Քաղաքական

12.11.2018 17:51


Աշոտյան. «Իմ թիվ 1 խորհուրդը հարգելի Հրաչին՝ մի՛ կրկնիր իմ, Շարմազանովի և այլոց սխալները»

Աշոտյան. «Իմ թիվ 1 խորհուրդը հարգելի Հրաչին՝ մի՛ կրկնիր իմ, Շարմազանովի և այլոց սխալները»

Այսօր լրագրողները ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարող ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին փոխանցեցին ՔՊ անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքերը, որ ընդդիմության կարգավիճակում տեսնում են նաեւ «Լուսավոր Հայաստանին», «Մենք» դաշինքին, Աշոտյանը պատասխանեց, որ Հրաչյա Հակոբյանը չունի քաղաքական կյանքի մեծ փորձ, երիտասարդ տարիքում տարբեր գործընթացների շնորհիվ դարձել է պատգամավոր, դեռ «եփվելու» շանս ունի. «Իմ թիվ 1 խորհուրդը հարգելի Հրաչին՝ մի՛ կրկնիր իմ, Շարմազանովի եւ այլոց սխալները: Թույլ մի՛ տուր, որ ուրիշները այդ սխալները կրկնեն: Չափից ավելի մեծ գոռոզամտությունը, մեծամտությունը, ամբարտավանությունը, որը երբեմն շփոթում եք հպարտության եւ արժանապատվության հետ, որեւէ լավ բանի չի բերում»:

Ըստ Աշոտյանի, գուցե ՔՊ-ն արջի ծառայություն է փորձում մատուցել ԼՀ-ին՝ գովելով, բայց հասարակությունն էլ է հասկանում՝ «Լուսավոր Հայաստանն» ի՞նչ ընդդիմություն, եթե Նիկոլ Փաշինյանի բարեկամը նրան գովում է: Նա ասաց, որ ՀՀԿ-ն փորձելու է տանել բովանդակային քարոզարշավ, չեն պիտակավորելու մյուսներին, ՀՀԿ-ն միակն է, որ կարող է բովանդակային օրակարգ առաջարկել, որը կլինի այլընտրանք: Մեր հարցին՝ դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը շռնդալից աճ էր խոստանում, այս 6 ամսում աճ չենք նկատել, բայց ՔՊ-ից ասում են, որ մենք դեռ ՀՀԿ-ի 20 տարվա աղբն ենք մաքրում, դեռ փորձում են տարանջատել՝ ատամի խոզանակն ինչու է դրված կոշիկի խոզանակի մոտ, տնտեսական խնդիրներին դեռ կանդրադառնան՝ Աշոտյանն արձագանքեց. «Եթե իրենք քաղաքական հիգիենայի պրոբլեմներ ունեն, ապա վստահ պետք է լինեն, որ ՀՀԿ-ն, ի դեմս ինձ եւ իմ գործընկերների, հիգիենայի պրոբլեմներ ընդհանրապես չունենք: Երկրորդ՝ եթե իրենք պետք է ասեին, ժողովուրդ, մենք դեռ 20 տարի պետք է մաքրենք այսպես կոչված ախոռը, ապա թող չխոստանային ոսկե սարեր, բարձր թոշակ, աշխատավարձ, իրենք եկել են իշխանության այլ խոստումով: Իրենք բոլոր բարդ խնդիրներին խոստանում էին հեշտ լուծումներ, ասում էին՝ Սաշիկը 50-50 է, կարմիր գծերը հանելու ենք, տեսախցիկները պետք է վերացնենք, բյուջեն 800 մլն-ով կավելացնենք, ձեր կենսամակարդակը կբարձրանա: Ժողովուրդ, մենք գիտենք, որ իրենք սուտ են ասում, էս մեր խեղճ ժողովուրդը չգիտեր: Ժողովուրդը, հոգնած լինելով եւ իշխանություններից, ե՛ւ ամեն ինչից՝ մտածում էր, որ կա փրկիչ: Փրկիչ չկա եւ չի կարող լինել, որովհետեւ փրկիչը մի անգամ եկել է, շանսը տվել է փրկելու, գնացել է»:

Ըստ Աշոտյանի, մնացածը խորամանկություն է, Փաշինյանը հիմա տեսնում է շաբաթ-շաբաթ գահավիժող իր վարկանիշը, դրա համար ընտրությունները բերեց դեկտեմբեր, հիմա անգամ Փաշինյանի մոլի երկրպագուներն են քննադատում նրա մտքերը, մասնավորապես, վերջին արտահայտությունը, որ երկրում կա «800 հազար պորտաբույծ»:

Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանը նզովքի կենթարկվի, եթե ժողովրդի հույսերը չարդարացնի:

***

ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Աշոտյանը ասաց. «Իմ քայլը պետք է դադարի օգտագործել պետական ռեսուրսը՝ իրենց ուզած արդյունքը ընտրություններին ստանալու համար: Տնաշեննե՛ր, ձեզ պետք չի 85 տոկոս, ի՞նչ եք անում, դուք հո Նիկոլ բաշի չե՞ք սարքելու: Եթե ձեզ պետք է 2/3 ըստ Սահմանադրության, 85 տոկոս խի՞ եք հավաքում, ի՞նչ եք անելու, ոչ կրեդիտ քարտի վրա եք կարողանալու գցել, ոչ տուն եք տանելու, իմաստը ո՞րն է 85 տոկոսի վրա աշխատել: Պատահական չեմ ասում 85 տոկոսը, իրենք այդպիսի ցուցանիշ են ակնկալում»: Մեր դիտարկմանը, որ ժամանակին դուք էլ էիք ուզում 80 տոկոս «խփեիք»՝ Աշոտյանն արձագանքեց. «Մենք մեր սխալների բեռը մեր ուսերի վրա տարել ենք, ծանրությունը մինչեւ հիմա կրում ենք: Մենք մեր սխալների պատճառով, երբեմն սխալ ընկալվածության պատճառով տուժել ենք, մենք էլ իշխանություն չենք, պրծ, քըխ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չի, գնացել ենք: Եկել է իշխանություն, որն ասում է, որ ես ավելի լավն եմ, ես մազեր ունեմ, կապուտաչյա եմ, գո՛րծ արեք, ժողովուրդ…Իշխանության կարիքը ընդդիմության մեջ է լինելու, ԼՂ հարցով հանկարծ տոտալ իշխանություն ունեցող մարդուն դեմ տան լուծում, ինքը չի կարողանալու ասել՝ ժողովուրդը չի թողնի, պրոբլեմ է ունենալու: Ինքը այնպիսի տպավորություն է ստեղծել, որ էս ժողովուրդը առավոտը հելնում է իր անունը շուրթերին, գիշերը «Հայր մերի» փոխարեն «Նիկոլ մեր» է ասում»:

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը