Լրահոս

21.01.2010 12:31


Սերժ Սարգսյանը պետական մրցանակներ է հանձնել

Սերժ Սարգսյանը պետական մրցանակներ է հանձնել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության և  հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներին, ում ստեղծագործությունները մրցութային հանձնախմբերը  ճանաչել են որպես լավագույններ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է մրցանակակիրներին' գոհունակություն հայտնելով, որ պետական պարգեւների հանձնումն արդեն ավանդական բնույթ է կրում: «Ինձ համար սա շատ հաճելի պարտականություն է' մեկ անգամ եւս մեր պետության եւ ժողովրդի անունից երախտիքի ու գնահատանքի խոսքեր ասել այն մարդկանց, ովքեր զարգացնում են մեր մշակույթը, ովքեր, գոնե ժամանակակիցներիս կարծիքով, կարողացել են կերտել մնայուն ստեղծագործություններ:

Անշուշտ, ամենից կարեւոր դատավորը ժամանակն է, բայց մենք' ժամանակակիցներս պարտավոր ենք մեր գնահատականը տալ այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր շունչ հաղորդել մեր մշակույթի դարավոր ավանդույթներին: Եթե մենք դա չանենք, նշանակում է' մենք անհաղորդ ենք, ի վիճակի չենք նկատելու լավը: Ես վստահ եմ, որ վերջին տարիներին պետական մրցանակների արժանացած ստեղծագործությունների մեծ մասը, իրոք, բռնելու է ժամանակի քննությունը: Ես դրանում կասկած չունեմ: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հանձնախմբերի նախագահներին եւ անդամներին, որովհետեւ շատ հստակ պատկերացնում եմ, թե դուք ինչպիսի դժվարությունների առջեւ եք կանգնում: Փոքր պետություններում, մեր ավանդույթներն ունեցող եւ մեր ժողովրդի բնավորության գծերն ունեցող պետությունում շատ դժվար է ընտրություն կատարել, եւ ես շատ ուրախ եմ, որ ցուցաբերվում է սկզբունքային մոտեցում: Այս առումով, իհարկե, ոչ միայն ընդունելի, այլեւ խրախուսելի է, որ հանձնախմբի անդամները, նախագահներն առաջարկություններ ունեն կապված հրամանագրի հետ: Մենք հաճույքով կընդունենք այդ առաջարկությունները»,-ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ժամանակն է, որպեսզի ընդլայնվի նաեւ պետական մրցանակների ընդգրկումը եւ սահմանվեն երկու նոր մրցանակներ' ճշգրիտ եւ բնական, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում: Երկրի ղեկավարը հայտնել է, որ նաեւ որոշում է կայացվել մեծացնել մրցանակային ֆոնդը' կրկնապատկելով մրցանակակիրներին տրվող դրամական խրախուսանքի չափը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր հարված հասցրեց Հայաստանին, եւ դրա հետ կապված դժվարությունները դեռեւս ամբողջովին հաղթահարված չեն, սակայն, այդ ամենով հանդերձ,  պետությունը պետք է անգամ նման դժվարին պահին չմոռանա գրականության, մշակույթի, գիտնականի դերակատարության կարեւորությունը եւ դա ցույց տա ոչ միայն խոսքով, այլեւ գործով: 

Այս խորագրի վերջին նյութերը