Լրահոս

15.12.2010 16:18


Ադրբեջանական քարոզչամեքենան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմը արատավորելու արշավ է սկսել

Ադրբեջանական քարոզչամեքենան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմը արատավորելու արշավ է սկսել

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Մոսկվայում սկսվել են «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները: Գործողության կենտրոնում հանգամանքների բերումով միեւնույն հորի մեջ հայտնված հայի եւ ադրբեջանցու փոխհարաբերություններն են: Հերոսների կերպարների միջոցով վեր են հանվելու թշնամական ժողովուրդների խճճված հարաբերությունները: Ֆիլմը նկարահանվում է 21-30 տարեկան մոսկվայաբնակ հայ երիտասարդների ֆինանսական միջոցներով: Ըստ մտահղացման, ֆիլմը ներկայացնելու է այն պատմական իրողությունները, որոնք, ղարաբաղյան խնդրից զատ, խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Կինոնկարի հեղինակներն, ի սկզբանե, հերոսներից որեւէ մեկին արդարացնելու  կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները գնահատելու նպատակ չեն դրել: Ֆիլմի գաղափարը երկու ժողովուրդների միջեւ առկա իրական հարաբերությունները ցույցադրելն ու նուրբ ենթատեքստով պահանջվող փոփոխությունների մասին ակնարկելն է:

Ցավոք, ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ որոշել են այս տեղեկատվությունը հարմարեցնել հարաբերությունները առավել սրելու իրենց ամենօրյա գործելաոճին' կինոնկարին վերագրելով մտացածին քաղաքական նախապատմություններ: Մասնավորապես, 1news.az հայտնի գործակալությունը իրական թունոտ արշավ է սկսել «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ, որում հայն ու ադրբեջանցին հուզող խնդիրների շուրջ բանավիճելով ուղղակի պաշտպանում են սեփական տեսակետը: Կինոնկարի հեղինակների համոզմամբ, երկու հերոսների միջեւ ծավալվող երկխոսությունը մեր օրերում չափազանց պահանջված է, այնինչ' հայ-ադրբեջանական թշնամական փոխհարաբերությունները նկատելի են նույնիսկ երկու երկրների նախագահների շփումներում:

Հեղինակների համոզմամբ' ադրբեջանական անթաքույց հիստերիան պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիլմը նկարահանվում է հայերի կողմից:

Արվեստը չի բուժում, այն պարզապես ի տես է հանում ցավոտ ծալքերն ու իրավիճակը փոխող ելքեր գտնելու լուծումներ առաջարկում:

Թշնամանքը մոռանալ, գուցե, անհնար է, բայց նաեւ ուշ չէ' ամեն բան մաքուր էջից վերսկսելու համար...

«Ընդհատված երգը» հոգեբանական դրամայի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում 2011թ. գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, պրոդյուսերը' Աշոտ Պողոսյանը:

Կինոնկարի կարգախոսն է' «Ցանկացած պատերազմի նպատակը խաղաղությունն է»:

Նկարահանող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը