Աշխարհ

11.09.2017 11:46


Հանդիպել են Էրդողանը և Նազարբաևը

Հանդիպել են Էրդողանը և Նազարբաևը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղազախստան, որտեղ հանդիպել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Ղազախստանի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը և Նազարբաևը խոսել են սեպտեմբերի 14-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների, ինչպես նաև թուրք-ղազախական հարաբերությունների մասին:

Էրդողանը մասնավորապես ասել է. «Նախնական աշխատանքներն ավարտված վիճակում են: Այստեղ տեղի կունենա բանակցությունների եզրափակիչ փուլը: Հույս ունեմ, որ բոլոր իրականացված քայլերը այստեղ ավարտին կհասցվեն: Այն ճանապարհ կհարթի, որ Ժնևի բանակցություններն ավելի հեշտանան»:

Էրդողանը, անդրադառնալով թուրք-ղազախական տնտեսական հարաբերություններին, նշել է, որ երկու երկրների միջև այժմ առևտրաշրջանառությունը կազմում է 2 մլրդ դոլար, ինչը ըստ Թուրքիայի նախագահի՝ բավարար չէ: Նա հույս է հայտնել, որ կողմերը այդ թիվը կհասցնեն 5 միլիարդի: Էրդողանը նաև ասել է, որ այդ արդյունքին հասնելու համար, կողմերը ունեն անհրաժեշտ ներուժ: Իր հերթին Նազարբաևը նույնպես կիսել է Էրդողանի այն կարծիքը, որ երկու երկրների առևտրաշրանառության ծավալները պետք է մեծացվեն:

«Նախկին 25-26 տարիների ընթացքում Ղազախստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեին միայն եղբայրական հարաբերություններ: Իսկ այս պահին իրականացվում են շատ գործեր: Առկա են համատեղ նախագծեր: Բացի այդ էլ համագործակցություն կա տարածաշրջանային և մի շարք այլ հարցերի շուրջ»,-ասել է Նազարբաևը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, ինչպես նաև Ղազախստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Նեվզաթ Ույանըքը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը