Քաղաքական

01.07.2018 00:11


Մենք ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ. Ժիրայր Սեֆիլյանն՝ ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)

Մենք ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ. Ժիրայր Սեֆիլյանն՝ ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այժմ ստեղծված է աննախադեպ հնարավորություն՝ մեր երկրի ներսում կազմակերպելու արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ և իրենք արդեն պատրաստվում են այդ ընտրություններին:

««Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերն» այսօրվանից իսկ պատրաստվում են սպասելիք ազատ, արդար ընտրություններին»,-ասաց նա և նշեց, որ ձևաչափը առաջիկա օրերին պարզ կլինի:

«Մենք ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ»,-հավելեց Սեֆիլյանը: Ըստ վերջինիս՝ իրենք բանտից էլ աջակցել են շարժմանը, գործող իշխանություններին, շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Խոսելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին՝ նա ասաց, որ ունեն իրենց ներկայացուցիչը քննարկումներին մասնակցելու համար:

«Բայց այսօր մեր անելիքի նախապատվությունը օր առաջ տղաներին ազատության մեջ տեսնելու աշխատանքն է, որին անձամբ ես լծված եմ: Բոլորը պետք է լինեն ազատության մեջ, իսկ ինչ վերաբերում է դատաքննությանը, ինչպես ասել եմ՝ առաջին շահագրգիռ կողմը մենք ենք, որպեսզի լինի անաչառ դատաքննություն, և բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել, իսկ տղաների ազատության մեջ լինելը չի խանգարի երբեք դատաքննությանը: Ես չեմ կարծում, որ մեր ժողովրդից որևէ հատված ցանկություն ունի, որ տղաները շարունակեն փակված մնալ»,-ասաց նա և նշեց, որ նրանք ոչ միայն քաղբանտարկյալ են եղել, այլ նաև ռազմագերի:

Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ ապրիլի 23-ից հետո բանտում գտնվողները հապճեպություն չեն դրսևորել օր առաջ ազատություն գտնելու համար: «Այդ օրերին ես ևս գտնվել եմ բանտում և ըմբռնումով ենք մոտեցել գործող իշխանության ընդունած մարտավարությանը և չենք փորձել ավելորդ ճնշումներ բանացնել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է զոհվածներին, ապա նա ասաց, որ զոհվածները բոլորի անդառնալի կորուստն են, բոլորի ցավը: «Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին բոլոր կողմերը հասկանալու են, որ բոլոր կողմերն էլ զոհ են եղել բռնատիրությանը, և մասնավորապես զոհվածների ընտանիքները, հարազատները շուտով ևս այս կարծիքին կլինեն. ես հույս ունեմ»,-ասաց նա և նշեց, որ ինչպես վարչապետն է ասել, պետք է երկխոսել:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը