Լրահոս

12.03.2010 09:43


Հայաստանը մասնակցում է Բեռլինի ITB-2010 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է ITB-2010 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին, որն ամեն տարի կազմակերպվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

Այս տարի Հայաստանի մասնակցությունն ապահովում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը' զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում: ITB-2010 ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է կազմակերպիչների և տեղական 12 զբոսաշրջային ընկերությունների համատեղ ջանքերով: Մասնակիցների թվում են. Արմենիա Թրավել+Մ, Արմեն տուր, Արմինտուր, Արմինիուս, Արքայադուստր Մանե, Էլիտար Թրավել, Էյ Բի Փի տուր, Լևոն Թրավել, Նուեվա Վիստա, Ջեոգրաֆիք Թրավել, Սաբերատուր Սևան և Վիզավի տուր ընկերությունները: Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Գերմանիան զբոսաշրջության զարգացման տեսանկյունից Եվրոպայի չորս կարևորագույն շուկաներից մեկն է, և մրցունակության հիմնադրամն աշխատանքներ է տանում Հայաստանի մասին գերմանացի զբոսաշրջիկների իրազեկության բարձրացման ուղղությամբ:

Մասնավորապես, համագործակցություն է հաստատվել Kaus Media Services մարքեթինգի ոլորտում մասնագիտացած գերմանական ընկերության հետ: Ընկերության անմիջական մասնակցությամբ ցուցահանդեսի ընթացքում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ' հայաստանյան ուղղությունները գովազդելու նպատակով:

Այս տարի Հայաստանը ITB ցուցահանդեսին կմասնակցի արդեն 10-րդ անգամ' ներկայացնելով երկիրը որպես հարուստ ժառանգությամբ աչքի ընկնող զբոսաշրջավայր: ITB զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսն այս ոլորտի խոշորագույն իրադարձություններից է, որին ներկա են գտնվում ավելի քան 11 000 մասնակիցներ, շուրջ 200 000 այցելուներ, ինչպես նաև 11 100 ընկերություններ 187 երկրներից և տարածաշրջաններից:

ITB-2010 ցուցահանդեսը մեկնարկել մարտի 10-ին եւ կաշխատի մինչեւ մարտի 14-ը:

Այս խորագրի վերջին նյութերը