Աշխարհ

10.08.2017 09:01


Դոնալդ Թրամփը պայքար է սկսել թմրանյութերի տարածման դեմ

Դոնալդ Թրամփը պայքար է սկսել թմրանյութերի տարածման դեմ

Նախագահ Դոնալդ Թրամփն օրերս անդրադարձել է ԱՄՆ-ում թմրանյութերի հետ կապված հարցերին:

«Այսօր ԱՄՆ-ում թմրանյութերից մահացությունների աստիճանը շատ բարձր է, իսկ ափիոնատիպ թմրանյութերի պատճառով մահացությունների թիվը քառապատկվել է 1999 թվականից ի վեր: Դա շատ մեծ խնդիր է, որի նմանը չենք հանդիպել նախկինում»,- ասել է նախագահը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Թրամփը մեղադրել է նախկին վարչակազմին՝ նշելով, որ 2011-2016 թվականներին 23 տոկոսով նվազել է դաշնային մարմինների իրավական գործողությունները թմրանյութերի հետ կապված հանցագործությունների առնչությամբ:

«Մենք չափազանց խիստ վերահսկողություն ենք սահմանել հարավային սահմանին, որտեղից այն ներթափանցում է ԱՄՆ: Այս խնդրի շուրջ խոսում ենք նաև Չինաստանի հետ, ուր ևս ներթափանցում են թմրանյութերի տարբեր արհեստական տեսակներ: Մենք այս հարցով խորհրդակցում ու համագործակցում ենք այլ երկրների հետ նաև»,- նշել է Թրամփը:

Այս խնդրի ուսումնասիրման համար ստեղծված հանձնաժողովը վերջերս կոչ է արել նախագահին հայտարարել ազգային արտակարգ դրություն ափիոնատիպ թմրանյութերի հետ կապված: Առողջապահության նախարարի տեղեկությամբ միայն 2015 թվականին 52 հազար ամերիկացիներ մահացել են թմրանյութից, և այդ թիվը գնալով աճում է: Նա ընդգծել է, որ նախարարությունը ձեռնամուխ է եղել թմրանյութերի կախվածությունից բուժումն ապահովելուն, ինչպես նաև նոր ուսումնասիրությունների իրականացմանը:

«Այս խնդրի մասին բարձրաձայնելիս՝ մենք այցելել ենք տարբեր նահանգներ և փորձել հասկանալ իրավիճակը: Զրուցել ենք թմրանյութերի կախվածությունից տառապող կամ բուժված անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է զարգացնել բուժումը»,- նշել է առողջապահության նախարար Թոմ Փրայսը:

Ըստ Փրայսի, Առողջապահության ազգային ինստիտուտն այժմ աշխատում է նոր դեղամիջոցի ստեղծման ուղղությամբ, որը կվերացնի կախվածությունն ու ցավն՝ առանց նոր կախվածություն առաջացնելու:

Այս խորագրի վերջին նյութերը