Մեկնաբանություն

03.12.2018 12:09


Ապագա խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ է (տեսանյութ)

Ապագա խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ է (տեսանյութ)

Արդեն այս շաբաթվա վերջում տեղի կունենա ԱԺ կազմի ձևավորման արտահերթ քվեարկությունը:

Անկախ այն հանգամանքից, թե զուտ օրենքի տառի տեսանկյունից ինչպես կանցնեն ընտրությունները, կարող ենք ասել, որ ապագա խորհրդարանի լեգիտիմությունը լուրջ կասկածի տակ է և ահա թե ինչու:

Ինչպես հայտնի է, ապրիլ-մայիսին հայտարարվել էր, որ պետք է փոխվեն Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքը ու միայն դրանից հետո պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները: Չի՛ արվել:

Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ կարևորություն էր տալիս ընտրողների մատնահետքերը ֆիքսող միասնական համակարգի ներդրմանը, որպեսզի բացառվեն կրկնաքվեարկությունները: Չի՛ արվել:

Ի դեպ, այդ փոփոխությունների իրականացման պարտավորությունը կա նաև Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրում:

Սերժ Սարգսյանին Փաշինյանը քննադատում էր նաև այն բանի համար, որ նա սուպերվարչապետական լիազորություններ է իրեն վերագրում օրենսդրությամբ, մասնավորապես՝ անձամբ իրեն ենթարկեցնելով ուժային կառույցները և ՀՀ նախագահի ձեռքից վերցնելով սահմանադրական լիազորությունները: Փաշինյանի խոսքի ենթատեքստն ու պաթոսն այնպիսին էր, որ եթե իշխանությունը փոխվի, ապա այդ սուպերվարչապետական լիազորությունները կվերանայվեն: Չի՛ արվել:

Ապագա խորհրդարանի ոչ լեգիտիմության մյուս հիմքերից է այն, որ «Իմ քայլի» մեծամասնություն վերցնելու դեպքում (գրեթե կասկած չկա, որ այդպես է լինելու), իշխող ուժի պատգամավորները ներկայացնելու են ոչ թե հանրությանը, այլ Նիկոլ Փաշինյանին: Պատգամավոր դառնալու համար «Իմ քայլի» ներկայացուցիչները պարտական են լինելու ոչ թե հանրությանը, այլ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես որ Երևանի ավագանու անդամների ճնշող մեծամասնությանը երևանցիների մեծ մասը նույնիսկ դեմքով կամ անունով չի ճանաչում, այնպես էլ չի ճանաչում «իր» պատգամավորներին, որոնց օգտին քվե է տալու:

Փաշինյանն այս ընտրությունները վերածել է իր անձի ընտրության, իսկ պատգամավորության թեկնածուները գոյություն չունեն և խորհրդարան են անցնելու Փաշինյանի ստվերի տակ: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի վարկանիշային անկումը (դեկտեմբերի 9-ից հետո անկումը տեսանելի է դառնալու անգամ իր մոլի երկրպագուների համար) ուղղակիորեն հարվածելու է նաև ԱԺ-ին, որը «իքս» պահից սկսած կդառնա ոչ լեգիտիմ, քանզի ոչ թե իշխանության առանձին ճյուղ է, այլ Փաշինյանի կցորդ: Խորհրդարանի վարկանիշն ուղիղ համեմատական է լինելու Փաշինյանի վարկանիշին, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու շատ կարճ ժամանակ անց:

Թող զարմանալի չթվա, բայց այն ուժերը, որոնց ներկայացուցիչները կանցնեն խորհրդարան ավելի լեգիտիմ են լինելու, քան «Իմ քայլի» որևէ պատգամավոր, քանզի մյուս ուժերի ներկայացուցիչներին հանրությունը ճանաչում է ու հաստատ իրենց է ձայն տվել, իսկ ահա «Իմ քայլին» ձայն են տալու Փաշինյանի «խաթեր»: Ահա այդ «խաթրի» պատճառով էլ ապագա խորհրդարանի լեգիտիմությունը լուրջ կասկածի տակ է հայտնվում:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Երբ ամերիկյան ներխուժումից հետո Աֆղանստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, պատգամավորության թեկնածուներին ցույց չէին տալիս հանրությանը: Հիմնավորումն այն էր, որ նրանք կարող են դառնալ ահաբեկիչների թիրախներ:

Ահա այդպես ամերիկյան զորքի ժողովրդավարական հայացքի ներքո աֆղանստանցիները քվեարկում էին այն մարդկանց օգտին, որոնց նկարն անգամ չէին տեսել:

Աշխարհաքաղաքական շահերից ելնելով այդ ընտրությունները միջազգային հանրության կողմից լեգիտիմ ճանաչվեցին, բայց բոլորն էլ հասկանում էին, որ դա կապիկություն էր:

Մեզ մոտ հիմա գրեթե նույն պատկերն է: «Իմ քայլին» ձայն տվողների մեծ մասը չգիտի անգամ այդ դաշինքի պատգամավորացուների 99 տոկոսի անունը: Բայց Նիկոլի «խաթեր» համար քվեարկելու են: Իսկ երբ այդ «խաթրի» լիմիտն ավարտվի, ինչպիսի՞ խորհրդարան ենք ունենալու:

Այս խորագրի վերջին նյութերը