Մեկնաբանություն

26.05.2017 11:20


Ինչու են ընտրակաշառք վերցնում, և ինչ է դա նշանակում

Ինչու են ընտրակաշառք վերցնում, և ինչ է դա նշանակում

ԱԺ վերջին ընտրություններից հետո ընտրակաշառքի թեման ամենաքննարկվողներից է:

Ընտրակաշառք նախորդ ընտրությունների ժամանակ էլ եղել էր, բայց ապրիլի 2-ին ռեկորդ սահմանվեց:

«Ռեյտինգային» կոչված թեկնածուները, «վերևից» ստացած «դաբրոյի» ու հրահանգի շրջանակներում, գնեցին քվեն: Քաղաքացիների մի մասը բաց եղանակով աճուրդի մասնակցեց ու 10.000 դրամի հետ փոխանակեց իր ընտրական իրավունքը:

Հարց է առաջանում, թե ինչպես կարող էր մեր քաղաքացիների մի հսկայական հատված փող վերցնել ու քվեարկել: Եվ ընդհանրապես, ընտրակաշառքը ինչո՞ւ է դարձել մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մաս և սպառնում վերածվել դոմինանտայինի:

Ընտրակաշառքի հարցն ունի իրավական, բարոյական, հոգեբանական (ստոկհոլմյան սինդրոմ) ու քաղաքական կողմ: Մեզ ավելի շատ հարցի քաղաքական կողմն է հետաքրքրում:

Եթե քաղաքացին իր քվեն փոխանակում է փողի հետ, ապա դա նշանակում է, որ նա ոչ այնքան իշխանությունից կամ, առավել ևս, ընդդիմադիր հատվածից է հիասթափված, և առաջնորդվում է «Սրանցից ինչ էլ պոկենք՝ էլի քյար է» կարգախասով, այլ ավելի շատ հիասթափված է պետությունից:

Միայն պետությունն իրենից օտարած, կամ ավելի ճիշտ՝ պետության կողմից օտարված քաղաքացին կարող է հանգիստ վաճառել իր ձայնը 10.000 դրամով, քանզի ինքն իրեն պետության տեր չի զգում: Միայն պետության ապագան ու այդ պետության մեջ իր ապագան չտեսնող մարդը կարող է ձայն վաճառել: Որքան շատ են ընտրակաշառք վերցնողները, այնքան ոչ լեգիտիմ է դառնում պետությունը:

Ձայն վաճառող քաղաքացու համար լեգիտիմ չէ ոչ միայն իշխանությունը կամ ամբողջ քաղաքական դաշտը, այլ Հայաստանի Հանրապետությունը: Իսկ դա սարսափելի բան է:

Անկախությունից հետո պետականաշինության ոլորտում այնպիսի ձախողումներ ունեցանք, որ քաղաքացին սկսեց ատել անկախությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար: Ընտրակաշառք վերցնելը հակաանկախականության դրսևորումներից է:

Կա նաև ընտրակաշառք երևույթի մեկ այլ կողմ: Հայաստանում առկա սեփականության լեգիտիմության խոր ճգնաժամն է դրա խորքային պատճառներից մեկը: Թերևս՝ ամենախորքայինը:

Սեփականության լեգիտիմության ճգնաժամը հանգեցրել է խոշոր սեփականատերերի և նրանց հետ ասոցացվող իշխանությունների լեգիտիմության ճգնաժամի, ինչն էլ իր հերթին բերել է պետության լեգիտիմության ճգնաժամի:

Երբ ԽՍՀՄ-ում արժեզրկվեց մարքսիզմ-լենինիզմը, երբ մեռավ բոլշևիկների միջոցով դեպի պայծառ ապագա գնալու գաղափարը, երբ Կոմկուսը վերածվեց արտոնություններ բաժանող փտած կառույցի, երբ «պարտիական» լինելն ընդամենը պետությունը թալանելու հնարավորություն դարձավ, այդ պահից սկսած էլ պետությունը քայքայվեց ու վերջում վերացավ աշխարհի քաղաքական քարտեզի վրայից:

ԽՍՀՄ-ը փլուզվեց, քանզի այն ոչ լեգիտիմ էր դարձել իր քաղաքացիների համար: Սուտն ու կեղծիքը ներսից քանդեցին այդ պետությունը:

ԽՍՀՄ փաստացի փլուզումից հետո ձևավորված նորանկախ Հայաստանը սկզբում այլ ճանապարհ էր նախանշել իր համար, բայց քաղաքական ճոճանակը մեզ հետ է շպրտում. մենք քայլում ենք ԽՍՀՄ-ի տրորված ճանապարհով:

Ընտրակաշառք վերցնողների քանակը մեզ պետք է հուշի, թե որքան վտանգավոր է իրավիճակը:

Ամփոփենք՝ ընտրակաշառքն անկախության գաղափարի արժեզրկման ու ՀՀ քաղաքացիների մի մասի համար մեր պետության ոչ լեգիտիմ լինելու մասին է վկայում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը