Լրահոս

15.03.2010 17:22


Լիլիթ Գալստյան. «Դա կենտրոնապաշտության հերթական արտահայտությունն է»

Լիլիթ Գալստյան. «Դա կենտրոնապաշտության հերթական արտահայտությունն է»

Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը, ով խորհրդարանում միշտ աչքի է ընկնում քաղաքաշինության վերաբերյալ իր հայտարարություններով ու ընդվզումներով, «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու մտքին, ասել է, թե ինքը եկեղեցի կառուցելու դեմ խոսելու բարոյական կաշկանդվածություն ու անհարմարավետություն ունի. «Առհասարակ ինձ համար անքննելի են հոգևորի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ առնչվող երևույթները։ Բայց երբ անաչառ ու անկողմնակալ հայացքով նայում եմ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու և տեղում եկեղեցի կառուցելու Մայր Աթոռի  մտադրությանն ու կառավարության հապշտապ որոշմանը, դժվարանում եմ ձայնս չմիացնել ծրագրի դեմ ընդվզողների ձայնին»։

-Իհարկե, ժամանակին բոլշևիկների կողմից Պողոս-Պետրոս եկեղեցու, ինչպես և շատ եկեղեցիների քանդումը, տվյալ հոգևոր-մշակութային շերտի վերացումը եղկելի ու դատապարտելի իրողություն էր։ Բայց  չեմ կարծում, որ այսօրինակ լուծումով արդարության վերականգնման կամ հոգևոր խնդիր ենք լուծում։ Եթե անգամ սեփականատերը հոժարակամ տրամադրում է տարածքը, այն պետության կողմից պահպանվող ճարտարապետական հուշարձան է, և խնդիրը պետք է դիտարկել համակողմանիորեն՝ թե՛ քաղաքաշինական, թե՛ մշակութային, թե՛ հոգեբարոյական տեսանկյունից։  

Եթե առաջնորդվում ենք հավատացյալների հոգևոր պահանջների ու Աստծո տանը մոտ լինելու սկզբունքով, ապա մայրաքաղաքի փոքր կենտրոնում հինգ հրաշալի եկեղեցիներ ունենք, որոնք միմյանցից կես կմ են հեռու, առավել նպատակահարմա՞ր է արդյոք այլ համայնքներում եկեղեցու կառուցումը։ Քաղաքաշինական իմաստով խիստ լարված մի միջավայր է ընտրված, որը թույլ չի տալու իր ողջ հմայքով և պատշաճ միջավայրով ապահովել կառուցվելիք եկեղեցու գործառույթները։ Առանց այն էլ խիտ կառուցապատման արդյունքում մայրաքաղաքի կենտրոնը հայտնվել է տրանսպորտային ու էկոլոգիական անլուծելի խնդիրների առաջ։

Իր հոգևոր-մշակութային նշանակությամբ ամառային դահլիճը մեր մայրաքաղաքի մշակութային կյանքի մի մասնիկն է կազմում, ճարտարապետական մի արժեք, որը պետության կողմից արդարացիորեն պահպանվում էր։ Եվ վերջապես չի կարելի առաջնորդվել բոլշևիկների մեթոդաբանությամբ՝ այլ բան կառուցելու համար մշակութային շերտ վերացնել։ Առանց այն էլ մայրաքաղաքի կենտրոնից անվերադարձ սրբեցինք անցյալ դարասկզբի ամբողջ ճարտարապետական դիմագիծը։

Ի վերջո, կառույցը մշակութային ֆունկցիա է իրականացնում, և եթե մեր կառավարությունը դեռ հավատարիմ է Երևանը մշակութային կենտրոն դարձնելու ու գավառամտության դեմ պայքարելու իր հայտարարություններին, ապա հիշենք, որ այդ նույն դահլիճում հրաշալի դասական փառատոններ են կազմակերպվել, և մայրաքաղաքը նաև համերգասրահ ունենալու լուրջ խնդիր ունի։

Պատգամավորն ասել է, թե անընդունելի է նաև կառավարության հապշտապ որոշումը. այդօրինակ հարցերը նախ հասարակական քննարկման առարկա պիտի դառնան, ինչն օրենքի պահանջ է, պիտի հաշվի առնվի նաև մասնագիտական կարծիքը։

«Այս իմաստով արդարացի է ճարտարապետների ընդվզումը»,-ասել է Լ. Գալստյանը։

-Այնուամենայնիվ, եթե եկեղեցի կառուցելու գումար է հայթայթվել, շատ ավելի գերադասելի պիտի լիներ, որ այն տրամադրվեր մեր մշակութային ժառանգության այն տասնյակ գոհար կոթողներին, որոնք պարզապես կանգնած մեռնում են նորոգման ու վերանորոգման միջոցներ չտրամադրելու պատճարով,-նշել է Լիլիթ Գալստյանը՝ ավելացնելով, թե ինքը տպավորություն ունի, թե դա կենտրոնապաշտության հերթական արտահայտությունն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը