Աշխարհ

04.08.2017 15:40


Գարո Փայլան. «Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել»

Գարո Փայլան. «Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է օրերս իր կուսակցության նախաձեռնած «Խղճի և արդարության կարգ» խորագրով ակցիային: Փայլանը նշել է, որ միջոցառումը յուրատեսակ բողոք է իրենց ֆունկցիաները չկատարող ընդդիմության, մամուլի և դատական համակարգի դեմ:

«Եթե այս երեք կառույցներն էլ չեն գործում, ուրեմն թողնված եք իշխանության ողորմածությանը, իսկ իշխանությունը չափազանց շատ սխալներ ու հանցանքներ է գործում: Մենք ահա սա էինք ուզում ցույց տալ և , ըստ էության, հասանք մեր նպատակին», -ասել է հայ պատգամավորը:

Փայլանը նշել է, որ Դիարբեքիրում կազմակերպված ակցիան անցկացվել է ոստիկանության կողմից շրջապակված և մեկուսացված պայմաններում: «Ցանկանում են, որ բոլորը լռեն ու վախենան, վախ են ուզում տարածել: Եթե նկատել եք, վերջին շրջանում մարդկանց հաճախ են ձերբակալում՝ ուրիշներին դաս տալու համար: Դրա համար յուրաքանչյուրը սկսել է վերահսկել ինքն իրեն», - նշել է պատգամավորը:

Փայլանը անդրադարձել է նաև Թուրքիայի Ազգային մեծ մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ- MHP) կողմից համատեղ մշակված և մեջլիսում պատգամավորների ելույթների համար մի շարք սահմանափակումներ սահմանող ներքին կանոնակարգի փաթեթի հաստատմանը:

«Սա ժամանակի ոգին արտացոլող ներքին կանոնակարգ է: Ինչպես Թուրքիայի փողոցներում մարդիկ չեն կարողանում խոսել, նրանց թույլ չեն տալիս խոսել, նրանց արտահայտությունները սահմանափակվում են, այդպես էլ փորձ է արվում սահմանափակել մեջլիսում պատգամավորների խոսքը: Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել, քրդական հարցը մեծ հաշվով միշտ տաբու է եղել, և պետությունը հիմա կրկին փորձում է վերադառնալ իր գործարանային կարգավորումներին»,-ասել է Փայլանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը