Լրահոս

29.12.2010 13:50


Ամենակարևոր ձեռքբերումն՝ ըստ ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավարի

Գնահատելով 2010թ., ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը «7օր»-ի այն հարցին, թե ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել ՀԱԿ-ը սույն տարվա ընթացքում, պատասխանել է.

-Ամենակարևոր ձեռքբերումը մեր որոշ քաղբանտարկյալ ընկերների ազատարձակումն էր: Սա կատարվեց համաժողովրդական շարժման պայքարի շնորհիվ: Ձեռքբերումներ եղել են նաև կազմակերպչական առումով, մարզերում գրասենյակների կազմակերպման և նրանց գործունեության ակտիվացման առումով:

Հարցին, թե իսկ կոնգրեսի հայտարարած հիմնական նպատակի՝ սահմանադրական կարգի վերականգնման առումո՞վ ինչ հաջողություններ են գրանցել, ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավարը արձագանքել է.

-Մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ խնդրի լուծմանը: Սա բավականին բարդ խնդիր է՝ հաշվի առնելով այն իրողությունը, թե ինչ չարիքի հետ գործ ունենք: 2010թ. կոնգրեսի կողմից կատարվել են հսկայածավալ աշխատանքներ, ինչը մեզ ավելի է մոտեցրել ռեժիմի տապալմանը և սահմանադրական կարգի վերկանգմանը:

«7օր»-ի հակադարձմանը՝ այդ տրամաբանության շրջանակներում Դուք ասում էիք, որ տարվա վերջին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, որոնք, սակայն տեղի չունեցան, Աշոտ Զաքարյանը պատասխանել է.

-Ես դեռ ամառը ասում էի, որ դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան գործընթացներ, որոնք հանգեցնելու են արտահերթ ընտրությունների, և այդ գործընթացները տեղի ունեցան:

Իսկ ի պատասխան հարցի, թե ի՞նչ գործընթացների մասին է խոսքը, ՀԱԿ ներկայացուցիչը ասել է.

-Այդ գործընթացների շրջանականերում մենք հասանք նրան, որ որոշ քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին: Ավելին՝ էն, ինչ այսօր տեղի է ունենում իշխանական ճամբարում՝ պաշտոնազրկումներ, որոշ մարդկանց պատժելու դեպքեր, տեղավորվում է հենց այդ գործընթացների մեջ, ինչը բերելու է արտահերթ նախագահական ընտրությունների:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը