Քաղաքական

03.06.2018 09:05


Արցախում բողոքի ակցիան այսօր էլ շարունակվում է

Արցախում բողոքի ակցիան այսօր էլ շարունակվում է

Սիրելի բարեկամներ, ամբողջ օրվա ընթացքում հնարավորություն չեմ ունեցել համացանցում գրառում կատարելու, համառոտ պատմեմ ստեփանակերտյան իրադարձությունների մասին:
Հունիսի 1-ին, ժամը 23.30-ին լուր ստացանք, որ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում հավաքվել են մարդիկ, որոնք բողոքում են ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների կողմից կատարված բռնության դեպքի առթիվ: Tigran Grigoryan-ի և Vladimir Dolukhanyan-ի հետ գնացինք նշված վայրը, որտեղ հավաքվածների մոտ էին նաև ոստիկանության բարձրաստիճան ծառայողներ՝ ոստիկանապետի տեղակալի գլխավորությամբ: Մի փոքր զրույցից հետո ես զանգահարեցի պետնախարար Արայիկ Հարությունյանին, տեղեկացրի նրան դեպքի մասին և խնդրեցի նաև նախագահին հաղորդել, եթե վերջինս տեղյակ չէ: Քիչ անց եկավ Արայիկ Հարությունյանը, այստեղ էր եկել նաև ՊՆ տեղակալ Սամվել Կարապետյանը: Փողոցը փակված էր ավտոմեքենաներով, մայթերին մի քանի տասնյակ մարդ էր հավաքված: Մենք լսեցինք դեպքի մասին, ապա գնացինք հիվանդանոց՝ տեսակցելու ծեծված քաղաքացիական անձանց: Փողոցը փակողները պահանջում էին ձերբակալել մեղավորներին և արագ ընթացք տալ գործին: Որոշվեց, որ հաջորդ օրը նրանք ժամը 11-ին կգան նույն վայրը, իսկ այդ ընթացքում ոստիկանությունն օպերատիվ աշխատանքներ կկատարի:
Հունիսի 2-ի առավոտյան ես գնացի ոստիկանություն, որտեղ հնարավորություն ունեցա դիտել դեպքի որոշ մասերի տեսագրությունը: Կենցաղային հողի վրա առաջացած վեճի սկզբնական մասում տուժել էր նաև հատուկ նշանակության ստորաբաժանման կապիտան: Առաջարկվեց, որպեսզի այս տեսանյութը դիտելու հնարավորություն տրվեր նաև դեպքի առթիվ բողոքողներին: Միաժամանակ հայտարարվեց մոտ 15 հոգու բերման ենթարկելու և ձերբակալման մասին: Պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ գնացինք Ազատամարտիկների փողոց, որտեղ հավաքվում էին մարդիկ, այնտեղ էր նաև ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը: Հավաքվածները տարբեր պատմություններ էին պատմում ուժայինների կողմից տարբեր տարիների ընթացքում կատարված ապօրինությունների մասին: Երեկվա դեպքը մղվում էր 2-րդ պլան: աստիճանաբար ձևակերպվում էին պահանջներ: Դրանցից գլխավորը ուժային կառույցների ղեկավարների հրաժարականն էր: Հավաքվածներն ինձ ընտրեցին «սուրհանդակ», իրենց բառերով ասած, որը պետք է հավաքվածների պահանջները ներկայացներ նախագահին: Ես հանդիպեցի Բակո Սահակյանի հետ և վերադառնալով հավաքվածների մոտ՝ հայտնեցի.

1. Իրավապահ մարմինները պատրրաստ են քննել նախկինում ուժայինների կողմից կատարված ապօրինությունների մասին տեղեկությունները,

2. նախագահը պատրաստ է հայտարարելու, որ նման մթնոլորտ անթույլատրելի է և չի կրկնվելու,

3. նախագահը պատարաստ է հավաքվածների ներկայացուցիչների հետ քննարկել հարցեր, այդ թվում տարբեր հրաժարականների հարցը:

Հավաքվածներն իմ հայտնածից հետո դրեցին հրաժարականների հստակ պահանջներ և հնչեցրեցին հստակ անուններ, որոնցից գլխավորները ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի անուններն էին: Ես այս պահանջները տարա նախագահին, որոշ ժամանակ անց հնարավոր եղավ նաև հավաքվածների 9 ներկայացուցիչների և Բ.Սահակյանի հանդիպումը: Դրան նախորդել էր նախագահի խորհրդակցությունը խմբակցությունների ղեկավարների հետ, իսկ հաջորդել էր անվտանգության խորհրդի անդամների և ԱԺ ներկայացուցիչների հանդիպումը: Դրանից հետո ես և իմ գործընկեր Դավիթ Մելքումյանը երկու անգամ հանդիպեցինք հավաքվածների ներկայացուցիչների և ապա Բ.Սահակյանի հետ՝ փորձելով լուծումներ գտնել:
Կողմերը մնում էին իրենց տեսակետին՝ ուժայինների կողմից տուժածների ներկայացուցիչները պնդում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, Բ.Սահակյանը համաձայն չէր առանց հիմնավոր պատճառի որևէ մեկի հեռացնել և պատրաստակամություն էր հայտնում ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները:
ԱԺ-ում ստեղծվում է քննիչ հանձնաժողով՝ այս գործընթացին օգնելու նպատակով:
Իմ առաջարկներում ես նախագահին առաջարկել եմ որոշ ուժայինների ազատել աշխատանքից, իսկ նախաձեռնության անդամներին խնդրել եմ կրճատել հրաժարականի ենթակա պաշտոնյաների ցուցակը:
Կողմերը դեռևս մնում են իրենց տեսակետ, հունիսի 3-ին, ժամը 10-ին Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվելու է բողոքի ակցիան՝ ուժայինների ղեկավարների հրաժարականի պահանջով: Առավոտյան ես կլինեմ ավտոկայանում և կփորձեմ օգտակար լինել խնդրի հանգուցալուծման գործում:

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ,

ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը