Մեկնաբանություն

17.01.2019 22:25


«Թավշյա» երջանկության 3 բանալիները (տեսանյութ)

«Թավշյա» երջանկության 3 բանալիները (տեսանյութ)

Հայաստանում շատ են եղել պաշտոնյաներ, որոնք «թևավոր» մտքեր են արտասանել, և այդ մտքերը «կպել» են նրանց ու պոկ չեն եկել՝ դառնալով նրանց այցեքարտը:

Ընդհանրապես, խելոք բաները շատ ավելի քիչ են հիշվում ու տարածվում, քան ախմախությունները, քանզի խելոք մտքերը սիրում են լռություն, իսկ ախմախությունները՝ աղմուկ:

Խելոք մարդիկ համեստ են և սիրում են արդյունքներով ապացուցել իրենց ճշմարտացիությունը, իսկ ժողովրդի սիրելիներն անգերազանցելի են միայն ձայները գլուխները գցելու և ոչինչ չանելու գործում, ավելի ճիշտ՝ «թևավոր» մտքեր դուրս տալով:

Ի դեպ, «թևավոր» մտքեր հրապարակ նետելու հարցում նոր իշխանություններն անգերազանցելի են: Ամեն մի օրը հումորային հաղորդման կամ հոգեբուժարանի նյութ է տալիս: Բայց ուրախանալ պետք չէ, քանզի դրանց ազդեցության օբյեկտը ՀՀ քաղաքացին է:

Քայլարածները չգիտեն, որ լեզուն չի կարելի է այդպես դաժանաբար շահագործել, իսկ ուղեղը մարդուն տրված է, որպեսզի խոսելուց առաջ մտածի, իսկ որոշների դեպքում՝ չխոսի նույնիսկ մտածելուց հետո:

Քա՛յլ արա, ավտոյիդ կարկասը վերացրո՛ւ

Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ մի միտք է հայտնում, հետո 100 հոգի հավաքվում են ու չեն կարողանում գլուխ հանել: Դա, անշուշտ, նրանից է, որ Փաշինյանը տարբերվում է շատերից: Նա ժողովրդի սիրելին է ու ամեն ինչ գիտի:

Նա, օրինակ, գտել է մեր երկրում ահռելի փոփոխությունների հասնելու ձևերը և մեր երկրի գլխավոր խնդիրները: Դրանք պայմանականորեն կարելի է անվանել ««Թավշյա» երջանկության 3 բանալիներ»:

Ըստ Փաշինյանի՝ եթե մեր երկրում 3 բան փոխվի գոնե վիզուալ մակարդակում (այսինքն՝ վարչապետի աչքին դրանք չերևան), ապա կարելի է ասել, որ մենք կկառուցենք մեր երազների Նյու Վասյուկին կամ մեր սրտի պետությունը:

Այդ 3 բաներն են՝

1. աղբը, որը համատարած է (փաստորեն, Փաշինյանն իր շուրջբոլորը նայում ու աղբ է տեսնում, և դժվար է նրա հետ չհամաձայնելը),

2. «բուդկաները», որոնք ակնհայտորեն նյարդայնացնում են ժողովրդի վարչապետին,

3. հին ավտոմեքենաների կարկասները, որոնք մարդկանց բակերում տարիներով մնում են:

Հերիք է՝ դրանք վերանան, և վերջ, մենք առաջընթաց կարձանագրենք: Մոտավորապես այնպես, ինչպես տխրահռչակ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատկերացրած կովերի պտուկները կթելուց առաջ գոլ ջրով լվանալով կամ 160.000-դոլարանոց բիոզուգարան (ընդ որում՝ չաշխատող) Հայաստանում տեղադրելով:

Աղբը, «բուդկաները» և երկաթյա նժույգների հին կարկասները էսթետիկական առումով, իրոք, հաճելի չեն, բայց հավաստիացնում ենք, որ մեր երկրի առաջին երեք խնդիրները դրանք չեն: Դրանք խնդիրների հետևանքներն են:

Դատելով մեր երկրում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական ու հասարակական զարգացումներից, վարվող արտաքին քաղաքականությունից, ինչպես նաև քաղաքական էլիտայի մտածելակերպից, մեր երկրի թիվ մեկ խնդիրը ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ է:

Բանակում, անվտանգության համակարգում, տնտեսության մեջ, դատաիրավական համակարգում և մյուս բոլոր ոլորտներում առկա խնդիրների լուծումը պետք է սկսել ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ:

Վերաձևակերպելով Ռասելի ձևակերպումը՝ կարող ենք ասել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը տգիտությունն է: Տգիտությունն է ծնում աղքատություն, պետության թուլություն և պարտություն:

Կրթությունը մեր երկրի համար պետք է հայտարարվի ռազմավարական թիվ մեկ ուղղությունը: Մեր մանկապարտեզները, դպրոցները, բուհերը, փաստորեն, հսկայական քանակի հիվանդ մտքեր ու դեբիլներ են արտադրում: Հետո այդ մտքերով ու դեբիլիզմով տառապող հիվանդները մտնում են տնտեսություն, քաղաքականություն ու հասարակական կյանքի այլ ոլորտներ և սպառնալիք դառնում մեր երկրի համար:

Մեզանում բազմաթիվ միֆեր ու հիվանդ գաղափարներ են շրջանառվում: Ու ցավն այն է, որ այդ միֆերը և հիվանդ գաղափարները փորձ է արվում կյանքի կոչել, ու միայն փորձանքի հանդիպելուց հետո է մեր ժողովուրդը տեսնում, որ սխալվել է: Ու ցավն այն է, որ շատ հաճախ մեր իսկ սխալներից հետևություններ ու ճիշտ եզրահանգումներ չենք անում: Իսկ եզակի ճիշտ քայլերը չենք գնահատում ու մեր խնդիրների լուծման բանալիները դրսում ենք փնտրում:

Մի խոսքով, պետք է սկսել ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ: Իսկ միգուցե դրանից էլ շուտ:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Մի հայտնի փիլիսոփայի յոթ տարեկան երեխայի ծնողը հարցնում է, թե երբ կարող է նրա մոտ տանել որդուն, որպեսզի նրան փիլիսոփան նախնական կրթություն տա: Փիլիսոփան հետաքրքրվում է, թե քանի տարեկան է երեխան:

«Յոթ»,- պատասխանում է ծնողը: «Յոթ տարի, 9 ամիս ուշացրել ես»,- ասում է փիլիսոփան:

Այս խորագրի վերջին նյութերը