Հարցազրույց

27.09.2017 19:13


Էդ․Նալբանդյան․ «Միգուցե միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչպիսի առաջարկներ են գրգռել իրենց հետաքրքրությունը» (տեսանյութ)

Էդ․Նալբանդյան․ «Միգուցե միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչպիսի առաջարկներ են գրգռել իրենց հետաքրքրությունը» (տեսանյութ)

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողների հարցերին Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Հարց. Շնորհակալություն, հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, Նյու Յորքում Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ աջակցում է համանախագահների ինչ-որ հետաքրքիր առաջարկություններին: Կարո՞ղ եք ասել՝ ինչի մասին է խոսքը:

Էդվարդ Նալբանդյան. Արտգործնախարարությունն արդեն հայտարարել էր, որ Նյու Յորքում նախարարները՝ եռանախագահների հետ միասին, խոսել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպման կազմակերպման մասին, ինչպես նաև եռանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ: Համանախագահներին մենք սպասում ենք Հայաստանում հոկտեմբերի առաջին կեսին. իրենք գալու են նախապատրաստելու հենց նախագահների հանդիպումը:

Այլ հարցերի շուրջ, հատկապես, ինչ-որ առաջարկների, չի խոսվել: Միգուցե միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչպիսի առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը:

Հարց. Պարո՛ն Նալբանդյան, կխնդրեի Ձեր մեկնաբանությունը Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեից հետո զարգացումների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Ես կարող եմ ասել, որ մենք հուսով ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները և Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություններ կգտնեն՝ լուծելու առկա հարցերը:

Հարց. Պարո՛ն նախարար, երկու հարց ունեմ Ձեզ: Հայրենիք-Սփյուռք համաժողովի ժամանակ Դուք, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հայտարարեցիք, մեջբերում եմ. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»: Առաջին հարցս, կասե՞ք խնդրեմ՝ ո՞ր տարածքներն են, որոնց վերադարձը, Ձեր կարծիքով, սպառնալիք չի ներկայացնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը:

Եվ Քուրդիստանի վերաբերյալ Հայաստանի Կառավարության դիրքորոշումը՝ հանրաքվեի հետ կապված, ողջունո՞ւմ եք արդյոք: Ի՞նչ կարող եք ասել:

Էդվարդ Նալբանդյան. Երկրորդ հարցին արդեն ես պատասխանել եմ: Ավելացնելու բան չունեմ այս պահին:

Իսկ առաջին հարցի վերաբերյալ, կարծում եմ՝ Դուք պետք է նայեք այն պատասխանը, որ ես տվեցի «Ամերիկայի ձայնին» Նյու-Յորքում առ այն, որ որոշ մեջբերումներ և դրա վրա հիմնված մեկնաբանություններ կոնտեքստից դուրս էին, ինչպես Դուք եք հիմա հանում, որովհետև բերում եք մի փոքր մաս, իսկ մնացածի մասին չեք խոսում:

Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի շուրջ, այլ խոսել եմ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, հենց եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են ներկայացնում: Եվ այդ սկզբունքները, այդ տարրերը մեկը մյուսից տարանջատելն անհնար կդարձնի ընդհանրապես կարգավորումը, ինչը և Ադրբեջանն է փորձում անել: Իսկ հիմա Դուք եք փորձում անել. տարանջատել այդ սկզբունքները կամ այդ տարրերը մեկը մյուսից:

Ես նաև նշեցի այն, որ, ինչպես և Հանրապետության Նախագահն էր նշել իր ելույթի մեջ, կարևորագույնն Արցախի կարգավիճակի և անվտանգության ապահովման հարցերն են: Եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածն ածանցյալ է: Երբ Դուք մեջբերեցիք, չնշեցիք, որ դրանից առաջ ես նշել էի բազմաշերտ անվտանգության երաշխիքների մասին և շատ մանրամասն էի դրանց անդրադարձել: Չգիտեմ՝ ինչու, որոշ մարդկանց անհրաժեշտ է տարանջատել, ինչ-որ մեկ բանի վրա շեշտադրում անել, սենսացիաներ անել: Դրա կարիքը չունենք:

Մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչև հիմա և որի արդյունքում մենք ասում ենք, որ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահողների կողմից արված հայտարարաությունների մեջ պարունակվող առաջարկություններին, որոնք մենք ընդունել ենք որպես բանակցությունների հիմք՝ ճանապարհ դեպի հիմնախնդրի կարգավորում:

Դրանցից Ադրբեջանը մշտապես հրաժարվում է և անգամ չի ցանկանում որևէ հղում կատարել դրանց: Դա տեղի ունեցավ, ինչպես մենք այսօր խոսում էինք այդ մասին, Ռիգայում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը պարզապես, ես չեմ խուսափի այդ բառից, փախուստի դիմեց գագաթաժողովից այն պատճառով, որ ԵՄ բոլոր երկրները, ինչպես նաև Արևելյան գործընկերության մնացած բոլոր անդամ երկրները կողմ էին, որ հղում կատարվի եռանախագահող երկրների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ արված այդ հինգ հայտարարություններին:

Այս խորագրի վերջին նյութերը