Մեկնաբանություն

21.11.2018 15:21


Որքա՞ն կդիմանա «Իմ քայլը» դաշինքը (տեսանյութ)

Որքա՞ն կդիմանա «Իմ քայլը» դաշինքը (տեսանյութ)

Հետսովետական Հայաստանի խորհրդարանական առաջին ընտրությունները տեղի ունեցան 1995-ին: Այդ փուլից սկսած մեր քաղաքական կյանքում ներմուծվեց քաղաքական դաշինքների «ինստիտուտը»:

Հատկանշական է, որ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշինքները մշտապես փլուզվել են: Փլուզվել են, քանզի ձևավորված են եղել ոչ թե գաղափարի կամ ընդհանուր սկզբունքների, այլ տվյալ պահին ուժեղ կուսակցության կամ անհատի շուրջ:

Հետմայիսյան Հայաստանը զերծ չի մնացել դաշինքային «մոդայից», բայց ի տարբերություն նախորդ դեպքերի, երբ դաշինքի անդամ կուսակցությունների անունները կամ դրանց լիդերները հանրությանը գոնե ծանոթ էին՝ այժմ այդպես չէ:

Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով: Դաշինքի անդամ են «Քաղաքացիական պայմանագիրը», «Առաքելությունը», ճամբարափոխներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու մյուս տեղերից:

«Առաքելություն» կուսակցությանն ակնհայտորեն ներգրավել են, որպեսզի դաշինք գրանցեն, այսինքն՝ բավարարեն օրենքի այն պահանջը, ըստ որի՝ դաշինք ձևավորվում է 2 կամ ավելի կուսակցությունների միջոցով:

Ինչ-ինչ քաղտեխնոլոգիական կամ հոգեբանական գործոններից ելնելով՝ Փաշինյանը որոշել է ընտրողների առաջ հանդես գալ ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, այլ «Իմ քայլը» անունը կրող դաշինքով: «Առաքելությունն» այստեղ կնիքի ֆունկցիա է կատարում:

Պատմական էքսկուրս

Տեղին է հիշելը, թե ինչպես են ավարտել քաղաքական դաշինքները, մասնավորապես՝ իշխանականներն իրենց գործունեությունը:

Իշխանական բոլոր դաշինքները փլուզվել են, հենց որ առաջին դեմքը զիջել է դիրքերը:

1995-ին իշխանությունը ԱԺ ընտրություններին մասնակցեց «Հանրապետություն» անունը դաշինքով: Դաշինքի անդամ էին՝ ՀՀՇ, ՀՀԿ, ՀՔԴԿ, ՍԴՀԿ, ՌԱԿ, «Մտավորական Հայաստան» կուսակցությունները:

1998-ին «Հանրապետություն» դաշինքը փլուզվեց, երբ պարզ դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացվում է նախագահի պաշտոնից: Տեր-Պետրոսյանին լքածները հայտնվեցին Վազգեն Սարգսյանի թիմում՝ ԱԺ «Երկրապահ» խմբում:

1999-ին խորհրդարանական մեծամասնությունը վերցրեց «Միասնություն» դաշինքը: Դաշինքի մեջ էին Վազգեն Սարգսյանի ՀՀԿ-ն ու Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ն:

1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում գնդակահարվեցին Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը: Դրանից հետո «Միասնություն» դաշինքը փլուզվեց:

Սկսած 2003-ից իշխանությունը ԱԺ ընտրություններին մասնակցել է ՀՀԿ-ի անվան տակ: ՀՀԿ-ն պաշտոնյաների, չինովնիկների, կրիմինալի, քաղաքական գործիչների, պալատական մտավորականների ու փողատերերի դաշինք էր: Դա հետսովետական տարածքում տիպիկ դարձած «իշխանության կուսակցություն» էր:

2018-ի հայտնի դեպքերից հետո ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը և բաժանվեց մասերի:

ՀՀԿ-ական ոչ ֆորմալ դաշինքը փլուզվեց: Մի մասը հայտնվեց Փաշինյանի տանիքի տակ, մյուս մասը՝ շուտով դուրս կգա ու կփորձի քաղաքական դաշտում ներկայանալ այլ անվան տակ, երրորդ մասը՝ գնացել է տուն, չորրորդ մասը մնացել է «կուլտուրական ձևով ներխուժման» տակ ու վախից սսկվել, իսկ հինգերորդ մասը մասնակցում է ԱԺ արտահերթ ընտրություններին:

. . .

Բոլորի կանխատեսումներով՝ դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կվերցնի ԱԺ մեծամասնությունը և վարչապետ կդառնա Նիկոլ Փաշինյանը:

Որքա՞ն կդիմանա Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը որպես իշխանություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը