Լրահոս

15.12.2010 18:13


Ներսես Երիցյանը դժվարացել է բացատրել

Ներսես Երիցյանը դժվարացել է բացատրել

Դեկտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը քննարկել է կառավարության ներկայացրած «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Նա նշել է, որ սույն օրենքով այլևս պարտադիր չէ չափման միջոց ներկրելու ժամանակ սահմանին սերտիֆիկատ ներկայացնել, այսինքն լրացուցիչ ևս մի փաստաթուղթ հանվում է, այսպիսով պարզեցնելով ընթացակարգը:

-Պարզ լեզվով ասած սահմանի վրա այսօր պահանջվում է սերտիֆիկատ, եթե ասենք հաշվիչ կամ այլ տիպի չափման միջոց է ներկրվում: Այժմ, որպես մաքսազերծման փաստաթուղթ այդ սերտիֆիկատի կարիքն այլևս չի զգացվի և մաքսազերծման փաստաթղթերի քանակը ներմուծման դեպքում մեկով կպակասի,- նշել է Ներսես Երիցյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն ասել է, որ իրեն' տնտեսագիտության մեջ չխորացած պատգամավորին առաջին հայացքից  թվում է, որ մի չափանիշ հանված է, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ առաջ դա կար, այժմ չկա: Նա հարց է ուղղել նախարարին, թե ի՞նչ է փոխվել օրենքում:

Ի պատասխան Ներսես Երիցյանն ասել է, որ դա ավելի շատ տեխնիկական հարց է, քան տնտեսագիտական և ինքը դժվարանում է բացատրել: Այդուհանդերձ նա նշել է, որ հավաստումը, որ սարքը չափում է այնպես, ինչպես գրված է իր ծանուցման մեջ, այդ սարքերը պետք է պարբերաբար և օգտագործումից առաջ ստուգաչափվեն:

-Հիմա այդ տեսակետից սահմանի վրա հսկելը, որևիցէ ավելացված արժեք չի ստեղծում և եղել է ժամանակին, ինչը սխալ որոշում է, ես ինքս եմ այդ սերտիֆիկատները ստորագրում և հավաստիացնում եմ, որ դրանով որևէ բան չեմ կանխարգելում: Ընդհանրապես պետք է ձգտենք չափումները միասնական դարձնելուն: Սակայն պահպանվում է հսկողությունը չափման միավորի նկատմամբ, որովհետև այն չի կարող օգտագործվել, մինչև չճգրտվի դրա ստանդարտներին համապատասխանումը,- ասել է նախարարը:

Այդուհանդերձ, Էռնեստ  Սողոմոնյանի համար անհասկանալի է մնացել, թե խախտումներից խուսափելու համար ո՞վ է ստորագրելու:

Ներսես Երիցյանը պատասխանել է, որ սերտիֆիկատը չի լինելու.

-Հետո դա էլ պետք է բարեփոխվի, որ պրոֆեսիոնալ կառույց ստորագրի, ոչ թե նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը