Քաղաքական

27.07.2018 02:30


Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ, լրացված)

Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ, լրացված)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»,- գրված է հաղորդագրությունում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

***

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք էր առաջադրել, և միջնորդություն ներկայացրել` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, ովքեր մուտք են գործել դատական նիստերի դահլիճ, հայտնել են, որ Քոչարյանը դատական նիստի մասին չի ծանուցվել ու, ամենայն հավանականությամբ, չի ներկայանա դատական նիստին:

Երկրորդ նախագահի փաստաբանների կարծիքով՝ ամենայն հավանակությամբ, կալանավորման որոշում չի կայացվի, իրենք էլ կմիջնորդեն, որպեսզի դատական նիստը հետաձգվի:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Սահմանադրական դատարանի որոշումն է եղել, որը ճանաչել է ընտրությունների օրինականությունը և դա վերջնական է: Ինձ մինչև այս կարգի մեղադրանք առաջադրելը, առնվազն պետք է ԿԸՀ կեսը արդեն բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են, և հանցանք են գործել որոշում կայացնելուց: Առնվազն Սահմանադրական դատարանի վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք է լինեին, լուծումներ, պատիժներ և այլն»,-ասել է Քոչարյանը:

***

Նիստն ընդմիջվել է երկու ժամով։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն ասել է, որ այդ ընթացքում ՀՔԾ-ն պետք է ծանուցի նրան, որպեսզի մասնակցի նիստին։

***

Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա հուլիսի 27-ին, ժամը 11-ին։

Այս մասին «Ազատությանը» հայտնեցին երկրորդ նախագահի փաստաբանները: Նրանք համոզմունք հայտնեցին, որ Քոչարյանը չի խուսափի և վաղը կներկայանա դատարան։

Այս խորագրի վերջին նյութերը