Մեկնաբանություն

18.12.2018 13:07


Շատ մի ատեք, սիրել կա և հակառակը (տեսանյութ)

Շատ մի ատեք, սիրել կա և հակառակը (տեսանյութ)

Հայաստանում հետընտրական զարգացումներ են, բայց մի քիչ այլ ոճի: Ոչ թե ընդդիմությունը ավանդաբար բողոքում է, որ իշխանությունը կեղծել է ընտրության արդյունքները (կեղծիք, իհարկե, եղել է, բայց բողոքող չկա), այլ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը կռվում են իրար դեմ՝ ապացուցելու համար, թե ով է եղել ավելի հեղափոխական հեղափոխության օրերին և ով է ավելի ճիշտ քաղաքական ուժ: Նրանք նաև մեղադրում են իրար «Միշիկի մարդ» և «Քոչարյանի մարդ» լինելու համար: Տեսարանը զվարճալի է:

Նիկոլ Փաշինյանին, բնականաբար, ձեռնտու է այս կռիվը: Թե ինչու է ձեռնտու, կարիք չկա բացատրելու:

Այդ կռվից չեն շահում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ «Լուսավոր Հայաստանը»: Բայց դա իրենց ընտրությունն է: Կռվում են, թող կռվեն: Մեզ մնում է միայն մի երկու բան հիշեցնել ու մի երկու խորհուրդ տալ նրանց և ոչ միայն նրանց:

Քաղաքական «դեժավյու»

ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի լեզվակռիվը «դեժավյու» է:

Կար մի ժամանակ, երբ իրար հետ կռվում էին Արթուր Բաղդասարյանը և Արտաշես Գեղամյանը: Կռվի թեման Ծառուկյանի ու Մարուքյանի կռվի թեմայից ձևով մի քիչ տարբեր էր, բայց բովանդակությամբ՝ նույնը: Այն օրերին կռվում էին, թե ով է ավելի ընդդիմադիր և ով է հանդիսանում Սերժ Սարգսյանի դրածոն կամ հաճախորդը: Հիմիկվա տարբերությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը կռվում են խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ ահա Բաղդասարյանն ու Գեղամյանը՝ ընտրություններից առաջ:

2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից (այլ տարբերակ նա չուներ) և հայտարարեց, որ դառնում է ընդդիմություն:

Այն ժամանակ դեռևս շատերի համար չբացահայտված ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ Բաղդասարյանը կեղծ ընդդիմություն է:

Նրանց լեզվակռիվը տեղափոխվեց հեռուստատաղավար: Հաղորդման ժամանակ Բաղդասարյանն ու Գեղամյանը միմյանց մեղադրում էին Սերժ Սարգսյանին ծախված լինելու և կեղծ ընդդիմություն խաղալու մեջ (տե՛ս 1-ին տեսանյութը):

Ինչպես ժամանակը ցույց տվեց, երկուսն էլ ճիշտ էին: Այդ հեռուստաբանավեճից տարիներ անց Արտաշես Գեղամյանը հայտնվեց Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի ցուցակում, իսկ այդ հեռուստաբանավեճից ամիսներ անց Արթուր Բաղդասարյանը կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ ու նշանակվեց ԱԽՔ-ի պաշտոնում:

Մենք ոչինչ չենք ակնարկում «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»: Պարզապես հիշեցնում ենք ոչ վաղ անցյալի պատմությունը:

Ի դեպ, մի ժամանակ իրար հայհոյում էին նաև Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը (տե՛ս 2-րդ տեսանյութը): Մեկը մյուսին համարում էր Սերժի պրոյեկտ ու հաճախորդ: Պատկերացրեք, որ երկուսի ասածների մեջ էլ ճշմարտություն կար: Եվ ի՞նչ: Իրար հայհոյողներին շատ չանցած նստացրեցին մի սեղանի շուրջ: Ու քանի որ կյանքը կարճ է, իսկ սոցիալ-տնտեսական պայմանները՝ ծանր, ուստի երեկվա հայհոյողները հանգստացան, բարիշեցին ու ստացան «Ելք» դաշինքի կնիքը՝ Բ26-ի աջակցությամբ հայտնվելով ԱԺ-ում: Հետո տեղի ունեցավ իշխանափոխություն և արտաքին մոդերատորի բացակայությունը հանգեցրեց Մարուքյանի ու Փաշինյանի ճանապարհների բաժանման: Մարուքյանը «քցվեց» Նիկոլից (ճակատագրի հեգնանքով՝ Նիկոլի համար Էդմոնն էր պատգամավորական բրոքերություն արել) ու հիմա այլ ճար չունի, քան «դեմոկրատական ընդդիմություն» խաղալը և ԲՀԿ-ի դեմ կռիվ տալը:

Ասելս այն է, որ Հայաստանում ոչ մեկ ոչ մեկի «մարդը» չէ: Գաղափարազուրկ այս դաշտում քաղգործիչներն առաջնորդվում են իրենց անձնական շահերով ու այսրոպեական հաշվարկներով: Բայց ինչպես կյանքն է ցույց տալիս, երեկվա թշնամիները դառնում են բարեկամներ, իսկ բարեկամները՝ թշնամիներ: Այնպես որ՝ շատ մի ատեք, սիրել կա և հակառակը:

Այսօր իրար վրա փորձում եք ցեխ շպրտել՝ «Ռոբերտի մարդ» կամ «Միշիկի մարդ» պիտակավորումներով, իսկ վաղը կարող է հազար թուման ու նաև «ուրիշ բան» տաք, որպեսզի արժանանաք նույն այդ մարդկանց ընդունելությանը կամ հպանցիկ հայացքին և, միևնույն ժամանակ, յութուբներից ջնջեք այն կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես եք պաշտպանում Նիկոլ Փաշինյանին ու ողջունում հեղափոխությունը:

Ինչպես սիրում էր կիթառ նվագելիս ասել Հրանտ Բագրատյանը՝ մի՛ վռազեք:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու և պայքարում էր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի դեմ: Վերջինս, բնականաբար, հաղթեց ճիշտ այնպես, ինչպես հիմա այդ տարածքում հաղթում են իմքայլականները՝ Նիկոլ Փաշինյանի օրենսդիր աներձագի գլխավորությամբ:

Մինչև հաղթելը Լֆիկն իր թիմակիցներին հրահանգել էր բառիս բուն իմաստով թքել Նիկոլ Փաշինյանի ու նրա փոքրաթիվ կողմնակիցների վրա: Լֆիկի լավաշը կերածները, բնականաբար, չէին կարող չկատարել նրա հրահանգ-խնդրանքը: Նիկոլին չէին թողնում 2012-ին քարոզարշավ անցկացնել Մալաթիայում (տե՛ս 3-րդ տեսանյութը):

Ի՞նչ իմանային Լֆիկ Սամոն ու Նիկոլը, որ գալու է մի պահ, երբ Լֆիկը ջանք, եռանդ ու միջոց չի խնայելու՝ Նիկոլին դուր գալու, նրա աներձագին ու թիմակիցներին պատգամավոր դարձնելու, Նիկոլի անունով օղի ծախելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էլ գովազդելու է Լֆիկ Սամոյին պատկանող «Ալեքս տեքստիլի» արտադրանքը:

Հ.Գ.-2: Մալաթիայում Լֆիկ Սամոյի կողմնակիցները 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլում շան լափ էին թափում Նիկոլ Փաշինյանի գլխին ու ինքնամոռաց պաշտպանում էին Լֆիկին: Հիմա այդ նույն զանգվածը դարձել է «Նիկոլի վկա»: Սա էլ ձեզ «ժողովրդի վարչապետի» անցած ուղուց մի դրվագ:

Ուշագրավն այն է, որ Նիկոլն այդ մարդկանց գրգռելու ու նյարդայնացնելու համար ասում էր, թե իրենցից ստանալու է 70 տոկոս ձայն, իսկ նրանք ասում էին, որ զրո ձայն է ստանալու: Նիկոլն իրոք 2012-ին գրեթե զրո ձայն ստացավ Մալաթիա համայնքում, բայց այդ նույն զանգվածը 2018-ին 70 տոկոս ձայն է ապահովել Նիկոլի համար՝ բնականաբար, Լֆիկի գործուն միջամտությամբ: Սա էլ ձեզ ժողովրդի սիրելիի կամ ատելիի մասին հեքիաթները: Այսօր ատելի ես, վաղը կարող ես սիրելի դառնալ և հակառակը:

Նիկոլն այսօր հենվել է երեկ Լֆիկին պաշտող 70-տոկոսանոց զանգվածի վրա: Իսկ դա շատ վտանգավոր է առաջին հերթին իր համար:

Մյուս տեսանյութերն առաջարկում եմ դիտել որպես «չարազ»: Հետաքրքիր կլինի հետհայացք նետելը:

Այս խորագրի վերջին նյութերը