Քաղաքական

24.05.2018 14:32


Տարոն Մարգարյանի քայլով Ալեն Սիմոնյանը զրկվեց ավագանու մանդատից (տեսանյութ)

Տարոն Մարգարյանի քայլով Ալեն Սիմոնյանը զրկվեց ավագանու մանդատից (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«ԿԸՀ-ն նիստ կգումարի և կքննարկի հարցը»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարզաբանում է ներկայացրել «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման առնչությամբ: «2018 թվականի մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N6 արձանագրությամբ Ձեզ տրամադրվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատ, ուստի նշված օրվանից առ այսօր առկա է Ազգային ժողովի պատգամավորի մանդատի անհամատեղելիություն, քանի, որ ԱԺ պատագամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղղված Ձեր դիմումը, հիշատակված օրենքի համաձայն, չի նշանակում հրաժարականը ընդունված և Դուք շարունակում եք զբաղեցնել ԱԺ պատգամավորի պաշտոնը»,-նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկ շաբաթից ավելի միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ անհամատեղելի համարվող երկու պաշտոններ, Ալեն Սիմոնյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել օրենքի ուժով: «Երևանի քաղաքապետի կողմից դրա վերաբերյալ արձանագրություն (24.05.2018թ. N4) կազմելն ու ուղարկելը կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղակի պարտավորություն է, իսկ դրա չիրականացնելը օրենքի խախտում»,-ընդգծել է քաղաքապետը՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մեկ տարվա ընթացքում Երևանի ավագանու աշխատանքներում ունեցած ներդրման համար։

«Դուք մշտապես հետաքրքիր հարցեր եք բարձրացրել մեր քննարկումներում և իհարկե լիահույս եմ, որ ՀՀ Ազգային ժողովում կշարունակեք Ձեր ակտիվ գործունեությունը՝ չմոռանալով, իհարկե, բարձրաձայնել Երևանի հոգսերի և բարեփոխումների մասին: Հուսով եմ, որ Ձեր փոխարեն Երևանի ավագանի մուտք կգործի նույնչափ բանիմաց և սրտացավ քաղաքացի, որն իր ներդրումը կունենա և մասնակիցը կլինի Երևանի զարգացման և շենացման միասնական գործին»,-նշված է հաղորդագրության մեջ:

***

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերի միջոցով Ալեն Սիմոնյանը նշում է, որ Երևանի քաղաքապետն այդ քայլն արել է օրենքի բոլոր հնարավոր և անհնար ծուղակներն ու հնարավորությունները, առկա բացերը օգտագործելով: «Ասեմ, որ այդ քայլը իրավական առումով շատ վիճելի է և մեծ հաշվով անիրավական, որովհետև փաստացի ինձ հնարավորություն չի տրվել, որ կարողանամ ընտրություն կատարել, և ինքը դա արել է ոչ թե ելնելով իրավական հիմքերից, այլ որպեսզի ձերբազատվի ինձանից Երևանի քաղաքապետարանում»,-ասել է Սիմոնյանը:

Նա հավաստիացրել է, որ շարունակելու է զբաղվել Երևանի խնդիրներով, ինչը արել է նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, քանի որ ծնվել, մեծացել և ապրում է Երևանում: «Ցավալի է, որ նման մեթոդներով Տարոն Մարգարյանը և ՀՀԿ-ն դիմադրում են: Չի ստացվելու: Ես ավելի համառ ձևով զբաղվելու եմ Երևանի խնդիրներով, դուք դա շատ շուտով կտեսնեք: Պատրաստվում խնդրել Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը, որպեսզի ինձ հնարավորություն տա մասնակցել ավագանու առաջիկա նիստին, որը կայանալու է մայիսի 30-ին: Ցավոք, չեմ կարողանա որպես ավագանու անդամ մասնակցել, սակայն պատրաստվում եմ այդ նիստին մասնակցել»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

***

ԿԸՀ-ն դադարեցրեց Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:

Այս խորագրի վերջին նյութերը