Մեկնաբանություն

16.12.2018 11:34


Փաշինյան-Ալիև. «պասերով» խա՞ղ, թե՞ սուսերով պար

Փաշինյան-Ալիև. «պասերով» խա՞ղ, թե՞ սուսերով պար

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը գրեթե միաժամանակ թվիթերյան իրենց էջերում անդրադարձան Ղարաբաղի թեմային: Դա ակնհայտորեն կոորդինացված «թվիթ» էր:

«2019 թվականը նոր թափ կհաղորդի խնդրի կարգավորմանը»,-գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Փաշինյանը մի փոքր այլ ռակուրսով էր անդրադարձել թեմային. «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»:

Փաշինյանի ու Ալիևի գրեթե միաժամանակյա «թվիթը» հուշում է, որ կա արտաքին մոդերատոր կամ էլ՝ այս ամենը նրանց ուղղակի և անուղղակի բանակցությունների արդյունք է: Բանակցություններ, որոնց մասին Փաշինյանը խուսափում է խոսել, բայց որոնք բավական ինտենսիվ են: Այնքան ինտենսիվ, որ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը գոհունակություն է հայտնում հայաստանցի իր կոլեգայի հետ բանակցություններից, Ալիևն էլ, ելույթ ունենալով Բաքվում տեղի ունեցող միջոցառումներից մեկում, խոսում է այն մասին, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար:

Ադրբեջանում գոհ են գործընթացներից, իսկ մեզ մոտ անորոշություն է ու կասկածներ: Փաշինյանն ակնհայտորեն փորձում է թաքցնել այն, ինչը կա ու քանի որ նրան հատուկ է մեկ բան ասելն ու լրիվ այլ բան անելը, ինչպես նաև սեփական տեսակետը 180 աստիճանով փոխելը, ուստի՝ հասկանալի է, թե ինչու են առաջանում կասկածներ և ինչու է խորանում անորոշությունը:

Ուշագրավն այն է, որ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, թե ինքը Ղարաբաղի հարցով չի բանակցելու, քանզի դա պետք է անի Ղարաբաղի իշխանությունը, բայց մյուս կողմից բանակցում է ու միջամտում է Ղարաբաղի ներքին գործերին:

Ուշագրավ է նաև այն, որ Փաշինյանը հակամարտության կարգավորման նպատակ է դնում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Նրա «թվիթում» խոսք չկա Ղարաբաղի ինքնորոշման մասին: Սա ևս մեկ անգամ հուշում է, որ Փաշինյանը բանակցում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակներում: Այսինքն՝ այն ծրագրի, որի մասին ակնարկեց Բոլթոնն իր տարածաշրջանային այցի ընթացքում: Այդ ծրագրից փաստացի դուրս է մղված ՌԴ-ն, ինչը չի կարող չնյարդայնացնել Մոսկվային: Դա է պատճառը, որ Կրեմլից Փաշինյանը ստացավ զրո արձագանք խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ՀԱՊԿ անդամ մյուս երկրները չնկատեցին Փաշինյանի հաղթանակը, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սեմերիկովի շնորհավորական ուղերձը, մեղմ ասած, թույլ էր: Այսինքն՝ փաշինյանական Հայաստանը յուրայինների մեջ օտարի կարգավիճակ ունի, իսկ օտարների մեջ էլ յուրային է այնքանով, որքանով, որ կարող է բավարարել նրանց աշխարհաքաղաքական շահերը:

Ռուսները ցույց են տալիս, որ դեմ են «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ամերիկյան ծրագրին: Դրան դեմ է նաև Իրանը և պատահական չէ, որ այնտեղից Փաշինյանի ներքաղաքական հաղթանակը նույնպես սառը վերաբերմունքի արժանացավ (պարսիկները միայն ընտրություններից 3 օր անց շնորհավորեցին Փաշինյանին, այն էլ՝ արտգործնախարարության ներկայացուցչի միջոցով):

«Բոլթոնի պլանը» պայթեցնելու համար էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի անկեղծացումը: 5 շրջանների ու Սերժ Սարգսյանի պահվածքի մասին նրա խոսքերն անուղղակիորեն վերաբերում էին Փաշինյանին: Լուկաշենկոյի հայտարարության նպատակն ակնհայտ էր՝ ցույց տալ, որ ՀՀ նախորդ իշխանությունը չի համաձանել «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին: Այսինքն՝ եթե Հայաստանի նոր իշխանությունը համաձայնի դրան, ապա դա կնշանակի, որ «թավշյա հեղափոխության» բուն նպատակը հենց դա է եղել:

Մի շարք գործոններ համադրելով՝ կարող ենք ենթադրել, որ Լուկաշենկոյի շուրթերով հանդես էր գալիս Կրեմլը և կոնկրետ «մեսիջներ» հղում Փաշինյանին: Իսկ այն, որ վերջինս հենց «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակներում է ներգրավված բանակցային գործընթացի մեջ և դեմ չէ այդ բանաձևին, երևում է մի քանի ինդիկատորներով՝

1. Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ով ստացել է վերսահմանադրական կարգավիճակ և ակնհայտորեն մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների կայացման վրա, ներգրավված է, այպես կոչված, խաղաղասիրական գործընթացում:

2. Հայկական բանակում որևէ էական քայլ չի արվել այս ընթացքում մեր մարտունակության բարձրացման ու սպառազինության արդիականացման ուղղությամբ (մարտական ինքնաթիռների ձեռքբերման անոնսը արժանացել է մասնագիտական շրջանակների խիստ քննադատությանը, քանզի հակառակորդի ՀՕՊ համակարգը թույլ չի տալու այդ ինքնաթիռներին նույնիսկ մոտ գալ այն տարածքներին, որտեղ դրանք մարտական առաջադրանք պետք է կատարեն):

3. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունները տարբեր են: Ադրբեջանը խոսում է ստանալիքից, իսկ Հայաստանը՝ խաղաղությունից:

4. Ակնհայտ է արտաքին մոդերատորի դերակատարումը: Բոլթոնի այցը բացահայտեց «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ծրագիրը, որի նպատակը Իրանն է, գործիքները՝ Ադրբեջանն ու Հայաստանը, գինը՝ Ղարաբաղը, ռազմավարական թիրախը՝ Ռուսաստանը:

Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման փաթեթը հենց որ պատրաստ լինի, ինքը կբերի հրապարակ ու եթե ժողովուրդը որոշի, որ դա լավն է, ապա ինքը ևս կողմ կլինի դրան: Այս մոտեցումը ամբոխավարության դրսևորում լինելուց բացի, վտանգավոր է, քանզի ժողովուրդը հրապարակում չի կարող Ղարաբաղի հարցը վճռել: Տպավորություն կա, որ այդ ձևով մի կողմից փորձ է արվելու խուսափել պատասխանատվությունից, մյուս կողմից՝ «ժողովրդի անունից» ինչ-որ բան փաթաթել նույն այդ ժողովրդի վզին:

Դատելով ամենից՝ Փաշինյանի համար իսկական գլխացավանք է Ղարաբաղի հարցը: Նրա կարծիքով՝ ճիշտը տեսակետ չհայտնելն է, բայց դրա արդյունքում նախաձեռնությունը վերցրել է Ալիևը:

Փաշինյանը չգիտի՝ «պասերո՞վ» խաղալ Ալիևի հետ, թե՞ սուսերը հանել ու խաչել այն նրա հետ: Իսկ միգուցե ա՞յլ տարբերակի հետ գործ ունենք:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը