Հարցազրույց

07.10.2017 21:10


Ռուսլան Կորյան. «Թիմը մարտական է տրամադրված»

Ռուսլան Կորյան. «Թիմը մարտական է տրամադրված»

Հոկտեմբերի 7-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և հարձակվող Ռուսլան Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Սկզբից լրագրողների հարցերին պատասխանեց Ռուսլան Կորյանը.

- Ռուսլան, ինչպե՞ս անցավ թռիչքը և ինչպե՞ս է թիմը վերականգնվել նախորդ խաղի պարտությունից հետո:

- Շատ լավ: Անձամբ ես ամբողջ ընթացքում քնած էի: Ինչ վերաբերում է վերականգնմանը, ապա կարող եմ ասել, որ ամեն ինչ կերևա վաղը, բայց թիմը մարտական է տրամադրված:

- Ի՞նչ տրամադրություն ունի թիմը Լեհաստանից կրած ջախջախիչ պարտությունից հետո: Հասցրե՞լ եք մոռանալ անհաջողությունը:

- Չեմ կարծում, որ հոգեբանորեն կարելի է այսքան շուտ մոռանալ այդ պարտությունը: Մեզ համար առաջիկա խաղը մեղքերը քավելու հրաշալի հնարավորություն է:

- Հայաստանը ինչ-որ բանով գերազանցո՞ւմ է Ղազախստանին, թե՞ երկու թիմերը հավասար են:

- Ըստ իս` հավասար թիմերի հակամարտություն է, որտեղ վճռական կլինի նվիրումը և հաղթելու ցանկությունը: Խաղերից ելնելով` հնարավոր է, որ Ղազախստանի որոշ ֆուտբոլիստների ինչ-որ տեղ պակասում է վարպետությունը, բայց ցանկության առումով նրանք խնդիրներ չունեն:

- Մխիթարյանի ներկայությունը խաղադաշտում մե՞ծ առավելություն է Հայաստանի ընտրանու համար:

- Միանշանակ, նա մեր առաջատարն է: Միաժամանակ չի կարելի հույսը դնել միայն նրա վրա: Ֆուտբոլը թիմային խաղ է:

- Խաղը կկայանա արհեստական խաղադաշտում: Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ընտրանու խաղի վրա:

- Անձամբ ինձ համար` դա նորություն չէ, քանի որ այն առաջնությունում, որտեղ ես եմ խաղում, մարզադաշտերի կեսն արհեստական խոտածածկով է:

- Ոչ-ոքին ձեռնտո՞ւ հաշիվ է ձեզ համար:

- Ոչ:

- Ի՞նչ կասեք հայ երկրպագուներին, որոնք հիասթափված են Լեհաստանից կրած պարտությունից:

- Լեհերի հետ խաղից հետո ես արդեն ներողություն եմ խնդրել երկրպագուներից: Հիմա ցանկանում եմ, որ նրանք մեզ շարունակեն աջակցել: Դա շատ կարևոր է մեզ համար:

Այս խորագրի վերջին նյութերը