Մեկնաբանություն

29.03.2018 12:41


Սերժ Սարգսյանն իր պետական տունը սեփականացրեց

Սերժ Սարգսյանն իր պետական տունը սեփականացրեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։

Փաստորեն, վարչապետ դառնալուց առաջ Սերժ Սարգսյանը պետբյուջեի հաշվին վերցնում է այն, ինչ հնարավոր է վերցնել որպես նախկին նախագահ:

Մասնավոր բնակարան նախորդ երկու նախագահներն էլ էին ստացել պաշտոնավարումից հետո, բայց ոչ մեկ չէր փորձել սեփական տուն դարձնել Հրազդանի կիրճում գտնվող կառավարական շենքը:

Սերժ Սարգսյանն այդպիսով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստվում է ցմահ վարչապետության և մեկ օր անգամ չի պատրաստվում չօգտվել պետական միջոցներից:

Դե իսկ ցմահ կառավարելու ընթացքում երևի կհասցնի երևացող ու չերևացող փորձը փոխանցել քաղաքական դաշտի մատաղ սերնդին:

Ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանն իր ձեռքով է «բնակարանամուտ» ապահովում ապագա վարչապետին:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը