Աշխարհ

04.02.2018 18:17


Ի դեմս Մխիթարյանի` «Արսենալը» չափազանց արժեքավոր խաղացող է ստացել. մամուլի արձագանքը

Ի դեմս Մխիթարյանի` «Արսենալը» չափազանց արժեքավոր խաղացող է ստացել. մամուլի արձագանքը

«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն «Էմիրեյթս» մարզադաշտում իր առաջին հանդիպումն է անցկացրել «զինագործների» կազմում, որը բավականին տպավորիչ է ստացվել:

Լոնդոնյան ակումբը 5:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Մխիթարյանը դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ահա, թե ինչպես են արձագանքել Մխիթարյանի գործողություններին միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները.

«Օբամեյանգն ու Մխիթարյանը` փրկություն: Դինամիկ դուետը կարող է փրկել մրցաշրջանն «Արսենալի» համար»,- գրել է «Goal.com»-ը:

«Ստեղծարարության և երևակայության փայլուն դրսևորում Մխիթարյանի կողմից: Բացառիկ և տաղանդավոր խաղացող, որը գնդակի հետ շփվելու բարձր մակարդակ ունի: «Արսենալը» չափազանց արժեքավոր խաղացողի է ձեռք բերել»,- գրել է «Mirror»-ն ու Մխիթարյանի խաղը գնահատել ամենաբարձր` 9 միավորով` այդ կերպ նրան ճանաչելով «Էվերթոնի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«The Telegraph». Օբամեյանգն ու Մխիթարյանը դարձել են «Էմիրեյթսի» երկրպագուների նոր հերոսները:

«Football.London». «Օբամեյանգը իր գոլի շնորհիվ կարող է հայտնվել վերնագրերում, բայց Մխիթարյանն էր շոուի աստղը, երբ հարցը վերաբերում է նորեկներին: Առաջին սենսացիոն 45 րոպեների ընթացքում նա ամենուր էր: Մխիթարյանը սկիզբ դրեց 3 գոլի և քիչ էր մնում գոլի հեղինակ դառնար` հեռու տարածությունից կատարած հիանալի հարվածով: Փայլուն է»:

Պարբերականը ևս ամենաբարձր` 9 միավորը տվել է Մխիթարյանին:

«Եվ ինչպիսի տնային նորամուտ էր, Մխիթարյան: Ընդունիր մեր խոնարհումը»,- գրել է «Արսենալի» «Թվիթերի» էջը` պատասխանելով Մխիթարյանի գրառմանը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Մխիթարյանը, մեկնաբանելով «Էվերթոնի» հետ տնային խաղը, գրել էր.

«Յուրահատուկ տնային նորամուտ` «Արսենալի» հիանալի երկրպագուների առջև: Ուրախ եմ գոլային փոխանցումների հեթ-տրիկիս համար»,- գրել է Մխիթարյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը