Քաղաքական

25.05.2018 14:46


Վահրամ Բաղդասարյան. «ԱԱԾ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում» (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյան. «ԱԱԾ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում» (տեսանյութ)

Ըստ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` Ազգային անվտանգության ծառայությունը շտապում է հայտարարություններում։

Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան Բաղդասարյանը խորհուրդ տվեց հետևել «իրադարձությունների զարգացմանը»՝ նշելով՝ կարծում է, որ ԱԱԾ-ի կամ ՊԵԿ-ի ղեկավարների կողմից նոր հայտարարություններ կլինեն։

«Ազատություն». - Տեղյակ եք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արդեն իսկ, ինչպես տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետը կան բերման ենթարկվածներ, մասնավորապես, բացահայտվելու է այն շղթան, թե ինչպես են ինչ-որ անձինք պետության հաշվին ապօրինությունների միջոցով հարստացել և տարբեր քաղաքացիներից անձնագրեր վերցնելու միջոցով բիզնեսներ դրել և հարկերից խուսափել։ Եթե իսկապես նման աղմկահարույց հանցագործություններ էին տեղի ունենում, ինչո՞ւ նախորդ կառավարության, նախորդ իշխանության օրոք այս ամենի մասին բոլոր այդ մարմինները լռում էին։

Բաղդասարյան. - Դուք շտապում եք, առավել ևս ես ցավում եմ, որ Ազգային անվտանգությունը շտապում է հայտարարություններ անելու համար և պետք է ավելի ուշ այդ հայտարարություններ անեն։ Խնդրում եմ իրադարձությունների զարգացմանը հետևեք և կլինեն նոր հայտարարություններ, որովհետև դա հայտարարության հետ կապված իրականության հետ չի համապատասխանում։

«Ազատություն». - Այսինքն՝ այն, ինչ ասում է ԱԱԾ պետը սո՞ւտ է։

Բաղդասարյան. - Ես չեմ մեկնաբանում ԱԱԾ պետի ասածին։ Ո՛չ, բերման ենթարկված մարդիկ կան, այո, բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները և օրենսդրական դաշտի կարգավորումը։ Դրա մասին ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, որովհետև վաղը մյուս օրը ՊԵԿ նախագահը, կամ ԱԱԾ ղեկավարը կանեն հայտարարություններ, ինձ թվում է՝ իմ կարծիքով։

«Մենք պատրաստվում ենք 2022-ի խորհրդարանական ընտրություններին»

«Ազատություն». - Պարոն Բաղդասարյան, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի փաթեթի վրա արդեն աշխատանքային խումբ է աշխատում, որը նաև արտացոլում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականը, թե ինչպիսի փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Ծրագրվում է, որ մինչև հունիսի վերջ արդեն այդ նախագիծը պատրաստ ունենալ։ Խմբակցությունների հետ նույնպես հանդիպումներ են անցկացվում, նաև նպատակ կա հանդիպել Հանրապետականի հետ։ Դուք ունե՞ք Ձեր առաջարկությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, թե կարծում եք, որ արդեն ունենք իդեալական Ընտրական օրենսգիրք որով և կարելի է գնալ արտահերթ ընտրությունների։

Բաղդասարյան. - Մենք մեր բոլոր առաջարկությունները 2017 թվականի ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ներկայացրել ենք և այնտեղ, եթե Դուք հիշում եք, այդ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով, որը նաև միջազգային կառույցների Վենետիկի հանձնաժողովի պահանջներից էր և տարբեր խողովակներով այդ քննարկումները եղել են, դա միջազգային կառույցներ, հասարակական կազմակերպություններ, դեսպանատներ, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր և մենք Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ եկել ենք կոնսենսուսի և ընդունել ենք Ընտրական օրենսգիրքը, որից հետո եղել են ընտրություններ, ընտրություններից հետո միջազգային կառույցների կարծիքները եղել են դրական, դիտողություններ եղել են մասնակիորեն, ինչպես դուք հիշում եք Սահմանադրական դատարանում մենք բողոքներ ընդամենը մեկ դեպք ենք ունեցել երեք կետից բաղկացած, այսինքն՝ դրական արդյունքները բոլորին բավարար էին՝ և՛ քաղաքական ուժերին, և՛ բոլորը երջանիկ էին։ Հիմա մենք բնականաբար առաջարկություններ չունենք և մենք չենք տեսել, թե ինչ նախաձեռնություն է, բայց որևէ քննարկումից մենք չենք հրաժարվում, եթե կլինի այդ նախաձեռնությունը, կյանքի կբերվի և արդեն իսկ կլինի Ազգային ժողովում քննարկման համար, մենք պատրաստ ենք քննարկման։

«Ազատություն». - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր պատկերացմամբ, արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան աշնանը։ Դուք նման հնարավորություն տեսնում եք և պատրաստակամ եք քննարկումներ սկսել նոր իշխանության, նոր կառավարության հետ և աշնան արդեն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Բաղդասարյան. - Այն, ինչը վերաբերվում է Սահմանադրությանը, ես պատկերացումներով առաջ չեմ շարժվում, շարժվում եմ Սահմանադրությամբ և մենք պետք է հղում կատարենք Սահմանադրությանը։ Սահմանադրական ճանապարհով այն ինչ թույլատրելի է մենք կշարժվենք առաջ, իսկ ինչ մնում է քննարկումներին չկա փաստաթուղթ, չկա քննարկում, կլինի փաստաթուղթ՝ կլինի քննարկում։

«Ազատություն». - Դուք իրատեսական չե՞ք համարում, որ աշնանը տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Բաղդասարյան. - Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022 թվականի Ազգային ժողովի ընտրություններին։

Այս խորագրի վերջին նյութերը