Լրահոս

19.02.2010 10:07


Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո Պր. Նախագահ,      

Սպառվել են օրենքի շրջանակներում իմ և իմ ընտանիքի սեփականության իրավունքը պաշտպանելու բոլոր միջոցները, դիմում եմ Ձեզ ակնկալելով արդարություն։

«Գերակա հանրային շահ» ճանաչված տարածքների ցանկում ընդգրկվել է նաև ինձ՝ սեփականության իրավունքով պատկանող՝ Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքը։ Տվյալ տարածքում բացառիկ գերակա շահին ուղղված քաղաքաշինական ծրագրերի ձեռքբերող է ճանաչվել «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունը:

Բանակցային գործընթացի ժամանակ ձեռք բերող ընկերությունը հայցով դիմել է դատարան «հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին»։ 

Այս դատական գործընթացը իրականացավ բազմաթիվ, ակնհայտ անօրինականություններով։ Դատական գործընթացների արդյունքում՝ դատարանը վճռեց բավարարել հայցվորի պահանջը և առանց  համարժեք փոխհատուցման վտարել ինձ և իմ ընտանիքին զբաղեցրած, տարածքից ինչպես նաև դադարեցնել այդ նույն տարածքում իմ գործունեությունը։ 

Հասարակության և Պետության Կարիքների Համար Սեփականության Օտարման Մասին ՀՀ օրենքի համաձայն գերակա հանրային շահի որոշման սկզբունքներից է այն, որ հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից։

Ո՞րն է գերակայությունը։ Զրկել տարիներ շարունակ սեփականության իրավունքով ինձ (իմ և իմ ընտնիքին, ինչպես նաև «Օլիմպ» ԱԿ-ին)  պատկանող գույքից և հանձնել մեկ ուրիշի տնօրինությանը։

Ծնվել եմ Երևան քաղաքում և ողջ կյանքս ապրել, աշխատել եմ իմ Հայրենիքում և երբեք մտքովս անգամ չի անցել լքել այն, սակայն այսօր կանգնած եմ ծայրեհեղ որոշման շեմին՝ պայմանավորված անարդարությունից ծնված հուսահատությամբ։ Ինձ զրկում են այն միակ գույքից, ինչը ձեռք եմ բերել տարիների քրտնաջան աշխատանքով։

Կարծում եմ ՀՀ քաղաքացիների արդարացի պահանջները պետք է լուծվեն ոչ թե եվրոպական դատարանում կամ  միջազգային ատյաններում այլ սեփական երկրում և անընդունելի եմ համարում նման հարցեր բարձրացնել միջազգային ատյաններում։

Այսպիսով Հարգելի Պրն Նախագահ խնդրում եմ հետամուտ եղեք այս  գործընթացի արդար լուծմանը ի նպաստ ՀՀ-ում արդարադատության վերականգնման։

Հովհաննես Ղուկասյան

«Միլանո» Խանութի սեփականատեր

Այս խորագրի վերջին նյութերը