Լրահոս

15.03.2010 18:32


Գազի սակագների թանկացման հեռանկարը Գյումրիում հասարակական մեծ դժգոհության տեղիք է տվել

Ապրիլի 1-ին գազի գների թանկացման հեռանկարը Գյումրիում հասարակական մեծ դժգոհություն է առաջացրել: Շատերը մտավախություն ունեն, որ գազի սակագնի բարձրացման հետ զուգահեռ կաճեն նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ինչը սոցիալական ծանր կացության մեջ կդնի աղքատության շեմին գտնվող գյումրեցիներին:

Հավանաբար վերոհիշյալ հանգամանքն է ստիպել շատ գյումրեցիների, անկախ քաղաքական հայացքներից, միանալ գազի սակագների դեմ ՀԱԿ-ի կազմակերպած ստորագրահավաքին։ ՀԱԿ-ի Գյումրու տարածքային կառույցից հավաստիացնում են, որ վերջին օրերին օրական հարյուրավոր քաղաքացիներ են գրասենյակ դիմում և ստորագրություն տալիս գազի սակագների թանկացման դեմ:

Քաղաքացիները, որոնք մեր այցելության պահին գտնվում էին ՀԱԿ-ի գրասենյակում, հիմնականում թոշակառուներ էին, որոնք մտահոգված էին, որ իրենց թոշակով այլևս հնարավոր չի լինի գոյատևել: Նրանցից շատերը հույս չունեն, որ սույն բողոքի ակցիան ինչ-որ օգուտ կտա, սակայն, այնուամենայնիվ, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում:

«Սոցիալական վատ վիճակի պատճառով ենք եկել, գազի գների բարձրացումն ավելի է վատացնում դրությունը: Ամեն ինչ թանկանալու է, առանց  այդ էլ ապրանքներն ահագին թանկացել են, իսկ ապրիլի 1-ից հետո գներն ահավոր կբարձրանան: Իրենց օգուտների համար են թանկացնում»,- ասում է Գյումրու բնակիչ Ավետիք Սանոյանը:

Իսկ թոշակառու Պարգև Խաչատրյանը գազի սակագների թանկացման պատճառ է համարում օլիգարխիկ տնտեսությունը. «Քանի դեռ օլիգարխներն ու իշխանությունն իրար հետ համատեղ աշխատում են, ամեն ինչն էլ կթանկանա: Հիմա գազի թանկացման դեմ բողոքելու եմ եկել: Ժողովուրդն էլ տեղ չունի, կառավարությանը հարցրեք՝ 20 հազար դրամ թոշակով գազի, լույսի փող տա՞մ, թե՞ հաց ուտեմ»,- հարցնում է Պարգև Խաչատրյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը