Լրահոս

16.12.2010 16:50


«Արցախի աշնանային գույները» ցուցահանդես Երևանում

«Արցախի աշնանային գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը Երևանում ՀՀ նկարիչների միությունում կբացվի շաբաթ օրը, դեկտեմբերի 18-ին, ժամը 14-ին և կգործի մինչև դեկտեմբերի 30-ը: Ցուցահանդեսը արդյունք է Մարտակերտի և Շահումյանի (Քարվաճառ) վարչական շրջաններում «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Փյունիկ» հիմնադրամի կազմակերպած նկարչական փառատոնի: Այստեղ նկատենք, որ «Արցախի աշնանային գույները» խորագրով ցուցահանդեսը երևանյան ցուցադրությունից առաջ հանգրվանել է Ստեփանակերտում, ներկայացվել արվեստասերների և հանրության դատին:

Ընդհանրապես նկարչական փառատոները շատ կարևոր են արվեստագետների համար: Դրանք հնարավորություն են ստեղծում շփվել բնության, շրջապատող իրականության հետ և այդ բոլորը արվեստի լեզվով տեղափոխել կտավի կամ ստվարաթղթի վրա:

Այս ամենի մասին հիշեցինք, երբ 2009 թվականին նշվում էր մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակը և գիտեինք, որ 58 տարի առաջ Լոռվա Դսեղ գյուղում իր գործընկերների հետ նկարչական փառատոն է կազմակերպել վրձնի մեծ վարպետ Մարտիրոս Սարյանը և Լոռվա ձորում ստեղծել 12 աշխատանք, որոնք արժանացել են ժամանակի ամենամեծ գնահատանքին:

Այս ամենը հաշվի առնելով մտահղացվեց կազմակերպել «Լոռվա ձորում» խորագիրը կրող նկարչական փառատոն մեծ բանաստեղծի ծննդավայրում և շրջակա բնակավայրերում, իսկ այնուհետև ամենայն հայոց բանաստեղծին նվիրված ցուցահանդես Երևանում՝ ՀՀ նկարիչների միությունում:

Հենց այդ ժամանակ էլ որոշվեց ավանդական դարձնել այն և բնականաբար, այս տարի էլ կազմակերպվեց «Լոռ­վա ձորում» խորագիրը կրող փառատոնը, որին հաջորդեց ցուցահանդեսը Երևանում' Հայաստանի նկարիչների միությունում:

Փառատոնի անցկացման օրերին Լոռի' Ախթալա էր եկել «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը: Նա առաջարկեց ընդարձակել փառատոնի սահմանները, որ այն ընդգրկի Հայաստանի բոլոր տարածաշրջանները, նաև Ջավախքը և Արցախը: Կոնկրետ քայլը չուշացավ և արդեն այս տարվա հոկտեմբերին «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Փյունիկ» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց «Արցախի աշնանային գույները» նկարչական փառատոնը Մարտակերտի և Շահումյանի (Քարվաճառի) շրջաններում: Արցախում փառատոնի աջակիցը դարձավ «Բեյզ մետալզ» ընկերությունը:

Ավելի քան մեկ շաբաթ 10 նկարիչներ հյուրընկալվեցին Մարտակերտի գողտրիկ վայրերից մե­կում' Դրմբոնում' Սարսանգի ջրամբարի ափին: Ինչ խոսք, նկարիչներին այստեղ և նաև Քարվաճառում պետք է հետաքրքրեին հրաշալի բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, հոգևոր կենտրոնները (Գանձասար, Դադիվանք), բնակավայրերը: Եվ պատահական չէ, որ ներկայացվող ցուցահանդեսում իշխում են հենց այդ երեք շերտերը: Փառատոնի մասնակից արվեստագետները ասում էին, որ Թարթառի հովտի բնությունը' իր անդնդախոր ձորերով, անկրկնելի ժայռերով' անձեռակերտ գեղեցկությամբ պատրաստի նկարներ են, պարզապես պետք որսալ այն պատկերները, որոնք բնորոշ են և տիպական այս աշխարհի համար:

Երկրորդ շերտը պատմաճարտարապետական հուշարձաններն են, մեր հոգևոր կենտրոնները: Այստեղ ամեն մի նկարիչ փորձել է վրձնել իր Գանձասարը, Դադիվանքը, Ծար գյուղի և Նոր Վերիշենից ոչ հեռու գտնվող եկեղեցին, մյուս հուշարձանները, փորձելով մարմնավորել պատմականը, որը նկարիչները չեն պատկերացրել առանց շռայլ բնության և միջավայրի: Եվ երրորդ շերտը' բնակավայրերը' իրենց նկարագրով, դիմագծով, ներկայով, սպասումներով: Թերևս այս առումով ամենացայտունը Գագիկ Սարգսյանի «Քարվաճառն» է' որպես պատմության ակնթարթի մարմնացում, նաև հավատի և հույսի դուռ:

Ընդհանրապես խորհելու և մտորելու բազմաթիվ առիթներ կտան այս ցուցահանդեսում ներկայացված նկարները, բայց երևի թե ամենացայտունը երկու եռանկարներն են, որոնք հեղինակել են Սրապիոն Դանիելյանը և Գագիկ Ավետիսյանը: Առաջինը կրում է «Թարթառի հովտում», իսկ երկրորդը' «Սարսանգի ափին» վերնագիրը և, բնականաբար, փորձում է իր մեջ ամփոփել հետաքրքիր զուգորդումներ:

«Թարթառի հովտում» եռանկարի կենտրոնում Քարվաճառ քաղաքն է, իսկ ձախ և աջ կողմերում' Դադիվանքը և պատմական Ծար բնակավայրը' ձուլված իր բնաշխարհին:

Երկրորդում՝ «Արցախ աշխարհ» եռանկարում կենտրոնականը Գանձասարն է' որին երկու կողմերից ամբողջացնում են Սարսանգի ջրամբարը և Դրմբոն գյուղը:

Հենց երկու եռանկարների փիլիսոփայության մեջ են տեղավորվում մյուս բոլոր աշխատանքները' ամեն մեկը մի ծվեն' պոկված արցախյան իրականությունից և միաժամանակ այդ իրականությունն ամբողջացնող: Իսկ մնացած մտորումներն էլ թողնենք արվեստասերին, որը կփորձի ներկայացվող աշխատանքների միջոցով նորովի ճանաչել և հասկանալ Արցախ աշխարհը:

ՀՀ նկարիչների միություն

«Լոռվա ձոր» հայրենակցական միություն

 «Փյունիկ» հիմնադրամ

 

Այս խորագրի վերջին նյութերը