Աշխարհ

03.08.2017 12:54


Գարո Փայլանը դատապարտել է Վանում հայկական գերեզմանատան տարածքում զուգարան կառուցելու փաստը

Գարո Փայլանը դատապարտել է Վանում հայկական գերեզմանատան տարածքում զուգարան կառուցելու փաստը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է տարիներ առաջ ավերված և պղծված հայկական գերեզմանատան տարածքում հասարակական զուգարան կառուցելու՝ Վանի նահանգի Արտամեդի քաղաքապետարանի որոշումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ինտերնետային կայքը:

Հիշեցնելով, որ Արտամեդի շրջանը հայկական և ուրարտական պատմական հուշարձաններ պարունակող վայր է՝ Գարո Փայլանն ասել է. «Նախ պետք է նշել, որ 3 հազար տարվա պատմություն ունեցող ուրարտական քաղաքակրթության հետքերը կրող Դիլքայա բլուրը մի տարածք է, որը որպես առաջին աստիճանի տարածք պատմական և մշակութային տեսանկյունից պետք է լավ պաշտպանված լինի: Միևնույն ժամանակ այս վայրը եղել է Խորգոմ գյուղի տարածքը, որը 100 տարի առաջ շատ խիտ հայկական բնակչություն է ունեցել: Այստեղ կա մենաստան, գերեզմանատուն, ինչը հոգևոր և պատմական տեսանկյունից շատ կարևոր ժառանգություն է»:

Գարո Փայլանը ցավով նշել է, որ եթե հաշվի առնենք թուրքական պետության փոքրամասնությունների պատմամշակութային և հոգևոր արժեքները պղծելու և ոչնչացնելու հետևողական քաղաքականությունը, ապա այս դեպքը նույնպես զարմանալի չէ:

«Եթե հաշվի առնենք թուրքական պետության կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող խտրական քաղաքականությունը, ապա քաղաքային իշխանությունների այս անպատասխանատու քայլը, ցավոք, զարմանալի չէ: Ավելի քան 100 տարի է, ինչ ազգային փոքրամասնություններին պատկանող մշակութային և պատմական կառույցները առգրավվելով՝ կամ օգտագործվել են այլ նպատակներով, կամ ոչնչացվել: Այդ պատճառով Թուրքիայում մի հին եկեղեցի կամ ոչ մուսուլման համայնքներին պատկանող մի հին դպրոց, մշակութային կենտրոն և կինոթատրոն չի մնացել, որն ենթակա լինի օգտագործման… Այս երկրում հարյուր տարի փորձել են ոչնչացնել այս տարածքում բնակված հայ ժողովրդի ժառանգությունը, իսկ հիմա էլ 100 տարի հողի տակ գտնվող հայ ազգի որդիների գերեզմանները հանգիստ չեն թողնում»,- քննադատելով լողափին մոտ գտնվող հայկական գերեզմանատան տարածքում հասարակական զուգարան կառուցելու Արտամեդի քաղաքապետարանի որոշումը՝ հավելել է Փայլանը:

Այս խորագրի վերջին նյութերը