Աշխարհ

05.09.2017 09:31


Աշխարհըի չի գտնում Հյուսիսային Կորեային պատասխանելու ձևը (տեսանյութ)

Աշխարհըի չի գտնում Հյուսիսային Կորեային պատասխանելու ձևը (տեսանյութ)

Աշխարհն այսօր քննարկում է Հյուսիսային Կորեայի գործողություններին պատասխանելու քայլերը։ Փհենյանն, անտեսելով միջազգային բոլոր նախազգուշացումներն ու ՄԱԿ-ի կողմից հաստատված պատժամիջոցները, շարունակում է փորձարկել ոչ միայն հրթիռներ, այլ նաեւ՝ իրականացնում միջուկային փորձարկումներ։

ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի երկրաբանական ծառայություններն անցած կիրակի օրը Կորեական թերակղզում գրանցեցին 6.3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում, որից քիչ անց Հյուսիային Կորեան հայտարարեց, որ այն իր կողմից միջուկային ռումբի փորձարկման հետեւանք է։ Հյուսիսն այդ օրն իրականացրել էր միջուկային 6-րդ ու ամենախոշոր՝ ջրածնային ռումբի փորձարկումը։ Հարավային Կորեան հայտարարում է, թե ունի տվյալներ, որ հակառակորդ Հյուսիսը նախապատրաստվում է հրթիռային նոր, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումների։

Հյուսիսային Կորեան այսպիսով շարունակում է մեծացնել նախ եւ առաջ հարեւանների նկատմամբ սպառնալիքը, երկիր, որի ղեկավարությունը վերջերս էր սպառնում նաեւ հրթիռային թիրախի տակ առնել ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան տարածք Գուամի կղզին։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախկինում հորդորում էր Չինաստանին, Հյուսիսի նկատմամբ ազդեցության իր լծակները կիրառելով, ճնշումներ բանեցնել Փհենյանի դեմ, այսօր գտնում է, որ Չինաստանն այս հարցում հաջողության չի հասել։ Թրամփն այժմ քննարկում է այն երկրների հետ առեւտուրը կրճատելու հարցը, որոնք բիզնես կապեր ունեն Հյուսիսի հետ։ Այդ երկրների ցանկում է նաեւ Չինաստանը։

Պեկինի համալսարանում գործող Կորեական թերակղզու ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբաններից Դոնգ Գիլ Կիմի կարծիքով, «Հակաօդային պաշտպանության համակարգեր Հարավային Կորեայում տեղակայելով, ԱՄՆ-ը, ըստ Չինաստանի, խախտում է ռազմական հավասարակշռությունը Կորեական թերակղզում։ Դրա արդյունքում Հարավային Կորեան ավելի է կախյալ դառնում ԱՄՆ-ից, ինչի արդյունքում մեծանում է բաժանարար գիծը Հարավային Կորեայի ու Չինաստանի, նաեւ՝ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ։ Հենց սա էլ Հյուսիսային Կորեայի ռազմավարական ձեռքբերումն է»։

Նրա նման շատերն են ասում, թե Հյուսիսն այս արագությամբ միջուկային զենքեր արտադրելու գործին է լծվել, քանի որ համոզված է, որ շրջապատված է թշնամիներով։ Ուրեմն հարկավոր է, ասում են վերլուծաբանները, որ ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան նոր երկխոսության միջոցով վստահեցնեն Հյուսիսին հակառակը ու այսպիսո՛վ մեղմեն իրավիճակը։

Ի դեպ, Հարավային Կորեայում ամերիկյան հակաօդային պաշտպանական համակարգերի առկայությանը դեմ են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը։ Վերջինս դիվանագիտական բողոք է հայտնել Հյուսիսին, իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը՝ հայտարարել, թե «ԱՄՆ-ը չի ցանկանում այս խնդիրը լուծել մի ամբողջ պետություն ոչնչացնելու եղանակով»։

Պետություն, որն անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները ու շարունակում բալիստիկ հրթիռների ու միջուկային ռումբերի փորձարկումները, որոնցից վերջինը կարող էր ունենալ 50-ից 120 կիլոտոն հզորություն։ Իսկ 50 կիլոտոնն արդե՛ն իսկ երեք անգամ հզոր է, քան 1945 թվականին Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբը։

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը