Հարցազրույց

09.02.2010 15:51


Եվա Ռիվաս.

Եվա Ռիվաս.

Հարցազրույց «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան  նախընտրական փուլի մասնակից, երգչուհի Եվա Ռիվասի հետ։

-Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք մասնակցել «Եվրատեսիլ-2010»-ին։

-Իմ պրոդյուսերը՝ «Արմենիա փրոդաքշն» ընկերության հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանն առաջարկեց, և ես հաճույքով համաձայնեցի։ Համաձայնեցի, որովհետև մի քանի տարի մտածում էի Եվրատեսիլին մասնակցելու մասին։ Ինձ համար մեծ պատիվ է գնալ Եվրատեսիլ հենց Հայաստանից։ Դա ինձ համար ամենակարևորն է։

-Ի՞նչ կասեք այն երգի մասին, որը պետք է ներկայացնեք մրցույթին։

-Երգը կոչվում  է «Apricot stone», որը թարգմանաբար նշանակում է «Ծիրանի կորիզ»։ Բառերի հեղինակը Կարեն Կավալերյանն է, ով «Եվրատեսիլում» հնչած 6 երգերի հեղինակ է, այդ թվում՝ այն երկու երգերի, որոնք զբաղեցրել են երկրորդ տեղը: Նա խոսք էր տվել, որ «Եվրատեսիլ»-ի համար այլևս երգ չի գրելու, բայց, չգիտես ինչու, երբ մենք ծանոթացանք (ի դեպ, նա շատ բարի, անկեղծ, հասարակ մարդ է) Մոսկվայի պրոդյուսերական կենտրոնում և շփվեցինք, նա ասաց, որ ինձ համար երգ կգրի։ Նա իմ կատարմամբ մի քանի ժողովրդական երգեր լսեց և ասաց, որ նման տեմբր դեռ չէր լսել, նրան հուզեց տեսահոլովակը, և նա խոստացավ, որ առաջին տեղի համար երգ կգրի, ու գրեց։ Երաժշտության հեղինակը հանճարեղ  կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է։ Ես վերջին կես ամսվա ընթացքում իր գործերից շատ եմ լսել և չեմ տեսնում աշխատանքի սահմանը։ Չկա մի ուղղություն, որով նա չկարողանա աշխատել։ Ինձ դուր եկավ, որ ինչ երգ խնդրեմ, պատրաստ կլինի։ Սա հոգուց եկող արվեստ է։ Ես անմիջապես սիրեցի երգը, երբ դեռ մի քանի նոտա էր գրված, երբ դեռ բառերը չկային։ Ես հենց սկզբից ասացի, որ երգը հիթ կդառնա։ Այդպես էլ եղավ։ Հիմա ես ապրում եմ այդ երգով, և նաև մեր ամբողջ թիմն է այդ երգով ապրում։

-Ի՞նչ կասեք շոուի մասին։

-Շոուի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև գաղտնիք է։ Նախընտրական փուլում մենք  100% չենք ներկայանա, բայց որ կլինի գեղեցիկ և հաճելի, ես խոսք եմ տալիս։ Իսկ եթե գնանք Եվրատեսիլ, այ այդ ժամանակ դուք սուպեր շոու կտեսնեք։

-Դուք գիտե՞ք՝ ում հետ եք մրցելու։

-Բոլորին չէ, բայց հիմնական իմ մրցակիցներին գիտեմ։

-Եվ ինչպե՞ս է տրամադրվածությունը։

-Տրամադրությունը չի փոփոխվում։ Չեմ վախենում։ Ինչպե՞ս կարող եմ վախենալ բեմ դուրս գալուց. այդպիսի էմոցիաներ չկան։ Կարող է ուղղակի ադրենալին լինել։ Ինչո՞ւ եմ հանգիստ։ Որովհետև նրանք ոչ միայն հայ էստրադայի երգիչ-երգչուհիներ են, այլ նաև իմ ընկերները։ Իհարկե Էմմիին, ցավոք սրտի, չեմ կարող իմ ընկերը համարել, որովհետև մենք դեռ ծանոթ չենք, իսկ, օրինակ, Ռազմիկ Ամյանի հետ ծանոթ ենք և լավ ընկերներ ենք։ Մասնագիտական առումով մենք մրցակիցներ ենք, բայց նաև ընկերներ ենք։

-Ո՞վ  է Ձեր հիմնական մրցակիցը։

-Հայաստանի նախընտրական փուլում ես կարծում եմ, որ իմ հիմնական մրցակիցն Էմմին է։ Ես հույս ունեմ, որ արդար մրցակցության պայմաններում  կընտրվի արժանի թեկնածուն։

-Պատրաս՞տ եք ընդունել քվեարկության արդյունքները։

-Իհարկե պատրաստ եմ։ Ես հասկանում եմ, որ իմ շանսերը շատ ավելի քիչ են հաղթելու այստեղ,  քանի որ այս պահին ես չկամ առաջատար հայ երգիչ-երգչուհիների շարքում, որովհետև շատ քիչ ժամանակ է, ինչ Հայաստանում երգում եմ։ Բայց այս ամբողջ ընթացքում ես առավելագույնն եմ ձգտել անել։ Կցանկանայի վայելել հայ հանդիսատեսի վստահությունն ու սերը և ընդունվել նրա կողմից։ Եթե դա ստացվել է, ուրեմն բոլոր հնարավորությունները կան։ Բայց կարող  է այն հանգամանքը դեր խաղալ, որ Էմմին երկար ժամանակ է՝ Հայաստանի երգչուհի է համարվում։ Ես, իհարկե, մի քիչ կտխրեմ, բայց ոչինչ. մյուս տարի կգնամ։

-Դուք գնում եք հաղթելո՞ւ, թե՞ ուղղակի մասնակցելու։

-Հաղթել առաջին տեղի համար։

-Վստա՞հ եք, որ «Apricot stone» երգը կհաղթի։

-Վստահությունն այս դեպքում ողջամիտ չէ։ Բայց հաջողության գլխավոր գրավականը հետևյալն է. ավելի լավ է գնալ հաղթանակի հույսով, քան պարտության վախով։ Ամենամեծ սխալը վախենալն է, որ կպարտվես։ Ամենահաճախը դա է կոտրում մարդու մասնագիտական ապագան։

-Դուք հայ հանդիսատեսին հայտնի եք հատկապես «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգի կատարմամբ։ Հայերենին էլ այդքան լավ չեք տիրապետում. ինչպե՞ս եղավ, որ այդ երգն ընտրեցիք։

-Ես այդ երգը երգում եմ 2005-ից։ Այն սովորել եմ «Հայաստանի տարվա երգ» մրցույթի համար։ Այն ժամանակ 18 տարեկան էի։ Երբ արդեն հարց առաջացավ, թե որ երգը երգեմ եզրափակչի համար, դիմեցի մայրիկիս։ Մայրս զտարյուն հայ է, ծնվել է Հայաստանում, շատ լավ տիրապետում է հայ մշակույթին, և քանի որ ես այն ժամանակ այդքան լավ չգիտեի հայ մշակույթի մասին, հետո արդեն սովորեցի, խնդրեցի մայրիկին, որ նա ինձ համար երգ ընտրի։ Որևէ հնօրյա հայկական երգ։ Մայրս ընտրեց Սայաթ-Նովայի երգը։ Այն շատ սիրելի է ինձ համար, և ես այն բարդ երգ չեմ համարում։

-Քանի՞ տարի է, որ երգում եք պրոֆեսիոնալ բեմում։

-Ես երգում եմ 7 տարեկանից։ Բայց այդ մանկական տարիքը չի կարելի համարել պրոֆեսիոնալ։ Հետո քայլ առ քայլ, կետ առ կետ ես հասա դրան։ 9 տարեկանում արդեն Ռոստով քաղաքի ամենամեծ բեմում էի երգում։ Հետո աստիճանաբար հասա Մոսկվա,  Հայաստան և կարծես թե ուրիշ տեղ ելույթ չեմ ունեցել։ Հայաստանում 2009-ի մարտից եմ երգում։

-Սիրո՞ւմ եք Հայաստանը։

-Իհարկե, բայց ի՞նչ է, հնարավո՞ր է երբևէ կամ ինչ-որ ձևով սերն արտահայտել։ Սերն անհնար է արտահայտել։ Մարդը սեր է զգում իր հայրենիքի հանդեպ, և այդ սերն է, որը ոչ մի դեպքում չես զգում այլ երկրի հանդեպ, եթե այն ամենալավն ու գեղեցիկն է։ Այդ սերը միայն այն երկրի հանդեպ են զգում, որտեղ ապրում են այն մարդիկ, ովքեր հասկանում են քեզ, մարդիկ, որոնց երակներով նույն արյունն է հոսում։ Այդ սերն է թույլ տալիս, որ Ռուսաստանում կամ մի այլ տեղ երբ հայի եմ հանդիպում, ոչ մի անգամ չսխալվեմ, որ նա հայ է։ Ես դա զգում եմ։ Դա իմ մեջ է։ Ինչո՞ւ հենց Հայաստան եկա երգելու, այլ  ոչ թե ուրիշ երկիր։ Ես մասնագիտական գործունեության մեծ հնարավորություն եմ ունեցել։ Առաջարկ է եղել «Pussicat Dolls»-ի պրոդյուսերի կողմից։ Նա շատ է ցանկացել ինձ հետ աշխատել։ Ես նրա մոտ Լոնդոն եմ մեկնել։ Նա  խոստացել է ինձ, որ ես կդառնամ հայտնի, ինչպես  Բրիթնի Սփիրսը, «Pussicat Dolls»-ը,  բայց ինչ-որ բան ինձ կանգնեցրել է, և ես հրաժարվեցի։ Ես չեմ կարող հեռու գնալ։ Անկեղծորեն նույնիսկ Ռուսաստանում երգելն ինձ համար արդեն հաճելի չէ, և ոչ մի ոսկու դիմաց  չեմ համաձայնի այլ տեղ երգել։ Իմ ճակատագիրն է լինել հա՛յ երգչուհի։ Դա իմ սրտին ավելի արագ բաբախել է ստիպում։

-Ինչի՞ ես պատրաստ հանուն հայրենիքի։

-Պատերազմի չեմ գնա։ Ես իմ արվեստով կկռվեմ։

-Դուք հետևո՞ւմ եք քաղաքականությանը։

-Այո՛, հետևում եմ։ Անկախ քեզանից՝ այնպես է ստացվում, որ հետևում ես քաղաքականությանը, որովհետև ապրում ես այստեղ, և պարբերաբար հետևում՝ ինչ է կատարվում։

-Դե եթե հետևում եք, ուրեմն գիտեք, որ այսօր գլխավոր թեման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

-Դա մեր թեման չէ։ Մեր թեման մշակույթն է։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա  գուցե առիթ լինի՝ մենք դրա մասին մեկ այլ անգամ խոսենք,  բայց հիմա առաջնային թեման «Եվրատեսիլն» է։

-Ասում են՝ «Եվրատեսիլն» էլ է քաղաքականություն։

-Հնարավոր է, բայց քաղաքականությունն իմ գործը չէ։ Իմ գործն արվեստն է, և ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ արվեստի շրջանակներում, որ պատվով ներկայացնեմ իմ երկիրը։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը