Լրահոս

15.12.2010 18:02


11 ընկերության համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով

11 ընկերության համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով

ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նիստում այսօր քննարկել է «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Կառավարությունն այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է այն դրույթի պահպանմամբ, համաձայն որի ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում 300 մլն դրամը գերազանցող ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ թույլտվություն են ստացել թվով 11 ընկերություններ' «Նատֆուդ», «Շամբ Բիզնես», «Յուքոմ», «Արաքս Թռչնաֆաբրիկա», «Իստեյտ Մենեջմենտ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի», «Գոլդն Գրեյպ Արմաս», «Բիգա», «Սարանիստ», «Սպայկա», «Կարոլինա», «Ջերմուկ Ինթերնեյշնլ» և մերժվել է մեկը' «Հայր և որդի Երիցյաններ» ընկերության ներդրումային ծրագիրը:

Կառավարության տվյալներով' հավանության արժանացած ծրագրերի ընդհանուր կանխատեսվող ներդրումները կազմում են մոտ 28.8 մլրդ ՀՀ դրամ,  իսկ այս ներդրումների շնորհիվ ծրագրերի ավարտական փուլում կստեղծվեն մոտ 980 նոր աշխատատեղ:

Ներկայումս քննարկման փուլում է «Ապառաժ Մայնինգ» ՍՊ (0.45 մլրդ ՀՀ դրամ ներդրում և 17 նոր աշխատատեղի ստեղծում) և «Նաիրտ Գործարան» ՓԲ (մոտ 55 մլն. ԱՄՆ դոլարի չափով' ստեղծելով մոտ 700 նոր աշխատատեղ) ընկերությունների ներդրումային ծրագրերը:

Այն դիտարկմանը, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն վերոնշյալ ընկերությունների մեծ մասի սեփականատերերը հիմնականում ԱԺ պատգամավորներն են, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել է.

-Ես կարծում եմ, որ այս ընկերությունների սեփականատերերի մասին ձեզ մոտ ոչ ճիշտ կարծիք է, որովհետև մեծ մասի մոտ չկան պատգամավորներ, որոնք ուղղակիորեն սեփականատերեր են այս ընկերություններում: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս ընկերությունները նոր արտադրական ներուժ են դրել և նոր տիպի արդյունք են արտադրում և բոլորն էլ արտահանման ուղղվածություն ունեն կամ բարձրարժեք ծառայությունների մատակարարմանն են ուղղված:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը