Մեկնաբանություն

31.01.2019 11:13


Յուրայիններին՝ պարգևավճար, մյուսներին՝ «լայվ» ու դատ

Յուրայիններին՝ պարգևավճար, մյուսներին՝ «լայվ» ու դատ

Պարգևավճարները վաղուց բաժանվել են ու ծախսվել, բայց թեման դեռ տաք է։

Պարգևավճարներ նախկինում էլ են եղել, բայց աղմուկ չի եղել։ Ներկայիս աղմուկի պատճառն այն է, որ հսկայական տարբերություն կա ընդդիմադիր աշխատած Նիկոլ Փաշինյանի ու վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի միջև։ Հսկայական է նաև Փաշինյանի թիմակիցների մինչհեղափոխական ու հետհեղափոխական կյանքերի տարբերությունը։ Այդ կոնտրաստն է, որ փոթորկել է շատերի հոգիները։

Շատերը հիմա մտածում են, որ եթե իրենք քայլել են, «գըմփ–գըմփ–հո՛ւ» են արել, փողոց են փակել, վանկարկել են հայտնի կարգախոսը և «դուխով» գլխարկ կրել, ապա պետք է ապրեն այն մարդկանց պես, որոնք այդ ամենի արդյունքում դարձան իշխանություն։ Բայց չէ՞ որ այդպես չի կարող լինել։

Հրապարակում հավաքվածներին նիկոլենք ներշնչել էին, իսկ մեծ մասն ինքնաներշնչվել էր, որ բոլորը հավասար են։ Հիմա ներշնչվածներից ու ինքնաներշնչվածներից շատերը տեսնում են, որ ոմանք ավելի հավասար են դարձել։ Տեսնում են ու կատաղում՝ «Մենք պայքարենք, սրանք լավ ապրե՞ն» ոչ հռետորական հարցադրման շրջանակներում։

Փաշինյանն ու իր շրջապատը դարձել են իրենց նախկին կյանքի զոհը։ Նախկինում ասված ամեն մի խոսք ու բառ բումերանգի պես վերադարձել է և ամենօրյա ռեժիմով հարվածում է քայլարածներին։

Հիմա արդեն ահագին մարդ տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «Յուրայիններին՝ պարգևավճար, մյուսներին՝ ֆեյսբուքյան «լայվ» ու դատ» սկզբունքով։

Եթե նկատել եք, պարգևավճարների թեմայով հիմնականում բողոք են բարձրացնում նրանք, ովքեր պաշտպանում էին Փաշինյանի իշխանությանը կամ առնվազն լոյալ էին։ Սրանք այլ թեմաներով լուռ էին, բայց հենց իմացան, որ միլիոնավոր դրամների պարգևավճար է եղել, աչքերի մեջ արյուն լցվեց։

Լյումպեն–պրոլետարիատը չի տեսնում փաշինյանական իշխանության վտանգավոր սխալները մեր երկրի անվտանգության, մասնավորապես՝ Արցախին վերաբերող գործընթացներում, բայց տիեզերական աղմուկ բարձրացրեց պարգևավճարների թեմայով։

Ասենք, որ նմանատիպ աղմուկների առիթներ դեռ շատ են լինելու։ Արդյունքում՝ Փաշինյանը վարկանշային կորուստ է ունենալու ինչպես լուրջ (այս հատվածում նա շատ ցածր վարկանիշ ունի), այնպես էլ լյումպենական շրջանակներում։ Թե ինչպիսին կլինի այդ անկումը՝ կտրո՞ւկ, թե՞ մեղմ, կախված է իրենից ու ԱԺ–ից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացներից։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Պարգևավճարների մասով լուր տարածվեց, որ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին բերման են ենթարկել «Իմ քայլը» խմբակցություն։ Այդ լուրն, ի դեպ, տարածեց Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը»։

Մի կողմ թողնելով «Իմ քայլը»–Անանյան դուելի շոու մասը նկատենք, որ Փաշինյանն իր դեստրուկտիվ էությունը տեղափոխել է պետական կառավարման համակարգ։

ՊԵԿ ղեկավարին «բերման ենթարկել» պարգևավճարների թեմայով, մեկ գրչի հարվածով կրճատել ՊԵԿ աշխատակիցներին, բայց մյուս կողմից էլ հայտարարել, որ ՊԵԿ–ը պետք է ապահովի բյուջեի մուտքերն ու «լևի» փող չառնի, նշանակում է քանդել համակարգը։

Հարցն այն չէ, որ հարկայինում պետք է «լևի» փող լինի։ Բնականաբար, պետք է չլինի։ Բայց այդ դեպքում չինովնիկներին պետք է նորմալ աշխատավարձ տալ ու նաև՝ պարգևավճար (այդ պարգևավճարները պետք է լինեն հիմնավորված, այլ ոչ թե հիմիկվա պես, երբ հասկանալի չէ, թե որ արժանիքների ու որ աշխատանքի դիմաց է պարգևատրվում այս կամ այն չինովնիկը)։ Փաշինյանը, թերևս, սա կամաց–կամաց հասկանում է, բայց քանի որ ինքը դեստրուկտիվ մարդ է և իր ընտրազանգվածը լյումպեն–պրոլետարիատն է, ուստի փորձում է և՛ այս կողմին, և՛ այն կողմին դուր գալ, բայց արդյունքում օտարվում է և՛ այս կողմի, և՛ այն կողմի համար։

Այս խորագրի վերջին նյութերը