Աշխարհ

13.07.2017 11:30


«Ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը քննարկման է դրվել Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում

«Ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը քննարկման է դրվել Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում

Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում խոսելն արգելող փոփոխությունների փաթեթը քննարկման է դրվել մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտնել է, որ պատգամավորների համաձայնությամբ պատգամավորների վարքի, նրանց արտաքին տեսքի և նիստերի կանոնակարգերի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթն ուղարկվելու է ենթահաձնաժողովին: Մեջլիսի սահմանադրական ենթահանձնաժողովը մինչև հուլիսի 13-ի երեկո կամփոփի աշխատանքները, իսկ հուլիսի 14-ին առաջարկը կրկին կներկայացվի սահմանադրական հանձնաժողովին:

Ենթահանձնաժողովն ունենալու է ինը անդամ մեջլիսում ներկայացված բոլոր կուսակցություններից՝ մեկական քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից և «Ազգայնական շարժում» կուսակցությունից, երկուսն՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից, և հինգը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:

Փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Լրատվամիջոցը նշում է, որ որպես «վիրավորանք» է ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթներին:

Բացի այդ, ըստ փոփոխությունների, պատգամավորները կուսակցության խմբակցության առաջարկները ներկայացնելիս առավելագույնն ունենալու են հինգ րոպե: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից:

Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոտ 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը