Լրահոս

09.02.2011 10:20


Արտակ Բեգլարյանի պատասխանը ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին

Արտակ Բեգլարյանի պատասխանը ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին

««Հարգելի Արտակ Բեգլարյանի հրապարակումը՝ մարդկայնորեն որքան էլ հասկանալի եւ հուզիչ, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների»:

Հարգելի Պարոն Բալայանը խոսում է հրապարակման մարդկայնորեն հուզիչ ասպեկտի մասին, այնինչ ես երբեք չեմ էլ ակնկալում խղճահարություն ստեղծելու միջոցով ճանապարհ հարթել իմ կրթության ու կյանքի ընթացքի համար: Տվյալ պարագայում ավելորդ է հուզվել, դրա փոխարեն պետք է մտածել, թե ինչու՞ է խախտվել օրենքը և ով է պատասխանատու դրա համար: ԱԳՆ կառավարման խորհրդի իրավական որոշումը ընդունվել է առանց որևէ օրինական հիմնավորման: Դիվանագիտական դպրոց դիմելու գործընթացը կարգավորող որոշումը ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի 121 որոշումն է, որտեղ ամրագրված սահմանափակումներից և ոչ մեկը չի համապատասխանում ինձ: Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի մեջ նշված են աչքի վարակիչ հիվանդություններ և տեսողության շեղում. դրանցից և ոչ մեկով ես հիվանդ չեմ: Այսպիսով, այդ օրենքին հղում անել ԱԳՆ-ը չի կարող ու չի էլ արել:

«Իրականությունը հետեւյալն է. ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ՝ հավասար պայմաններ ապահովելու սահմանափակ կարողություններով քաղաքացիների ոչ միայն կրթության, այլեւ ընդունելության եւ ավարտական գրավոր քննությունների համար:»

Հետաքրքիր է, ԱԳՆ-ում հստակորեն տեղյա՞կ են, թե ինձ համար ինչ անհրաժեշտ պայմաններ են պետք քննություն տալու և դասընթացներին մասնակցելու համար: Առանց ինձնից հարցնելու, թե ինչի կարիք հնարավոր է ունենամ քննության ժամանակ, նրանք ինչպե՞ս որոշեցին,որ հնարավոր չէ անհրաժեշտ պայմանները ստեղծել: Ի գիտություն ԱԳՆ-ի՝ ինձ անհրաժեշտ էր լինելու միայն մեկ համակարգիչ (եթե իհարկե չուզենային բանավոր կամ բռայլյան համակարգով վերցնեին քննությունները», ընդ որում, ես պատրաստ էի իմ դյուրաշարժ համակարգիչը տանել: Սա քննությունների հանձնման արդեն փորձված միջոց է ինձ մոտ: Վերջիվերջո, իրենց պատկերացրած պայմանների բացակայությունը թույլ չի տալիս նրանց միակողմանիորեն մերժել դիմումս ընդունելու: Քանի դեռ ես պատրաստ էի նույնիսկ սուղ պայմաններում ուսանել, ապա նրանք պարտավոր էին գոնե դիմումս ընդունել: Մի՛ մոռացեք, որ իմ նախորդ կրթությունն էլ եմ ստացել սովորական պայմաններում ու չեմ բողոքել դրանից: Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում, բոլոր չտեսնողները պետք է նստեն տանը՝ սպասելով մի գեղեցիկ օր այդ հրաշալի պայմանների ստեղծմանը:

«Հարկ է հաշվի առնել նաեւ, որ դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ՝ բառի ակադեմիական իմաստով, այլ՝ պրակտիկ մասնագիտացված հաստատություն, որի նպատակն է ԱԳՆ կադրերի՝ դիվանագետների պատրաստումը, իսկ դիվանագիտական ծառայությունն իր բնույթով, ինչպես զինվորական ծառայությունը, ունի որոշակի սահմանափակումներ:»

Այո՛, սովորական կրթոջախ չէ ու ունի սահմանափակումներ: Բոլորս էլ գիտենք, որ նմանատիպ սահմանափակումները սահմանվում են իրավական նորմերով: Այն որ իմ կարգավիճակը և առողջական վիճակը չեն մտնում վերոնշյալ որոշմամբ հաստատված սահմանափակումների մեջ, ինձ թույլ են տալիս պնդելու, որ իմ իրավունքները խախտվել են առանց որևէ իրավական հիմքի: Ի հավելում ասեմ, որ իմ տեղեկություններով դիվանագիտական դպրոցում այնպիսի հատուկ վարժություններ ու սեմինարներ չկան, որոնք անհասանելի կլինեն իմ կուրության պայմաններում:

«Մարդկայնորեն խորապես հասկանալի հույզերի հաշվին շահարկումներն արդարացված չեն:»

Ոչ այդքան անհրաժեշտ պայմանների բացակայության հիմնավորմամբ օրենքի ու քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարումը արդարացված չէ:

Եկե՛ք տարբերակենք միջազգային հարաբերությունների ու դիվանագիտական կրթությունը դիվանագիտական ծառայությունից: Ես պահանջում եմ կրթության իրավունքիս հարգում և իրացում»:

Արտակ Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը