Աշխարհ

31.05.2017 19:30


ԵԽԽՎ-ն հրապարակել է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը

ԵԽԽՎ-ն հրապարակել է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական զեկույցը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Դիտորդական առաքելության հիման վրա կազմված զեկույցում նշվում է, որ 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում շարունակաբար երկարաձգվող արտակարգ դրությունը սահմանափակել է ժողովրդավարական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ հիմնարար ազատությունները:

«Արտակարգ դրության պայմաններում լրացուցիչ լիազորություններ ստացած նահանգապետերն այդ լիազորություններն օգտագործել են հիմնարար իրավունքներն ու ազատությունները սահմանահակելու համար»,- ասվում է եվրոպական կառույցի զեկույցում:

Անբավարար է համարվել նաև հանրաքվեին առնչվող իրավական դաշտը: Հանրաքվեի անցկացման ձևը ևս չի համապատասխանել եվրոպական չափանիշներին, քանի որ 18– կետանոց փոփոխությունները ներկայացվել են մեկ փաթեթով, և ժողովուրդը հնարավորություն չի ունեցել դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ իր մոտեցումը արտահայտել: Անբավարար է համարվել նաև պետական կառույցների կողմից սահմանադրական փոփոխությունների կետորի վերաբերյալ ընտրողներին տրված տեղեկատվությունը:

Զեկույցում դիտողություններ կան նաև քարոզարշավի պայմանների վերաբերյալ, մասնավորապես, շետվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու բազմաթիվ ՏԻՄ ղեկավարների ակտիվ մասնակցությունը, ինչն արգելված է Թուրքիայի սահմանադրությամբ:

Հիշատակվել է նաև քարոզարշավի լուսաբանման կողմնակալության մասին. պետական TRT հեռուստաալիքը անհամեմատ ավելի շատ ժամանակ է հատկացրել «այո»-ի լուսաբանմանը և բացահայտ «այո»-ի քարոզ կատարել:

Մասնավոր հեռուստաալիքների դեպքում ևս ավելի լավ է լուսաբանվել «այո»-ի քարոզարշավը՝ 76 տոկոս: Տպագիր մամուլն էլ հրապարակումների 77.5 տոկոսն է տրամադրել «այո»-ի քարոզարշավի լուսաբանմանը:

Զեկույցում խիստ քննադատություններ կան նաև Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի վերաբերյալ՝ կապված առանց կնիքի քվեները անվավեր չճանաչելու հետ:

Այս խորագրի վերջին նյութերը