Աշխարհ

16.09.2017 15:48


Իրանում Կա-226Տ ուղղաթիռները ներկայացվել են հնարավոր պատվիրատուներին

Իրանում Կա-226Տ ուղղաթիռները ներկայացվել են հնարավոր պատվիրատուներին

«Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգը Կա-226Տ բազմանպատակային ուղղաթիռներով հետաքրքրված Իրանի նախարարությունների և գերատեսչությունների համար Իրանում կոնֆերանս է կազմակերպել և ներկայացրել ուղղաթիռները։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Կոնֆերանսի ընթացքում հնարավոր պատվիրատուներին ներկայացրել են ուղղաթիռների տեխնիկակական բնութագրերը, շահագործման առանձնահատկությունները։

Նշենք, որ օգոստոսի սկզբից Իրանում փորձարկվում էր Կա-226Տ բազմանպատակային ուղղաթիռ։ Փորձարկումների արդյունքում հաստատվել է բարձր ջերմային պայմաններում ուղղաթիռները շահագործելու հնարավորությունը։

Ուղղաթիռի փորձարկումները անցկացվում էին Իրանի ուղղաթիռաշինական ընկերության (Iran Helicopter Support & Renewal Company (IHSRC)) աջակցությամբ՝ համաձայն 2017 թ. մայիսին կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների։

Ավելացնենք, որ «Ռուսաստանի ուղղաթիռները» և IHSRC-ն Իրանում կոնֆերանս կանցկացնեն, որտեղ ուղղաթիռների հավանական պատվիրատուները կկարողանան ծանոթանալ փորձարկումների արդյունքներին, ուղղաթիռների առավելություններին։

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և Իրանի ուղղաթիռաշինական ընկերությունը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ Իրանում թեթև դասի ուղղաթիռների հավաքման գործընթացում կողմերի փոխգործակցությունը կազմակերպելու շուրջ։

Ուղղաթիռների թողարկման համար հուշագրով կարգավորվում է մասնավորապես IHSRC ընկերությունը սարքավորումներով ապահովելու, արդիականացնելու և լիազորություններ տրամադրելու հարցը։

Ավելի վաղ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Իրանի արդյունաբերական զարգացման ու վերակառուցման կազմակերպության (Iran’s Industrial Development & Renovation Organization (IDRO) ) հետ՝ Իրանում Կա-226 կամ «Անսատ» թեթև ուղղաթիռների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։

2016-ի օգոստոսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Շարբինինը հայտնել էր, որ Իրանի հետ բանակցում են թեթև ուղղաթիռների մատակարարման հարցի շուրջ։

Միաժամանակ քննարկվել էր նաև ուղղաթիռները Իրանում հավաքելու հարցը։ Նշվում էր, որ Իրանին անհրաժեշտ է մոտ 60 միավոր թեթև դասի ուղղաթիռ, որոնք օգտագործվելու են առողջապահության նախարարության կողմից։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը