական գործիքները,

երբ մամուլը սեփականաշնորհվեց, «անկախացավ» և վերափոխվեց՝ կատարելով ԿԳԲ-ական դանոսչիկի ու կեղծ մատնագրեր ներկայացնողի դեր,

երբ վեց հազարից ավելի զոհ տված և տարածք ազատագրած ժողովրդի քաղաքական վերնախավը չկարողացավ հաղթողի փիլիսոփայություն ներմուծել և կառչած մնաց պետականազուրկ ազգերին բնորոշ մտածողությունից,

երբ չորս օրում հարյուրից ավելի զոհ տված և 800 հեկտարից ավելի տարածք կորցրած ժողովրդի մի մասն ընդամենը մեկ տարի անց 10.000 դրամով ձայնը տալիս է կորուստների թիվ մեկ պատասխանատուի գլխավորած ուժին,

երբ տարեկան 30 հազարից ավելի մարդ է լքում ՀՀ-ն,

երբ քաղաքական անմեղսունակությունը դառնում է քաղաքականությամբ զբաղվողներից մեծ մասի բնորոշ հատկանիշը,

երբ ...

Մի խոսքով, մենք հանձնում ենք Շուշին ամեն օր, քանզի տապալվում ենք պետականաշինության գործում: Ու ինչքան էլ պետական պաշտոններ զբաղեցնողները արհեստական պաթոսով լեցուն տեքստեր արտասանեն այս տոն օրով ու ինչքան էլ «ռազմահայրենասիրական» կենացներ մատուցեն, միևնույն է, տխուր պատկերը չի փոխվում:

Շուշին, հետևաբար, կրկին պետք է ազատագրել՝ մեր երկրի ներսում իրավիճակ փոխելով:

Արտաքին թշնամին վտանգավոր չէ: Վտանգը ներսում է: Ներսում պետք է հաղթել, որպեսզի հետո բազում զոհերի գնով ստիպված չլինես հետ բերել կորցրածդ:

Շնորհավոր եռատոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը