Մեկնաբանություն

16.12.2018 13:22


Երբ աղվեսի քիթը չի հասնում խաղողին ...

Երբ աղվեսի քիթը չի հասնում խաղողին ...

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ շնորհավորանք չստացավ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներից: Շնորհավորեց, անձնական երջանկություն ու քաջառողջություն մաղթեց միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը. դիվանագիտական լեզվին տիրապետողները շատ լավ հասկանում են, թե սա իրականում ինչ է նշանակում:

Փաշինյանը շնորհավորանքի փոխարեն ստացավ գազի գնին վերաբերող ոչ այնքան հաճելի լուր ՌԴ-ից ու «կծող» խոսքեր Լուկաշենկոյից, իսկ Ղազախստանն ու Տաջիկստանը աջակցեցին Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, այսինքն՝ այդ առումով էլ ցույց տվեցին, որ Հայաստանը մենակ է մնացել ՀԱՊԿ-ում, ինչը ուրախանալու առիթ չի տալիս մեզ:

ՀԱՊԿ և ԵԱՏՄ տիրույթում Փաշինյանի, այն է՝ Հայաստանի մոտ, մեղմ ասած, խնդիրներ կան: Որքան էլ նա փորձեց 180 աստիճանով փոխել իր տեսակետները և հաճոյանալ Պուտինին, միևնույն է բան չստացվեց, քանզի ներքաղաքական քայլերն ու Ղարաբաղի թեմայով բոլթոնյան պլանով շարժվելը չէր կարող ռեակցիա չառաջացնել այն անվտանգության դաշինքում, որի անդամ է ՀՀ-ն:

Հիմա ստացվել է շատ աննախադեպ վիճակ: ՌԴ-ն ռազմաբազա ունի Հայաստանում և դա միակն է տարածաշրջանում, բայց ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև կա դասակարգային անտոգոնիզմ: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը խորացրեց այդ անտոգոնիզմը և Փաշինյանը ՀԱՊԿ ակումբում, հասկանալի պատճառներով, դարձավ «իզգոյ», իսկ դա վնասում է Հայաստանի ու Արցախի շահերին:

Հենց այդ անտոգոնիզմն է նաև պատճառը, որ Մոսկվան ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի շուրթերով դիվանագիտական հարվածներ էր հասցնում Երևանին, ինչը պետք է մտահոգիչ լինի, քանզի տարածաշրջանային լարվածությունը մեզ պետք է ստիպի դաշնակիցներ գտնել, այլ ոչ թե եղածն էլ կորցնել ու Ադրբեջանին հնարավորություն տալ ՀԱՊԿ տիրույթում առավելության հասնել մեր նկատմամբ, ու դա այն դեպքում, երբ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ:

Կարո՞ղ ենք արդյոք մենք, օրինակ, ՆԱՏՕ-ում առավելության հասնել Թուրքիայի նկատմամբ կամ Իսլամական երկրների կոնֆերանսում՝ Ադրբեջանի: Չե՛նք կարող: Բայց արի ու տես, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանը Բելառուսի ու Ղազախստանի ձեռքերով կարողանում է Հայաստանին հարվածներ հասցնել և օգտվելով մեր սխալներից՝ նաև խորացնել ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Սա մտորելու տեղիք պետք է տա ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիներին:

Ահա այս ամենի ֆոնին է, որ ՀԱՊԿ անդամներից շնորհավորանքներ չի ստանում Փաշինյանը: Ու տեսնելով, որ բան չի ստացվում՝ իմքայլականները որոշել են քարոզել, թե բա ավելի լավ, որ ՀԱՊԿ անդամները չեն շնորհավորում, քանի որ մենք ժողովրդավարական ենք, իսկ ահա նրանք՝ ավտորիտար: Ինչպես ասում են՝ համապատասխան սրտի անհամապատասխան մխիթարանք:

«Մեզ պետք չէ Պուտինի, Նազարբաևի, Լուկաշենկոյի շնորհավորանքը: Ավելի լավ, որ չեն շնորհավորում, քանզի նրանք վատն են, իսկ մեր Նիկոլը՝ լավը»,-սոցիալական ցանցերում գրում են Փաշինյանի թիմակիցները: Սա այն դեպքն է, երբ, ժողովրդական լեզվով ասած՝ աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է:

Փաշինյանենք իրականում ամեն ջանք գործադրել են, որ Մոսկվայից արձագանք հնչի, սակայն ստացել են Զախարովայի «շուլուխը»:

Երբ փորձ է արվում արտաքին քաղաքականության լրջագույն ձեռքբերում ներկայացնել Փաշինյան-Պուտին գրկախառնված նկարը, ինչպես նաև առ Լուկաշենկոն ուղղված Փաշինյանի խոժոռ հայացքը ֆիքսող կադրը, ապա ստանում ենք այսպիսի «թավշյա» բաներ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը