Լրահոս

16.12.2010 16:46


Օտարալեզու դպրոցների վերաբացմանը դեմ շարժման անդամ Գարեգին Ղազարյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել

                                                                                        Հայաստանի Հանրապետության (ՀՀ)

 վճռաբեկ դատարանին

հայցվոր՝ Գարեգին Վլադիմիրի Ղազարյան

անձնագիր՝ AK 0575805, տրված 26.07.2010 թ., 007-ի կողմից

հասցե՝ ք. Երևան- 0014,

Ավետիս Ահարոնյան փողոց, շ. 2/1, բն. 18

Հեռ. հեռ.՝ 093128761, 010283915

պատասխանողներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ),

ք. Երևան - 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

                     ՀՀ կառավարություն,

ք. Երևան - 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական  տուն 1

                  ՀՀ Ազգային ժողով,

                  ք. Երևան - 0095, Մարշալ Բաղրամյան պողոտա 19

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, 2010թ. նոյեմբերի 29-ի որոշում, գործ թիվ ԵԿԴ /2237/02/10, նախագահող դատավոր' Ա. Թումանյան

2010թ. դեկտեմբերի 13 

        (բառափոխելով հոգելուսյալ Իշխան  Մկրտչյանի' խորհրդային

դատարանում հնչեցրած նշանախոսքը)

Որպեսզի իմ լեզուն չմեռնի վաղը, ես պատրաստ եմ կռվելու և մեռնելու այսօր

Վճռաբեկ բողոք

(ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2010թ. նոյեմբերի 29-ի նշյալ որոշման դեմ)

Հարգելի բարձր դատարան:

2010թ. հոկտեմբերի 22-ին հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ վերոբերյալ պատասխանողների' «առաջին ընթերցմամբ ընդունված» համարվող «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը անօրինական լինելու հիմքերով չեղյալ համարելու և հետս կոչելու (հետ վերցնելու), ԿԳՆ «Սովորողների ընդունելության կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու պահանջներով: 2010թ. հոկտեմբերի 27-ին դատարանը որոշում է կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին: Այդ որոշումը բողոքարկել եմ ՀՀ վերաքննիչ դատարան, որը 2010թ. նոյեմբերի 29-ին մերժել է իմ վերաքննիչ բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. հոկտեմբերի 27-ի թիվ ԵԿԴ /2237/02/10 որոշումը թողել «օրինական ուժի մեջ»:

Համոզված եմ, որ իրականում անօրինական ու հակասահմանադրական են ինչպես ընդհանուր իրավասության դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումները' հետևյալ պատճառներով.

1.                      Վերաքննիչ դատարանը «3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնում, երկրոդելով ընդհանուր իրավասության դատարանի սխալը, պնդում է. «Հայցվոր Գարեգին Ղազարյանի պահանջը նյութաիրավական պահանջ չէ և դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա վեճ չէ, իսկ հայցը ներկայացնողը սուբյեկտիվ նյութական իրավունքի ենթադրյալ կրող չէ»: Այնինչ նախորդ' «2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պարբերություններում վերարտադրված փաստարկումներով արդեն իսկ հերքվում է տվյալ պնդումը: Վերջինս վերջնականապես է զրկվում բոլոր ենթադրյալ հիմքերից ՀՀ քաղաքացուս ներքոնշյալ օրինական իրավունքների ճնշման տակ:

Ըստ ՀՀ Սահմանադրության'

    ա) 18-րդ հոդվածի' յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իր իրավունքներն ու ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք.

    բ) 41-րդ հոդվածի' յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք. վիճարկվող օրենքների նախագծերը (այսուհետ' նաև օրինագծեր) սկզբունքորեն արդեն վտանգում և դժվարացնում են տվյալ իրավունքի իրացման կարելիությունը:

Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության 2-րդ հոդվածի' շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու դատարան իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Հիշյալ օրինագծերի ընդունման դեպքում կշոշափվեն նաև իմ, որպես ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հայ անձի, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը, այսինքն' ես ինքս շահագրգիռ անձ եմ, ով իրավունք ունի հայցադիմելու, նաև բողոք բերելու դատարան և գոնե շեմից չմերժվելու' սեփական, առավել ևս' դրանց զուգակցվող պետական իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

2.                      Վերաքննիչ դատարանի նույն որոշման մեջ նշվում է նաև. «....իրավական ակտ է համարվում համապատասխան մարմինների կողմից, իրենց լիազորությունների շրջանակում ընդունած (պետք է լիներ «ընդունված». ուղղումն իմն է' Գ.Ղ.) պաշտոնական գրավոր փաստաթուղթը, որը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ: Մինչդեռ քննարկվող պարագայում Գարեգին Ղազարյանը պահանջ է ներկայացրել օրինագծերը չեղյալ ճանաչելու մասին, որոնք' 1. իրավական ակտ համարվել չեն կարող, 2. չեղյալ կարող են ճանաչվել (իրավական ակտ լինելու դեպքում) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ»:

Նախ' վիճարկվող օրինագծերն իրենք էլ պաշտոնական գրավոր փաստաթղթեր են, որոնք, անկախ դրանց նախաձեռնման և ընթացավորման իրավաչափությունից, հասել են ընդհուպ ՀՀ  ԱԺ-ի կողմից «առաջին ընթերցմամբ ընդունված» համարվելու աստիճանին, ներկայացված են «երկրորդ ընթերցման»' դրանով իսկ ինքնին դառնալով ներունակ (պոտենցիալ) իրավաստեղծ ակտեր. եթե  հակասող ընդունելության մեթոդով էլ ենթադրենք, որ դրանք այդօրինակ իրավաստեղծ ակտեր չեն, ապա ինչու՞ են դեռ ընդգրկված ՀՀ ԱԺ համապատասխան օրակարգում' հիմք ծառայելով «երկրորդ ընթերցման» համար, մանավանդ որ, ինչպես նշել եմ թե՜ հայցադիմումում, թե՜ վերաքննիչ բողոքում' կցելով «Հրապարակ» թերթում իսկ հրապարակված և բազմացված ապացույցը, «առաջին ընթերցմամբ» անգամ օրինական կարգով չեն ընդունվել և, արդեն այդու, ընդհանրապե՜ս ենթակա են չեղարկման... Մյուս կողմից' եթե դատարանը գտել է, որ տվյալ «օրինագծերը իրավական ակտեր չեն», ապա անկապակից է, անհիմն է ու խնդրո առարկա պարագայում էլ կիրառելի չէ իր այն պատճառաբանությունը, որ «իրավական ակտ լինելու դեպքում չեղյալ կարող են ճանաչվել իրավաստեղծ մարմնի կողմից, և ներկայացված պահանջը ենթակա չէ դատարանում քննության»:

Ըստ ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի' Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միմիայն դատարանները: Սրանից էլ հետևում է, որ վեճի վերջնական լուծման իրավունքը պատկանում է դատարանին:

3.                      Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածով' «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները....ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»: Ահավասիկ, դատարանը, մերժելով իմ բողոքը, ինձ հանիրավի զրկել է ՄԻԵԿ-ով նախատեսված և պահանջվող արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունքից:

4.                      Հարկ եմ համարում վկայակոչել ՀՀ  Սահմանադրության ևս երեք հոդվածների բովանդակությունն ու պահանջները:

48-րդ հոդվածով' պետության հիմնական խնդիրներից է անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացմանը, գիտության և մշակույթի զարգացմանը, ազգային արժեքներին, յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը, և նույն պետությունն էլ պարտավոր է ըստ հնարավորին միջոցներ ձեռնարկել խնդրի իրականացման համար:

89-րդ հոդվածով' կառավարությունը, ի շարս այլոց, իրականացնում է պետական քաղաքականություն գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ապահովում է ՀՀ ազգային անվտանգության իրականացումը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման ուղղությամբ:

47-րդ հոդվածով' յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը:

Մինչդեռ պետական իշխանության և կառավարման մարմինները, հանձինս հիշյալ պատասխանողների և դիմումս, հայցադիմումս, բողոքս, ըստ էության, անհետևանք թողած ՀՀ գլխավոր դատախազության, ընդհանուր իրավասության ու վերաքննիչ դատարանների, տվյալ պարագայում ոչ միայն պատշաճ չեն կատարել իրենց սահմանադրական պարտականությունները, այլև ձեռնարկել, ընթացավորել և (կամ) հանդուրժել են հակապետական, հակասահմանադրական քայլեր:

Եվ իրոք, անօրեն ընդունված հիշյալ օրինագծերը բովանդակորեն խախտում են'

ա) Հայաստանի Հանրապետության հիմնադիր և անփոխելի-անփոխարինելի իրավական ակտ հանդիսացող «Հայաստանի անկախության մասին» 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրի մի ամբողջ շարք դրույթներ' 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ պարբերություններով զուգորդված' 2-րդ հոդված, 4-րդ հոդվածի 4-րդ պարբերություն, 6-րդ հոդված («անկախ արտաքին քաղաքականություն վարելու» մասով), 7-րդ հոդված («մտավոր, մշակութային կարողությունների»' ՀՀ «ժողովրդի սեփականություն» լինելու մասով), 10-րդ հոդված, որ կենսակարևորում է «հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում», իմա' մասնավորապես, հայ սովորողների համար, ներառյալ հիմնական, ավագ դպրոցներում և բուհերում, ուսումնական առարկաների դասավանդումը, ուսուցումը' միայն հայերենով, իսկ օտար լեզուների ուսուցումը' միայն հայերենի հիման վրա (ի դեպ' 1600-ամյա մաշտոցյան «ոսկե սկզբունքներով»), այնինչ տվյալ օրինագծերը սպառնում են հնարավոր դարձնել այդ առարկաների ուսուցումն ու կրթական ծրագրերի իրագործումն օտար լեզուներով' հայոց նույնիսկ հանրակրթության ոլորտում.

բ) հիշյալ հռչակագրի սկզբունքներն ու համազգային նպատակներն հիմք ընդունած ՀՀ Սահմանադրության նախաբանը.

գ) ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը, ըստ որի' ՀՀ «պետական լեզուն հայերենն է»' անխտիր բոլոր ասպարեզներում, այդ թվում' կրթության, ուսուցման և դաստիարակության բոլոր աստիճաններում, իր անվերապահ, անսահմանափակելի և անմրցակից իրավունքներով, լիազորություններով, բացառիկ արտոնյալությամբ.

դ) ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգի համապատասխան հիմնադրույթները:

5.                      Ավելին. ինչպես նշել եմ ՀՀ գլխավոր դատախազին ուղղածս 2010թ. հոկտեմբերի 22-ի դիմումում, վերոբասրյալ օրինագծերի պատրաստման, ՀՀ ԱԺ-ի կողմից «առաջին ընթերցմամբ» անօրեն ընդունման և հետագա ընթացավորման փաստերը ծայրեծայր համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ' «Պետական դավաճանությունը» հոդվածով («օտարերկրյա պետություններին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը' ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, արտաքին անվտանգության»), 304-րդ' «Վնասարարությունը» հոդվածով («գործողության կամ անգործության' պետությունը թուլացնելու նպատակով պետական մարմինների, կազմակերպությունների գործունեության քայքայմանն ուղղված լինելը»), 308-րդ' «Պաշտոնական լիազորությունները չարաշահելը» հոդվածով («պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքի' ծառայության շահերին հակառակ օգտագործվելը, ծառայողական պարտականությունների չկատարումը' շահադիտական, անձնական այլ շահագրգռվածություննից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել հասարակության, պետության, անձանց, կազմակերպությունների օրինական շահերին») նկարագրված հատկանիշներին:

Այլ խոսքով' գերխնդիրը նախ գործո՜վ, նաև հարգելի բարձր դատարանիդ օգնությամբ, ամեն ինչ ասել-անելն է, որ «պետական դավաճանության» նախագծերը չդառնան կայացած-անդառնալի դավաճանություն' «բարձրացված օրենքի աստիճանի»... Ի հակառակ դեպս, Աստված մի՜ արասցե, բազմադարյան հայ դպրության անխուսափելի անկմամբ սկզբնավորվելիք անլուր ինքնուրացության և ազգամահացման ընթացքի ամբողջ պատասխանատվությունն ինքնըստինքյան կործանարար ահագնությամբ կծանրանա հայ իսկ պետական իշխանության բոլոր ճյուղերի, այդ թվում' դատականի վրա...

6.                      Պոլիշինելի գաղտնիք է, որ հրապարակված-բազմացված-տարածված հանցավոր մտադրությունը նույնպես հանցագործություն է: Արդի ՀՀ դատաիրավական և քրեակատարողական գործափորձում (պրակտիկա) եղել են և կան նախադեպեր, երբ, զորօրինակ, պետական գործիչների հանդեպ մահափորձերի վերաբերյալ թեկուզ պարզ հրապարակման համար մարդիկ ենթարկվել են քրեական հետապնդման, դատական պատասխանատվության' ընդհուպ ազատազրկվելով... Վերոբասրյալ օրինագծերն իրենց գոյացմամբ ու գոյությամբ արդեն, առավել ևս' օրենքի վերասերվելու և կիրարկվելու իրական հեռանկար-վիթխարավտանգով, անչափազանցորեն, մահափորձ են արար հայոց պետականության նկատմամբ, ՀՀ-ի, ԼՂՀ-ի նկատմամբ, վերջին ու խստագույն հաշվով' աշխարհասփյուռ հայության նկատմամբ...

7.                      ՀՀ  Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության ուժով' ՀՀ վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու օրենքի, այդ թվում' Հիմնական օրենքի նախաբանի և 12-րդ հոդվածի, միատեսակ կիրառությունը. այո՜, նաև հենց այս դեպքում, երբ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի  1) մասում և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում սպրդված «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» հավելուկներն արդեն սոսկ ստեղծում են ոչ միայն ներքին օրինահակասություններ, այլև' արմատական հակասություններ ՀՀ  Սահմանադրության նշյալ հիմնադրույթներին:

8.                      Ըստ ՀՀ  Սահմանադրության 6-րդ հոդվածի' օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին: Մինչդեռ առաջին պատասխանող ԿԳՆ-ի կողմից մշակված, հաստատված, ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված և գործադրվող «Հայաստանի Հանրապետության հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության կարգի» (նախայսու և հետայսու' նաև «Սովորողների ընդունելության կարգ». կցվում է) մի ամբողջ շարք դրույթներ ևս հակասում են թե՜ մեր Սահմանադրության հիշյալ, թե՜ «Լեզվի մասին» օրենքի հիմնադրույթներին:

 Այսպես, սույն կարգի 19-րդ կետով' ուսումնառության ընթացքում առնվազն 6 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով կամ այլ օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սովորած' ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով կամ այլ օտար լեզվով ուսուցման համապատասխան դասարաններում: 5-րդ կետով' ազգային փոքրամասնություն ներկայացնող երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը, երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ դպրոցի (դասարանի) բացակայության դեպքում, կատարվում է երեխաների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) դիմումագրված ցանկությամբ: 6-րդ կետով' օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (իրենց օրինական ներկայացուցիչները): 17-րդ կետով' այլ երկրներից երեխաների ընդունելությունը ՀՀ դպրոցների համապատասխան դասարաններ կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումագրված ցանկությամբ:

Այնինչ, ՀՀ  Սահմանադրությամբ և «Լեզվի մասին» ՀՀ օրենքով, հայազգի երեխաները, անկախ ծնողների քաղաքացիությունից, և, նշյալ բացակայության դեպքում, օտարազգի երեխաները սկզբունքորեն, հայալեզու ուսուցմամբ դպրոցներում սովորելուց զատ, կամայական այլընտրանք չեն կարող ունենալ: Սակայն, տվյալ իրավակտային օրինազանցությունների և բուն կարգի այլ օրինական դրույթների բազմակի-շարունակական խախտումների հետևանքով, անթույլատրելիորեն ուռճացվել ու բազմացվել են օտարալեզու (հիմնականում ռուսերեն) ուսուցմամբ դասարասններն ու անգամ ամբողջ դպրոցները' առավելապես հայազգի սովորողներով ապօրինի համալրումների հաշվին (հրապարակյալ ապացուցողական լրագրահոդվածներից մեկի պատճենները կցել եմ նախորդ դատարաններ ներկայացրածս նյութերին):

9.                      Ինչպես ուրվագծել եմ ՀՀ գլխավոր դատախազին ուղղածս նույն դիմումում, ՀՀ-ում արդեն իսկ գործող օտարալեզու պետական ու մասնավոր ուսումնական հաստատությունների, ներառյալ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական ակադեմիայի, Ֆրանսիական համալսարանի, Գերմանական համալսարանի ստեղծումն ու գործունեությունը, մեր հիմնավոր համոզմամբ, չեն համապատասխանում «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին (10-րդ հոդված), ՀՀ  Սահմանադրությանը (նախաբան, 12-րդ հոդված), «Լեզվի մասին» ՀՀ օրենքին (1-ին հոդվածի 1-ին պարբերություն, 2-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ պարբերություններ, 4-րդ հոդվածի 6-րդ պարբերություն):

Ասել է թե նաև' այս ոլորտում ևս, ի հավելումն այլընդայլո օրինախախտումների, չի ապահովվում օրենքի միատեսակ կիրառությունը...

Հարգելի բարձր դատարան:

Շարադրյալի հիման վրա, ղեկավարվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի, ՀՀ  Սահմանադրության, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի վերոշեշտյալ դրույթներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնի հոդվածների պահանջներով'

խ      ն     դ      ր      ու      մ             ե     մ '

1.                      Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2010թ. նոյեմբերի 29-ի նշված ԵԿԴ /2237/02/10 որոշումը.

2.                      Չեղյալ համարել «առաջին ընթերցմամբ ընդունված» համարվող' «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը' անօրինական լինելու և օրենքի միատեսակ կիրառումը խախտած լինելու հիմքերով.

3.                      Պարտավորեցնել ՀՀ  կրթության և գիտության նախարարությանը, ՀՀ   արդարադատության նախարարությանը ապահովել «Սովորողների ընդունելության կարգի» վերախմբագրումը և կիրարկումը «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի, ՀՀ  Սահմանադրության 12-րդ հոդվածի, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի հիշյալ դրույթների ոգով, ինչպես նաև' իրավասու և պատասխանատու մյուս պետական մարմինների հետ համատեղ, օտարալեզու ուսուցմամբ դասարանների (դպրոցների) գոյության և գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը, ընդհուպ' անօրինական դասարանների (դպրոցների) փակմամբ.

4.                      Իրավասության սահմաններում, դատաիրավական միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում օտարալեզու բարձրագույն, մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնումն ու գործառումը «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի, ՀՀ  Սահմանադրության, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին ենթարկելու, այս ենթաոլորտում ևս օրենքի միատեսակ կիրառումը երաշխավորելու համար:

Կից ներկայացնում եմ նաև'

  • Անձնագրիս համապատասխան էջերի պատճենը.
  • ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2010թ. նոյեմբերի 29-ի խնդրո առարկա որոշման պատճենը.
  • Վճռաբեկ բողոքիս օրինակները որոշում կայացրած դատարանին և պատասխանողներին ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերը:

 

Բողոք բերող'                                                         Գարեգին Ղազարյան

«Մաշտոց» միավորման անդամ»

«Մենք դե՜մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամ

Այս խորագրի վերջին նյութերը