Հարցազրույց

22.11.2018 13:16


Կրկնվում է այն պրակտիկան, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Կրկնվում է այն պրակտիկան, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Իհարկե տհաճ է, որ վարչական ռեսուրսի կիրառման մեղադրանքներ են հնչում այն ուժի կողմից, ով տարիներ շարունակ այդ պրակտիկան կիրառել է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, միևնույն ժամանակ նշելով՝ այո՛, հաճելի չէ, որ այսօր այդ պրակտիկան ինչ-որ չափով կիրառվում է գործող իշխանությունների կողմից։

«Ազատություն». - Նոյեմբերի 26-ից մեկնարկում է նախընտրական քարոզչությունը, սակայն արդեն Հանրապետական կուսակցությունը բարձրաձայնում է, որ վարչական ռեսուրս է կիրառվում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից։ Գիտեք՝ նա հավաքներ է անցկացնում մարզերում։ Հաշվի առնելով, որ նաև ամսի 24-ին Նիկոլ Փաշինյանը Երևանում բոլոր վարչական շրջաններում երթ է անցկացնելու, արդյո՞ք սա կարելի է դիտարկել որպես նախընտրական քարոզչություն՝ ժամկետից շուտ և նաև վարչական ռեսուրսի չարաշահում, ինչի մասին խոսում է Հանրապետականը։

Վարուժան Հոկտանյան. - Մի քիչ իհարկե տհաճ է, որ դրա մասին խոսում է Հանրապետականը, որն այս նույն պրակտիկան կիրառում էր։ Դա իհարկե հաճելի երևույթ չէ, երբ որ ինչ-որ չափով դա կրկնվում է նաև հիմա։

«Ազատություն». - Դուք նո՞ւյնպես կիսում եք, որ դա վարչական ռեսուրսի չարաշահում է։

Հոկտանյան. - Այստեղ երկու բան պետք է իրարից տարանջատել՝ եթե նայում ենք վարչական ռեսուրսի միջազգայնորեն ընդունված չափանիշներով, այո՛, դա վարչական ռեսուրսի չարաշահում է, նաև միջազգային չափանիշներով, երբ որ արդեն նախագահի հրամանագրով ընտրությունների օրը նշանակվում է, դրանից հետո՝ այդ ժամանակահատվածում երբ որ այդպիսի բաներ արվում են, դա նույնպես համարվում է, ընկալվում է վարչական ռեսուրսի չարաշահում։ Ուղղակի հայաստանյան օրենսդրությամբ վարչական ռեսուրսի չարաշահում հստակ սահմանված չէ, վարչական ռեսուրս կոնցեպցիան չկա մեր Քրեական կամ Վարչական իրավախախտումների օրենսգրքում, բայց ընդհանրապես դրան առնչվող հանցագործությունները, զանցանքները՝ մի մասը, ոչ լրիվ, իհարկե, այդ օրենսգրքերով պատժելի են միայն նախընտրական քարոզչության ժամանակ։ Նախկինում, օրինակ, Հանրապետականը երբ որ դա անում էր, մենք էլ դրա մասին նշում էինք, իրենք ասում էին, որ «քարոզչությունը դեռ չի սկսված, հետևաբար վարչական ռեսուրսի խախտում, չարաշահում չկա»։ Այստեղ դրա համար պետք է հասկացվի, թե մեր նոր իշխանությունները ինչքանով են մտադիր միջազգային չափանիշներով առաջնորդվել։

«Ազատություն». - Դուք դիտարկում եք, որ միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահում տեղի ունեցել է։ Իսկ քարոզչություն սա կարելի՞ է դիտարկել։

Հոկտանյան. - Հենց դրա մասին էի ես ասում. նույն հանրապետականները՝ նախագահը կամ վարչապետն այն ժամանակ երբ որ այցելում էին մարզեր և ասում էին՝ «մենք այնտեղ հանդիպել ենք մարդկանց հետ», քանի որ իրենք չեն ասել՝ «գնացեք և քվեարկեք Հանրապետական կուսակցության օգտին», ապա «դա քարոզչություն չէ»։

«Ազատություն». - Իսկ Դուք սա դիտարկո՞ւմ եք քարոզչություն։

Հոկտանյան. - Ես դիտարկում եմ հետևյալը՝ միակ բանը, որն ինձ իսկապես այնքան էլ չուրախացրեց, մեղմ ասած, դա այն է, որ կրկնվում է այդ պրակտիկան, ինչ որ հանրապետականների ժամանակ, այս իմաստով։

Այս խորագրի վերջին նյութերը